HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Միջնորդները կտրուկ լուծումներ չեն ակնկալում

Նրանք փորձում են Երեւանի եւ Բաքվի միջեւ վերականգնել շփումները

Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հերթական հանդիպումը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ խորհրդատվությունների ընթացքում նախարարներն անդրադարձել են ղարաբաղյան բանակցային գործընթացում առկա դեռեւս չլուծված խնդիրներին, ինչպես նաեւ առկա տարակարծությունները հաղթահարելու վերաբերյալ համանախագահողների գաղափարներին։

Օսկանյանը կայացած խորհրդատվություները գնահատել է օգտակար՝ նշելով, որ Երեւանը համանախագահողների առաջ քաշած հարցերը լրջորեն կքննարկի մինչեւ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-25-ին Փարիզում։ Հայաստանի արտգործնախարարը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ կարգավորման բանակցային գործընթացին խոչընդոտող խնդիրների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «նոր մտքեր են առաջ քաշել», որոնք պետք է քննարկվեն արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը:

Նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Նախագահների հանդիպում կարող է տեղի ունենալ միայն, եթե բովանդակային առումով տեղաշարժ լինի: Նախարարների հաջորդ հանդիպումից հետո միայն հնարավոր կլինի կողմնորոշվել' անհրաժեշտ է արդյոք նախագահների հանդիպումը»,- ասել է Օսկանյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը «զգուշավոր լավատեսությամբ» է գնահատել Օսկանյան -Մամեդյարով հանդիպումը, որի ընթացքում արտգործնախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները «տեւական ու ընդգրկուն քննարկումներ» են անցկացրել: «Ուշադրության կենտրոնում եղել են բանակցությունների սեղանին դրված բոլոր հարցերը, ինչպես նաեւ քննարկվել են «նոր մոտեցումներ», ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի պատասխանատու Թաիր Թաղիզադեն:

Հոկտեմբերի առաջին օրերին տարածաշրջանային այցով Բաքու եւ Երեւան էին ժամանել միջազգային միջնորդները: Ռուսաստանցի Յուրի Մերզլյակովը, ամերիկացի Մեթյու Բրայզան եւ ֆրանսիացի Բեռնար Ֆասյեն նախատեսել էին նաեւ Ստեփանակերտ մեկնել, սակայն թռիչքային վատ եղանակի պատճառով նրանք մոտ մեկուկես օր «անգործության» մատնվեցին Հայաստանի մայրաքաղաքում: Սա այն ժամանակահատվածն է, որը միշտ էլ բավարարել է Երեւանից մեկնել Ստեփանակերտ եւ վերադառնալ: Ամենայն հավանականությամբ, Մինսկի խումբը անիմաստ է համարել հանդիպել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ՝ հաշվի առնելով բանակցային գործընթացում առկա խորը փակուղին:

Երեւանում տված ասուլիսում միջնորդները չթաքցրին իրենց հուսահատությունը: «Երբեմն լրագրողները հարցնում են' դուք լավատեսորեն ե՞ք տրամադրված, թե՞ հոռետեսորեն, մենք այս կարգի հարցերին չենք պատասխանում, որովհետեւ մենք վստահ ենք, որ նույնիսկ եթե մեկ տոկոս հավանականություն կա խնդրի խաղաղ կարգավորման համար, ապա նույնիսկ այդ դեպքում արժե փորձ անել»,-խոստովանեց Ֆասյեն:

Ֆրանսիացի միջնորդը հիշեցրեց, որ ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները հավանության են արժանացել ոչ միայն Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի, այլեւ «Մեծ Ութնյակի» ղեկավարների կողմից. «Սակայն պարզվեց, որ անգամ դա բավական չէ: Եթե երկու նախագահները չկարողանան համաձայնության գալ, դրսի օգնությունը, որքան էլ այն ուժգին լինի, խնդրի լուծում չի ապահովի»:

Բրայզան ընդգծեց, որ խաղաղ կարգավորումը վերջին փուլում չէ, ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, իսկ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները դեռեւս պատրաստ չեն գնալ վերջնական կարգավորման:

«Մենք չենք ասում, որ հիմա կտրուկ լուծումներ ենք ակնկալում կամ բոլոր դժվարությունները հարթվել են, սակայն մենք կողմերի մոտ նկատում ենք պատրաստակամություն' խորությամբ դիտարկել հարցերը եւ առաջ շարժվել: Միակ գործոնը, որ թույլ չի տալիս, որ գործընթացն ավելի արագ ընթանա, հակամարտության կողմերի' միմյանց նկատմամբ վստահության պակասն է»,- ասաց ամերիկացի միջնորդը:

Ռուսաստանցի համանախագահը շատ ավելի զուսպ էր եւ գործընկերների ասածներին հավելեց, որ տարածաշրջան այցի հիմնական նպատակը Երեւանի եւ Բաքվի միջեւ էր ուղիղ շփումների վերականգնումն է, որպեսզի շարունակեն ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների քննարկումը, որոնք կողմերին էին ներկայացվել այս տարվա գարնանը: «Միջնորդները լրացում են կատարել կարգավորման հիմնական սկզբունքներից մեկում, որոնք կողմերին առաջարկվել էին այս տարվա մայիսին»,-ասաց Մերզլյակովը, ընդսմին հրաժարվելով բացահայտել, թե ո՞ր սկզբունքին է վերաբերվում այդ լրացումը' վկայակոչելով բանակցային գործընթացի գաղտնիությունը:

Այդուհանդերձ, միջնորդների հայտարարություններից պարզվեց, որ ապրիլի 13-ին առաջարկված երկուսուկես էջանոց կարգավորման հիմնական սկզբունքների մասին փաստաթղթում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել: Այդ փաստաթուղթը, որ կրում էր «Food for Thought» անվանումը եւ բաղկացած էր 4 հիմնարար սկզբունքներից եւ որը, ըստ էության, գաղտնազերծվել է հունիսի 22-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդում, ամենայն հավանականությամբ անընդունելի է եղել ադրբեջանական կողմի համար, թեւ հայկական կողմն էլ հիացած չէր:

Մի շարք առիթներով Վարդան Օսկանյանը նշել է, որ դա իդեալական փաստաթուղթ չէ, սակայն այսօրվա պայմաններում՝ խիստ վերապահումներով եւ որպես բանակցությունների հիմք, ընդունելի է Երեւանի համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անգամ խոսում էր այն մասին, որ եթե ադրբեջանական կողմը եւս ընդունի փաստաթուղթը, ապա հայ ժողովրդին պետք է համոզել, որ առաջարկված սկզբունքներով է միայն հնարավոր կարգավորել ղարաբաղյան խնդիրը: Իր վերջին ասուլիսներից մեկի ընթացքում Օսկանյանն ասաց ավելին՝ միջնորդների ներկայացրած փաստաթուղթը որակելով «չարյաց փոքրագույն»:

Սակայն այստեղ էլ կան անհասկանալի պահեր: «Չարյաց փոքրագույնը» ապրիլի 13-ի՞ փաստաթուղթն է, թե՞ մայիսին ներկայացվածը՝ Մերզլյակովի խոսքերով՝ «կարգավորման հիմնական սկզբունքներից մեկում լրացում արվածը»: Սա շատ կարեւոր է, որովհետեւ հիմնական մեկ սկզբունքում փոփոխությունը կարող է ամբողջովին փոխել հնարավոր համաձայնագրի եւ տառը, եւ ոգին, եւ փիլիսոփայությունը: Համաձայն արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, Ադրբեջանը սկզբունքորեն ընդունելի է համարում «հետաձգված հանրաքվեի» գաղափարը, պայմանով, որ Քելբաջարը ստանա մինչեւ հանրաքվեն, ինչին դեմ էր Հայաստանը, եւ Ռամբույեում բանակցությունները փակուղի են մտել հենց այս հարցում:

Ավելի պարզ, Երեւանը կարող է համաձայնվել Քելբաջարից հրաժարվելու հետ միայն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում «իքս» տարի հետո տեղի ունենա հանրաքվեն: Սակայն, Հայաստանի նախագահը սեպտեմբերի 17-ին քաթարյան «Ալ æազիրա» հեռուստակայանի հարցազրույցում Լեռնային Ղարաբաղից բացի, որը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նշել էր «Լաչինի նեղ միջանցքը»: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցելու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ՝ բացի Ղարաբաղը Հայաստանին միացնող Լաչինի նեղ միջանցքից»,-բառացիորեն ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Օսկանյանը, ինչպես նշեցինք վերեւում, բազմիցս պնդել է, որ Հայաստանն ընդունում է միջնորդների առաջարկները, սակայն, մյուս կողմից՝ հրաժարվում Նյու Յորքում Մամեդյարովի հետ հանդիպումից: Եթե պատճառը Ադրբեջանի՝ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնական հրդեհների հարցի տեղափոխումն էր ՄԱԿ-ի օրակարգ կամ՝ ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության նախաձեռնությամբ հետխորհրդային տարածքում «սառեցված հակամարտությունների» խնդիրը Գլխավոր վեհաժողովի օրակարգում ներառելը, ապա երկու դեպքում էլ դիվանագիտական հաջողությունը Հայաստանի կողմը չէ:

Անցնող օրերին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում հրդեհների փաստն ուսումնասիրելու եւ համապատասխան գնահատական տալու նպատակով իրականացնում էր մոնիտորինգ: Չի բացառվում, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանում քննարկվի «սառեցված հակամարտությունների» խնդիրը, ինչին դեմ է Երեւանը:

Ինչպես համանախագահներն ու հակամարտության կողմերը, այնպես էլ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերը հույսեր չեն կապում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ճեղքում արձանագրել ղարաբաղյան կարգավորման հարցում: Ընդ որում, եթե ընդդիմությունը լուծման գործում շահագրգռություն չցուցաբերելու մեջ գրեթե հավասարաչափ մեղադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, ապա կոալիցիայի մաս կազմող ուժերը ավելի շատ քննադատում են պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը:

Եթե նախկինում Ադրբեջանի նախագահը Հայաստանին եւ Ղարաբաղին սպառնում էր պատերազմով՝ վկայակոչելով երկրի ռազմական բյուջեի հետեւողական ավելացումը, ապա իր վերջին հրապարակային ելույթում նա որոշակիորեն փոխեց շեշտադրումները: Իլհամ Ալիե ւը խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման իր ելույթում ընդգծե լ է , որ 2007 թ. բյուջեի նախագծի համաձայն, պաշտպանության կարիքների համար Ադրբեջանի ծախսերն աճելու են մոտ 18 տոկոսով՝ մինչեւ 900 մլն դոլար: Ալիեւը, սակայն «հանգստացրել է» հայերին, ասելով, թե «ռազմական ծախսերի աճը չպետք է որեւէ մեկին անհանգստացնի»:

«Դա մեր ինքնիշխան իրավունքն է: Բացի այդ, ռազմական բյուջեի մեծացումը չի կարող ինքնաբերաբար բերել պատերազմի: Մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը եւ պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման»,-ասել է նա:

Ստեփանակերտում եւս համոզված են, որ Բաքուն պատրաստ չէ կարգավորմանը: «Ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ Բաքուն չի ցանկանում կարգավորել հակամարտությունը: Ադրբեջանը հույս ունի, որ ժամանակն աշխատում է իր օգտին, եւ փայփայում է պատրանքներ, որ ինքը նավթ ունի, վաղը կհարստանա, կհզորացնի իր բանակը եւ կոչնչացնի Լեռնային Ղարաբաղը: Այդ պատճառով էլ Ադրբեջանը մտադիր չէ գործուն մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին: Այսօր խնդիրը դա է, քանի որ կարգավորումը միշտ էլ ռիսկ է. հնարավոր չէ ստանալ երազածի 100 տոկոսը: Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ ռիսկի դիմել»,-ասել է նախագահ Արկադի Ղուկասյանը իսպանական «Պաիս» թերթի հարցազրույցում:

Լեռնային Ղարաբաղի նախագահը, փաստորեն, բանակցային ձեւաչափը' Երեւան-Բաքու ուղիղ շփումները, որի վերականգնմանն են ձգտում միջնորդները, որակել է անհեթեթություն: «Մինչ օրս չկա այն բանի միանշանակ ըմբռնումը, թե դա ինչ հակամարտություն է: Արդյո՞ք դա ինքնորոշման հարց է, հակամարտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի իշխանության միջեւ, թե՞ հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այսինքն ակնհայտ է հիվանդությունն առանց ախտորոշման բուժելու փորձը: Սա ծայրահեղ անհեթեթ իրավիճակ է»,-ասել է Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter