«Apple» ընկերությունը երկու շաբաթով փակում է Չինաստանից դուրս գտնվող բոլոր խանութները
«Apple» ընկերությունը երկու շաբաթով փակում է իր բոլոր խանութները, որոնք գտնվում են Չինաստանի սահմաններից դուրս։ Նպատակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարն է։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է «Apple»-ի ղեկավար Թիմ Քուքը։ Ավելի վաղ, ընկերությունը տեղեկացրել էր խանութների ժամանակավոր փակման մասին։
«Այս պահին Չինաստանի ողջ տարածքում մեր խանութները բացվել են։ <...> Քանի որ այլ վայրերում հիվանդության տարածումը շարունակում է աճել, մենք կձեռնարկենք հավելյալ միջոցներ՝ մեր թիմի անդամների, ինչպես նաև գնորդների անվտանգությունը պաշտպանելու համար։ Մինչև մարտի 27-ը մենք կփակենք Չինաստանի սահմաններից դուրս մեր բոլոր վաճառքային խանութները»,- նշվում է «Apple»-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Քուքը նշել է, որ փակված խանութների աշխատակիցները կշարունակեն ստանալ ամսական ստանդարտ աշխատավարձերը։ Արտադրողի ապրանքները հնարավոր կլինի գնել միայն առցանց խանութներից։
Ինչպես նշում է «Bloomberg» գործակալությունը, ընկերությունը, ընդհանուր առմամբ, ունի 460 խանութներ, որոնցից միայն 270-ը գտնվում են ԱՄՆ-ում։ Մարտի 11-ին պարզ դարձավ, որ ընկերությունը փակել է Իտալիայի իր խանութները, որը Չինաստանից հետո աշխարհում կորոնավիրուսի երկրորդ օջախն է։ Ըստ գործակալության տվյալների՝ փակվել են նաև ընկերության Իսպանիայի խանութները։
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ Կալիֆոռնիայում տեղի ունեցող ամենամյա WWDC համաշխարհային կոնֆերանսը, որը տեղի էր ունենալու այս տարվա հունիսին, կկազմակերպվի առցանց ֆորմատով։
Լուսանկարը՝ Apple ընկերության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել