HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական և բժշկական սխալներ. ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում այս սխալները

Մհեր Ենոքյան,

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ակամա համեմատություն եմ անում առողջապահության և դատաիրավական համակարգերի միջև: Հանցագործություները  յուրահատուկ «սոցիալական հիվանդության» ախտանիշեր են: Մի պահ հիվանդանոցներին և բանտերին նայեք այլ տեսանկյունից` մի տեղում հիվանդ մարդկանց փորձում են օգնել, որ ոտքի կանգնեն, մյուս տեղում առողջ մարդկանց «անշարժացնում» են այս կամ այն ժամկետով, մի տեղում փորձում են կոմայից հանել հիվանդին, մյուս տեղում մարդուն գցում են անժամկետ «կոմայի» մեջ: Այս իրողությունը հակասում է միջազգային սկզբունքներին և պատժի նպատակին: Երկու տեղում էլ իրավունքի գերակայությունից և օրենքների պահանջից, նաև մարդասիրության սկզբունքից ելնելով՝ պետք է նույնը լինի`օգնել մարդուն վերականգնվել և ֆիզիկապես ու հոգեպես առողջ վերադառնալ հասարակություն: 

Դատապարտվածներին պետությունը պարտավոր է վերասոցիալականացնել: Ներկայումս այն ուղղում բառով է նշվում և նոր հանցանք կատարելու հավանականության աստիճանով որոշվում, ինչը պարզելու համար օրենքը, որպես կարևոր գործոններ հիշատակում է` ուսումը, աշխատանքը, ստեղծագործելը, տարատեսակ միջոցառումներին մասնակցելը, օրինապահ վարքագիծը: Քաղաքակիրթ երկրներում հիմնական շեշտը դնում են աշխատանքի վրա, որը պետությունը ապահովում է ազատազրկման հենց առաջին օրերից:

Քաղաքակրթության սկզբում բանտ հասկացողությունը չի եղել: Եղել է ուժեղների իշխանություն… և տեղում հարցերը լուծել են` առանց դատ ու դատաստանի: Ու կարևոր չի եղել` անմեղն է պատժվել, կյանքից զրկվել, թե մեղավորը, կարևորը կույր վրեժխնդրությունն էր: Հետո, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն, անկախ ուժից, սոցիալական դիրքից և այլ հանգամանքներից, ինքնաբերաբար առաջացավ դատի ինստիտուտը: Այսինքն` չէր կարելի ենթադրյալ հանցագործին քարկոծելով սպանել, կամ իրոք հանցանք կատարածին թողել, որ տուժողը ինչ ցանկանա անի, ինչպես նաև անպատիժ թողնել հանցանք կատարողներին: Այսինքն` անհրաժեշտ էր հավասարակշռել կողմերի շահերը, որ դրանք լինեն ողջամիտ և անհրաժեշտ քաղաքակիրթ հասարակությունում: 

Ներկայումս քաղաքակիրթ աշխարհը հրաժարվելով մահապատժից, հրաժարվում է նաև ցմահ ազատազրկում պատժատեսակից: Մի շարք եվրոպական պետություններ առհասարակ իրենց քրեական օրենսգրքերում վերացրել են այս պատժատեսակը, համարելով ցմահ ազատազրկումը անթույլատրելի և հակաիրավական: Այնտեղ, որտեղ դեռ կա այս պատժատեսակը, պետություները պարտավորվել են կիրառել տարբեր ինստիտուտներ, որոնք հնարավորություն են տալիս ցմահ ազատազրկվածին վերադառնալ ազատություն, երբ նա ուղղման ճանապարհին է: Այո՛, հենց այս ձևակերպումն է օգտագործում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը`ոչ թե պետք է ուղղված լինի, այլ ուղղման ճանապարհին: Այսինքն`եթե ուղղված է, ապա ոչ թե պայմանական վաղաժամկետ պետք է ազատել, կամ հնարավորություն տալ արձակուրդներ ունենա`ժամանակ առ ժամանակ գտնվի ազատության մեջ, այլ հարկավոր է առանց որևէ պայմանի ազատել և վերջ:  

Փաստորեն, թե՛ առողջապահական, թե՛ դատաիրավական համակարգերը, քանի որ գործ ունեն մարդկանց կյանքերի, ճակատագրերի, առողջության հետ, պետք է լինեն ամենակատարյալը, կամ գոնե ձգտեն այդ վիճակին: 

Դատական և բժշկական սխալներ: Ո՞վ է և ինչպե՞ս է վերահսկում այս սխալները և ի՞նչ միջոցներ են կիրառվում, որպեսզի ուղղվեն այդ սխալները, եթե դեռ մարդը կենդանի է, ինչպես նաև պատժվեն կոպիտ սխալներ թույլ տված բժիշկները և դատավորները:  Նրանց «վերահսկում» են հենց նույն բժիշկները և նույն դատավորները: Այսինքն` ստեղծված է մի փակ շրջան, որտեղ կոլեգաները, հաճախ բարեկամական, ընկերական կապերով շղթայված մասնագետը պետք է բացահայտի դատական, բժշկական սխալները: Մենք տեսնում ենք, որ երկու բնագավառներում էլ ծայրաստիճան հազվադեպ են բացահայտում իրենց իսկ սխալները դատավորները և բժիշկները: Որքա՞ն անմեղ մարդիկ են բանտ ուղարկվում, կամ ոչ համաչափ խիստ պատիժ ստանում, երբ չունեն փող կամ անհարժեշտ կապեր: Որքա՞ն հիվանդներ են մահանում վիարահատարաններում, կամ ոչ ճիշտ ու ժամանակին բուժում ստանում, միայն այն պատճառով, որ չունեն անհրաժեշտ գումար կամ կապեր: 

Այո՛, թե՛ բժշկական, թե՛ դատաիրավական աշխարհներում որպես կանոն մեկը մյուսին ճանաչում են, հիմականում սերունդներով բժիշկներ և դատավորներ են, նաև դատախազներ: Մանավանդ մեր նման ոչ մեծ թվով բնակչություն ունեցող երկրի համար նման իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է: Բժիշկների պարագայում ինչ-որ տեղ հասկանալի է` ծնողներից փոքրուց գիտելիքներ են ստանում, որ մարդկանց բուժեն, և դա լավ է, բայց բժշկական սխալների բացահայտման տեսանկյունից՝ վատ: Ինչ վերաբերում է դատավորներին և դատախազներին, ապա այդ երևույթը հիմնականում միայն վատ հետևանքների է բերում որպես կանոն: Ինչու՞: Որովհետև հին սերնդի դատավորների և դատախազների, նաև քննիչների մի մասը տասնյակ տարիներ հրահանգներ են կատարել, խորհրդային պատժողական համակարգի մտածելակերպի կրողներն են և չունեն ժամանակակից մասնագիտական գիտելիքներ` համահունչ քաղաքակրթ աշխարհի զարգացմանը այս ոլորտում: Եվ այս սերնդի դատավորների և դատախազների զավակները տանը, ընտանիքում լսել, տեսել և սովորել են իրենց ծնողների դասերը: Անշուշտ, կան նաև բարձրակարգ Մարդ- դատավորներ և դատախազներ, բայց դատաիրավական համակարգի «մտածողությունը» ուղն ու ծուծով դեռ խորհրդային է: Անհրաժեշտ են երիտասարդ դատավորներ և դատախազներ, ովքեր քաղաքակիրթ աշխարհին համահունչ կփոխեն դատաիրավական համակարգը և նրանց թող օգնեն նաև Մարդ- դատավորները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter