
Ինչու է դոլարը թանկանում
Ամերիկյան 1 դոլարի վաճառքի գինը Հայաստանի բանկերում այսօր՝ ժամը 15:30-ի դրությամբ, հասել է մինչև 494 դրամի, իսկ առքը՝ 490 դրամի:
Վերջին օրերին և հատկապես այսօր դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ բարձրացել է: Ժամը 15:00 դրությամբ, ըստ rate.am-ի, առևտրային բանկերում ԱՄՆ դոլարը գնվել է առավելագույնը 484-490 դրամով և վաճառվել է՝ 492-494 դրամով:
Ըստ Կենտրոնական բանկի քիչ առաջ հրապարակած տվյալների՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 487.85 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 3.52 դրամով:
Տնտեսագետ Հայկ Մնացականյանի խոսքով՝ դոլարի փոխարժեքի բարձրացման վրա այսօր էապես ազդում են բնակչության սպասումները: Այստեղ նաև սպեկուլյատիվ խնդիրներ կան: Փոխարժեքի առուվաճառքով զբաղվող անձինք, ըստ նրա, նման իրավիճակներում սկսում են լուրեր տարածել, որ առաջիկայում փոխարժեքն էլ ավելի է բարձրանում, որն էլ դրդում է մարդկանց գնալ ու դոլար գնել: Այսպիսով, դոլարի նկատմամբ պահանջարկը բարձրանում է, դրան զուգահեռ բարձրանում է նաև գինը:
«Ըստ էության՝ բրոկերները, այս հոգեբանական գործոնի վրա հիմնվելով, սպեկուլյացիոն գործողությունների են դիմում: Առաջինը հենց իրենք են հասարակության մեջ հանդես գալիս հայտարարություններով, որ փոխարժեքը բարձարանալու է՝ ստեղծելով այդ սպասումները: Մարդիկ էլ, մտածելով, որ դոլարը ավելի է բարձրանալու, շտապում են դոլար ձեռք բերել, որն էլ հանգեցնում է դոլարի գնի բարձրացմանը: Ու թեև այդ տատանումը լինում է կարճաժամկետ` այդ ընթացքում սպեկուլյատորները հասցնում են մեծ գումարներ աշխատել»:
Տնտեսագետը բնակչությանը խորհուրդ է տալիս սառը դատել ու համբերել՝ հավելյալ չնպաստելով դոլարի բարձրացմանն ու դրամի արժեզրկմանը: «Մեզ մոտ իրավիճակը կայուն է, պետք չէ սրել: Ունենք կայուն ֆինասնական համակարգ, և մեր բանկերը բավականին կապիտալացված են»,- նշեց Հայկ Մնացականյանը:
Հաջորդ գործոնները, որոնք ազդում են դոլարի փոխարժեքի վրա, համաշխարհային տնտեսությունից եկող ազդակներն են: «Համաշխարհային շուկայում նավթի գնանկման ազդեցությունն արդեն իսկ զգացվում է մեր փոխարժեքի վրա: Քանի որ նավթի հիմնական առևտուրը տեղի է ունենում դոլարով, նավթի գների անկումը հանգեցնում է դոլարի արժևորմանը տարբեր արժույթների նկատմամբ: Դա էլ իր արտացոլումն է գտնում Հայաստանի շուկայում՝ փոխարժեքների վրա, բայց ոչ այն չափով՝ որքան այն երկրների արժույթների, որոնք զբաղվում են նավթի արդյունահանմամբ և առևտրով, օրինակ՝ Ռուսաստանի: Նրանց մոտ տնտեսությունը կենտրոնացված է նավթի վաճառքից ստացվող եկամուտների վրա»,- «Հետքի» հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Նա դիտարկում է նաև այլ գործոններ, որոնք ևս տեսականորեն կարող են ազդել դրամի փոխարժեքի վրա՝ տնտեսական, ֆինանսական և քաղաքական բնույթի: Դրանց թվում են գնաճը, վերաֆինանսավորման տոկոսադրույքը, երկրի վճարային հաշվեկշիռը: Սակայն, դրանցից և ոչ մեկի մասով վերջին շրջանում էական փոփոխություններ չեն գրանցվել, որոնք կարող են արտացոլվել դրամի վարքագծի վրա:
«Կան հիմնական գործոններ, որոնք առաջնահերթ ազդեցություններ են թողնում փոխարժեքի վրա: Դրանցից առաջինը սղաճն է՝ գնաճը: Հայաստանում Կենտրոնական բանկը նպատակադրել է 4 % գնաճ, սակայն փետրվարին ունեցել ենք 0.1 % գնանկում: Այսինքն՝ գնաճի գործոնը բացառվում է: Մյուս գործոնը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Երբ Կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա ազդում է փոխարժեքի վրա: Բայց այստեղ էլ փոփոխություններ չունենք: Երրորդ կարևոր գործոնը վճարային հաշվեկշիռն է, որն ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման տարբերությունն է ցույց տալիս: Այն Հայաստանում երկար տարիներ բացասական է, և, ըստ էության, կտրուկ ոչ մի փոփոխություն չունենք, որը կարող է ազդել մեր փոխարժեքի վրա»,- ասաց տնտեսագետը:
Նա նկատում է, որ այսօր կորոնավիրուսի հետ կապված ֆորսմաժորային իրավիճակներն ազդում են տարբեր երկրների փոխարժեքների վրա: Դրան էլ գումարվում են բնակչության սպասումները, ու փոխարժեքի տատանումներն ավելի են մեծանում. «Հենց չնչին փոփոխություն է լինում, միանգամից գալիս է հոգեբանական պահը՝ սպասումը, որն էլ բերում է փոխարժեքի ավելի էական տատանումների: Օրինակ՝ վերջին օրերին նավթի գների անկումը ֆորսմաժորային իրավիճակ առաջացրեց, ու ռուսական ռուբլին արագ արժեզրկվեց դոլարի նկատմամբ»:
Դոլարի փոխարժեքի բարձրացման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև Կենտրոնական բանկից: Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը նշեց, որ ԿԲ-ն չի մեկնաբանում փոխարժեքի տատանումը:
Մեկնաբանել