HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Expand The Extraordinary»․ ServiceTitan միջազգային ստարտափի նոր արշավի մեկնարկը Հայաստանում

«Expand The Extraordinary» կամ ընդլայնելով անսովորը՝ ServiceTitan միջազգային տեխնոլոգիական ընկերության նոր արշավն է։ Ընկերությունը 3 հիմնական նպատակ ունի՝  նպաստել այլ երկրներում ապրող ՏՏ ոլորտի մասնագետների Հայաստան վերադարձին, ապահովել մասնագիտական աճ թիմի անդամների համար և իրականացնել կրթական ծրագրեր՝ նոր մասնագետներ պատրաստելու համար:

Արշավի մեկնարկը Երևանում տրվել է մարտի 11-ին։ Ընկերությունը պատրաստվում է տարբեր երկրներում ներկայացնել Հայաստանում ՏՏ ոլորտի արագ զարգացումն ու դրան զուգահեռ ընկերության՝ Հայաստանում ստեղծված աշխատանքային հնարավորությունները։

Մարտի 9-ին ServiceTitan-ն արդեն եղել է Գերմանիայում՝ Բեռլինում։ Ընկերության համահիմնադիր Վահե Կուզոյանը ներկաներին պատմել է, թե ինչպես են համահիմնադիր Արա Մահդեսյանի հետ, ստեղծել unicorn ստարտափ, որն այժմ ունի մոտ 1000 աշխատակից (Unicorn եզրույթով նկարագրում են ստարտափները, որոնք գնահատվում է $1 մլրդից ավել)։ Խոսել են Հայաստանի ու արագ զարգացող ՏՏ էկոհամակարգի մասին, ներկայացրել Հայաստան վերադառանալու և թիմին միանալու հնարավորությունները։

Երևանյան միջոցառման ժամանակ Վահե Կուզոյանը ևս մեկ անգամ անդրադարձավ Հայաստանում գրասենյակ բացելու և ավելի լայն տարածում ունենալու մասին։

ServiceTitan ընկերությունն ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ (ջրամատակարարում կամ ջրահեռացում, էլեկտրականության սպասարկում և վերանորոգում, ավտոտնակների դռների և բարձր լարման օդորակիչների սպասարկում) իրականացնող ամերիկյան ընկերություններին։ Ընկերությունը հիմնադրվել է 2008թ․-ին։

Ընկերության միջազգային գործառնությունների և ռազմավարության գլխավոր պատասխանատու Վաչ Հովսեփյանը հանդիպման ընթացքում նշեց, որ մեկ տարի առաջ Հայաստանում բացել են գրասենյակ՝ ունենալով միայն ծրագրավորողների փոքր թիմ։ Հետագայում ստացել են դրական արձագանք ԱՄՆ-ի գրասենյակից ու որոշել մտածված քայլերով ընդլայնել ծավալները։

«Անցած տասնամյակում Հայաստանից դուրս են եկել ՏՏ ոլորտի մասնագետներ, որոնց մի մասը հեռացել է աշխատավարձի ցածր լինելու, մի մասն էլ մասնագիտական աճ չունենալու պատճառով։ Սկսված արշավը հնարավորություն է տալիս տեղեկացնել փոփոխությունների ու աշխատանքային նոր հնարավորությունների մասին»,- նշեց Հովսեփյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում գրասենյակ բացելու հիմնական նպատակներից մեկը որակյալ մասնագետներ ունենալն էր, որոնք ունեն ստեղծագործ մտքեր ու կարող են առաջարկել նոր գործիքակազմ ու ծրագրային լուծումներ։ Ընկերությունը մեկ տարվա ընթացքում 50 նոր թիմակից ունի, պլանավորում են մինչև այս տարվա ավարտը ունենալ ևս 100 աշխատակից։

Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աշոտ Տոնոյանն ասում է, որ մեկ տարվա ընթացքում ServiceTitan-ի գործունեությունը կարծես թեստավորման փուլում լիներ։ Հիմա որոշել են ավելի մեծացնել թիմը, սակայն մասնագիտական ռեսուրսները բավարար չեն։

«Արշավը հնարավորություն է տալիս արտասահմանից մասնագետներ ներգրավվել։ Ուրախ եմ, որ Հայաստանում կարող ենք որակով մրցակցել, այսօր երկիրը չի դիտարկվում որպես էժան աշխատուժի երկիր»,- զրույցի ընթացքում նշեց Աշոտ Տոնոյանը։

Արշավի մեկնարկից հետո ընկերությանն այլ երկրներից միացած աշխատակիցները 5-ն են, բոլորն էլ՝ հայ։ Նրանք վստահ են՝ շուտով կմիանան նաև այլազգի մասնագետներ, ինչն էլ թույլ կտա Հայաստան բերել աշխատանքային նոր մշակույթ, բազմազանություն ընկերությունում և մտքերի փոխանակման հնարավորություն։

Խոսելով արշավի 3-րդ նպատակի՝ կրթական ծրագրերի և ուսանողների ներգրավման մասին՝ Աշոտ Տոնոյանը նշեց, որ դրա համար առայժմ որակյալ մասնագետներ են պետք, որից հետո կմշակվի կրթական ծրագիր։

«Մենք սկզբից շեշտը կրթության վրա էինք դնում, բայց հասկացանք, որ առաջնայինը պետք է գրասենյակը աշխատակիցներով ապահովել, ովքեր կկարողանան ուսուցանել, փոխանցել իրենց փորձը, և որից հետո կսկսենք արշավի երրորդ՝ կրթական փուլը։ Այն արդեն մշակման փուլում է»,- նշում է գրասենյակի ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter