HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տներ, սատարող բնակարաններ՝ հաշմանդամություն ունեցողների համար. նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է 2020-2024 թվականներին հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունները փոխակերպել։

Նախարարությունն առաջարկում է  հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել համայնքահեն ծառայություններ՝ համայնքային փոքր տներ, սատարող բնակարաններ, անձնական օգնական, տնային խնամք, զբաղվածության ապահովման ցերեկային կենտրոններ: 

Նման առաջարկություններ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ցանկանում է խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող 851 անձի համար ապահովել այլընտրանքային՝ համայնքահեն ծառայություններ մատուցել, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն այդ հաստատություններ: 

«Հաշմանդամություն ունեցող, այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք, երեխաները, կանայք և աղջիկները պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներառվելու համայնքային կյանք, ապրեն ընտանիքի և հասարակական կյանքի լիարժեք անդամ լինելու զգացումը, մասնակցեն մշակույթի, սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման առաջընթացին»,-ընդգծել է նախարարությունը:

Պաշտոնական վիճակագրությամբ՝  2019թ-ի դրությամբ տարեցների սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվում են շուրջ 851 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 568-ը հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձիք են։

Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ են մատուցում ինչպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող կենտրոնները, այնպես էլ՝ հասարակական կազմակերպությունների ցերեկային կենտրոնները։

Ըստ նախարարության՝ այս ծառայություններին շահառուների խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները դեռևս հեռու են իրավունքահեն լինելուց:

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն իրականացնելու պետական աջակցությունը սահմանափակվում է խնամքի մեծ հաստատություններում նրանց տեղավորելով, որտեղ անբավարար է նաև աշխատող/շահառու հարաբերակցության ցուցանիշը»,-նշված է նախագծում։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ ուշադրությունից դուրս են նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի, համայնքում ապրելու, անձնական և ընտանեկան կյանքի, սեփականության, ընտանիքի և մի շարք այլ իրավունքներ:

«Չնայած պետության կողմից իրականացվում են որոշակի աշխատանքներ, սակայն դրանք իրենց ծավալներով և բնույթով լիարժեքորեն չեն նպաստում հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց սոցիալական ներառմանը, նրանց անկախ կյանքի ապահովմանը: Դրան միանում է նաև հասարակության վերաբերմունքը՝ կարծրատիպերի և խարանի դրսևորումներով, որն ավելի է խորացնում այս անձանց մեկուսացումը»-հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախատեսվող ծառայությունները սահուն կազմակերպելու համար կվերապատրաստվեն կադրեր, քանի որ հաստատությունների աշխատակազմում քիչ են համապատասխան կրթություն կամ վերապատրաստում ունեցող այնպիսի մասնագետները, որոնք քաջատեղյակ են հաշմանդամություն ունեցող, հատկապես հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց վերաբերող միջազգայնորեն ընդունված առաջադեմ մոտեցումներին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter