HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդուրժել, թե՞ ոչ. ժողովրդավարության հնարավոր ձախողումը

Վերջին շրջանում հանրային համերաշխության մասին խոսելիս պարզում ես, որ բացի քեզնից ու մի չափազանց փոքր շերտից, այն ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ մեկին պետք չէ։ Ահագնացել է անտագոնիզմն ու մերժողականությունը։ Հեղափոխական գործընթացներից առաջ այնպիսի տպավորություն էր, որ խոսքի արժեքը հասել է հնարավոր ամենացածր կետի և ոչ մի երևույթ չի կարող այն ավելի ցածրացնել։ Հույս կար, որ «թավշյա հեղափոխության» արդյունքում ստեղծվող հանրային նոր հարաբերությունները հանրային խոսքի վերարժևորման լավ առիթ կհանդիսանան։  Այս պնդումն այն հիմքն ուներ, որ բազմաթիվ գործոնների ազդեցության ներքո,հանրության մեջ առաջացած ախտերի բուժման գործում անհրաժեշտություն է առաջանալու միմյանց հետ խոսելու, խելք խելքի տալու, համընդհանուր պայմանավորվածությունների հանգելու։

Եվ, ահա, հանրությունն, ի վերջո, իր մեջ ուժ և իմաստնություն գտավ՝ մերժելու ճնշող իրականությունը և ավելի արդար հարաբերություններ կառուցելու հայտ ներկայացրեց ինքն իրեն և ողջ աշխարհին։ Կարծես հասունացել էր իրար հետ խոսելու, մեր միասնական ապագայի մասին խորհելու, պայմանավորվելու պահը։ Արի ու տես, որ այդպիսի էական քաղաքական փոփոխություններից հետո հանրային քննադատական միտքը լռեցվում է։ Այսօր հանրային խոսքն անարժեք, անիմաստ է դարձել առավել, քան նախկինում էր։ Հանրության, գուցե, ոչ շատ զգալի, բայց շատ ագրեսիվ տրամադրված մի շերտ պնդում է, որ մեր բոլորի ապագան պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը, իսկ մյուսները պետք է լռեն և հետևեն նրա կարգադրություններին։ Սրան բերված ողջամիտ հակափաստարկները սույն շերտի մոտ հարց ենառաջացնում՝ «իսկ ինչո՞ւ չէիք խոսում «Սերժի ժամանակ»։Հաճախ այդ հարցը ուղղվում է այնպիսի մարդկանց, որոնք հանրության քաղաքականապես ակտիվ շրջանակներում հայտնի են եղել «Սերժի ժամանակները» փոխելուն միտված իրենց պայքարով, դրա հետևանքով կրած զրկանքներով, ձերբակալություններով ու բանտարկություններով։ Սկզբում մենք ծիծաղում էինք այդ տարօրինակ հարցադրումների վրա։ Նույնիսկ անիմաստ էր թվում տեսանյութեր ու հոդվածներ գտնել՝ ցույց տալու, թե որտեղ են եղել մարդիկ ու ինչ են արել։ Կարծես, այդ հարցերը տվողներն այլմոլորակայիններ էին, որոնք «սերժի ժամանակների» մասին գիտեին այլ մարդկանց պատմություններից, իսկ Հայաստանում հայտնվել էին միայն ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո…

Ովքե՞ր են այդ հարցը բարձրացնողները։ Ինչպե՞ս է ստացվել, որ նրանց և հարցի հասցեատերերի ճանապարհները չեն հատվել։ Ինչպե՞ս է նրանց ուշադրությունից վրիպել «Սերժի ժամանակների» դեմ բազմաթիվ մարդկանց մղած պայքարը։ Ինչպե՞ս է ստացվել, որ նրանք չեն ճանաչում իրենց իրավունքների համար փողոցում բազմաթիվ զրկանքների գնով պայքարողներին։ Իսկ ո՞րտեղ էին հենց իրենք, երբ այդ պայքարը փողոցում տեղի էր ունենում։

Շուտով կլրանա երկու տարին, ինչ այս հարցերն ինքս ինձ տալիս էի ու պատասխանը ոչ մի կերպ չէի գտնում։ Օրերս հայաստանյան լրատվամիջոցներից մեկը Ստեփանակերտում հարցախույզ էր արել՝ պարզելու, թե նախագահի թեկնածուներից ու՞մ են հակված ձայն տալ արցախցիները։ Լրագրողական այդ նյութում ես գտա իմ հարցի պատասխանը. Էվրիկա՜ Այնտեղ հստակորեն ընդգծվում էր քաղաքացիների մի շերտ, որի հավաստմամբ իրենք քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, քանի որ «ամեն ինչ որոշված է և իրենք չեն կարող ազդել որոշումների վրա» կամ «ով էլ լինի՝ մեկ ա՝ բան չի փոխվելու»։ Հիշե՛ք, թե վերջին անգամ ե՞րբ եք Հայաստանում նման տեքստ լսել։ Քաղաքական իրադարձությունների բուռն զարգացման վերջին երկու տարում մենք նույնիսկ մոռացել էինք այս մտքերի ու այն կրող շերտի մասին։ Հայաստանի տարածքում արդեն գիտե՛ն, որ իրենք կարո՛ղ են որոշել։ Որ, այնուամենայնիվ, կապ ունի՛, թե «ով կլինի»։

Բայց եթե սա ճիշտ է, ապա մենք ստիպված ենք լինելու շարունակել բավական տխուր եզրահանգումներ անելը։ Փորձեցի ինքս ինձ համար կերտել այդ քաղաքացու հոգեբանական կերպարը։ Անելանելության զգացումը, կյանքի հանդեպ նիհիլիստական պատկերացումներնստիպում էին ընտրել փողով, համակերպվել անարդարության հետ, համակերպվել, որ որոշներնանպատժելի են նույնիսկ ամենազազրելի հանցագործություններ անելու դեպքում։ Միայն խղճի հետ հաշտ լինելու անհնարինության կամ արդարության կարմիր գիծն անցնելուց հետո էր նա բռնում գաղթի ճանապարհը։ Բան չփոխվելու համոզմունքն այնքան ամուր էր, որ նրան ստիպում էր իր իրավունքների պաշտպանության համար ոչ մի քայլ չանել, նույնիսկ չհետևել, թե ինչպես են դա այլոք անում հենց իր քթի տակ։ Դա նրան օտարերկրյա ֆինանսավորմամբ իրականացրած անիմաստ ժամավաճառություն էր թվում, ինչն իր հետ ոչ մի կապ չուներ։ Ավելին, երբ մենք առաջին օրերին փողոցները փակում էինք, նա մեքենայից իջնում էր ու հորդորում փողոցները փակել անմիջապես իր անցնելուց հետո, երբ ինքը կգնա իր կարևոր գործերն անելու.ինքը շենացնում էր երկիրը, իսկ մենք՝ ավիրում։ 2018 թվականի ապրիլի 16-ին, Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում այդպիսի մեկը սպառնաց, որ մի նռնակկբերի և շատ արագ փողոցի երթևեկությունը կվերականգնի, որովհետև փակ փողոցը նրան խանգարում էր առաքանին տեղ հասցնել, և ամսվա վերջում ստանալ իր 120.000 դրամ աշխատավարձը, ինչն այնքա՜ն անհրաժեշտ էր իր «սոված» (մեջբերում եմ) ընտանիքին։ Թերևս, նրա համար մենք այլմոլորակային էինք, ովքեր այդ օրերի իրականության հետ նույնքան կապ ունեին, որքան ինքն այն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հետագայում արդեն՝ ապրիլի 21-ին, հենց Կիևյան փողոցում մեզ հետ սուր վեճերի մեջ ներգրավվածշատերին հանդիպեցի արդեն այլ փողոցներ փակող երթի մեջ։ Իսկ ավելի մեծ մասը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո համոզվեցին, որ կարող է «բան փոխվել», որ ինքը կարող է իր ներդրումն ունենալ այդ գործում, բայցև՝ ինքը դա կարող է անել միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։

Այո՛, որ կարելի է անհավանական թվացողնիրականություն դարձնել, նրանք տեսան։ «Մեկ ա՝ բան չի փոխվի» կարծրատիպը կոտրվեց իրենց աչքի առաջ, իրենց մասնակցությամբ, սակայն մնաց ևս մեկը։ Պետության էության ու իր ուժի մասին այսպիսի խորնարմատացած պատկերացումներ ունեցողի համար դժվար էր հասկանալ, որ իրականության փոփոխությունն իր ձեռքի գործն էր։ Անհիշելի ժամանակներից իր նախնիներին, ծնողներին, նաև իրեն համոզել են, որ մարդը ոչինչ է, աշխարհում կան իշխողներ ու հպատակներ, որ հպատակների ցանկությունները լսվում են միայն այն ժամանակ, երբ իշխողը բարի է լինում ու պատրաստակամ՝ լսելու հպատակներին։ Ըստ նրա՝ այդպիսի կյանքը գալիս է դարերից ու այդպես էլ պետք է շարունակվի։ Նույնիսկ արտագաղթելու դեպքում՝ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում ապրելը չէր սասանում նրա այդ պատկերացումները։ Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը կոտրում է այդ շղթան։ Նիկոլ Փաշինյանն, ըստ նրա, գերբնական ուժով է օժտված. նա գիտի բաներ, որոնք իրենից բացի ոչ ոք չգիտի։ Հետևաբար, բոլորը պետք է լռեն և հետևեն Նիկոլ Փաշինյանի կարգադրություններին։ Հենց սա է պատճառը, որ «վիշապին» հաղթելուց հետո նա ոչ թե իրեն տեր զգաց ու սկսեց իր երազանքներն ի կատար ածել, այլ իր զորությունը պատվիրակեց ավելի բանիմաց ու կարող մեկին՝ գերմարդ Նիկոլին։

Թե՛ անկախ պետականություն ունենալու տասնամյակներում, թե՛ այլ պետությունների կազմում գոյատևելու ընթացքում, մարդկանց մոտ կայուն քաղաքական կարծրատիպեր էին ձևավորվել։ Դրանցից որոշներն իրենց դրոշմն են գտել ժողովրդական բանահյուսության մեջ, դարձել թևավոր խոսքեր, դարձվածքներ, կայուն համոզմունքներ։ Այդպիսիք են՝ «ով՝էշ, մենք՝ փալան»-ը, «մենք ոչինչ չենք կարող որոշել» և «քաղաքականությունը պոռնկություն է» համոզմունքները, «մեկ ա՝ բան չի փոխվի»-ն, «սաղ սուտ ա, բոլորը ծախված են»-ը և այլ՝ այնքա՜ն ծանոթ խոսակցություններ՝ մեր ոչ վաղ անցյալից։ Այս մտքերի կրողներն ակտիվորեն չէին հետաքրքրվում քաղաքական անցուդարձով, համոզմունք ունեին, որ եթե ամեն մեկն առանց ավելորդ բողոքների իր տեղում իր գործն անի, «երկիրը երկիր կդառնա»։ Հենց այդ պատճառով էլ նրանք չէին ճանաչում փողոցում համակարգի դեմ կռիվ տվողներին կամ լավագույն դեպքում ճանաչում էին միայն ֆորմալ քաղաքականությամբ զբաղվող առաջնորդներին, այն էլ՝որպես այս կամ այն ատելի, իրական կամ երևակայական ուժերին ծախված հրեշներ։Եվ ի՞նչ էր մնում մանկուց այսպիսի համոզմունքներով մեծացած մարդուն։ Իհարկե, նա դիմելու էր «աշխարհի տերերին»՝ այս արևի տակ ապրելու իրավունք և հնարավորություն ստանալու համար՝ նվիրաբերելով այլ իրավունքներ, մասնավորապես՝ընտրելու իրավունքը։

Խնդրի նրա՛նց լուծումը ևս կարող ենք մտաբերել մեր ոչ վաղ անցյալից։ Կայուն համոզմունք էր ձևավորվել, որ կգա մի փրկիչ և կկտրի ճնշող վիշապի գլուխը (ժամանակակից մեկնությամբ «գյուլլելու» էր), չի խաբի իր ժողովրդին և հոգ կտանի նրա մասին։ Պատահական չէ, որ վերջին շրջանի ֆորմալ քաղաքական գործընթացների բոլոր առաջնորդները, եթե նույնիսկ իրենք չեն հանդես եկել փրկչի տեքստերով, ապա հանրության ստվար հատվածի կողմից նրանց ընկալումը հենց այդպիսին էլ եղել է։ Պատահական չէ նաև, որ ՊՊԾ գունդը գրավող խմբի «Սասնա ծռեր» անունը միանգամից լայն արձագանք գտավ հանրության մեջ։  

Սոցիալական ցանցերում այսօր կարելի է շատ զարմացական անդրադարձերի հանդիպել, թե ինչպես եննախկին քաղաքական համակարգի հլու ծառաներն այսօր ավելի մեծ նվիրումով ու հավատարմությամբ ծառայում պետական համակարգը նոր տնօրինողներին։ Պատահակա՞ն է, արդյոք, որ այսօր Նիկոլ Փաշինյանին ամեն գնով, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով պաշտպանողների մեջ շատ են նախկինում ընտրակեղծարարության մեջ թրծվածները։ Այո՛, նրանք գտել են իրենց փրկչին։ Փրկչին, որն անհնարը հնարավոր դարձրեց, որը կիսաստված է և, միաժամանակ, իրենցից մեկն է՝ երկրային, հողեղեն, իր թերություններով ու առավելություններով. երկուսը՝ մեկում։

Խնդրի ձևակերպման և հաղթահարման փնտրտուքն ինձ մոտ նաև այլ՝ ավելի խորքային հարցեր են առաջացրել։ Եթե մենք հարգում ենք յուրաքանչյուրի ազատ խոսքի իրավունքը, ապա ի՞նչ խնդիր ունենք մարդկանց այնպիսի կարծիքի հետ, որ բոլորը պետք է լռեն և հետևեն Նիկոլ Փաշինյանի կարգադրություններին։ Հնարավո՞ր է, արդյոք, ազատ խոսքի իրավունք ենթադրող ժողովրդավար հանրության մեջ մտածել նկարագրված խոսքի հանդեպ անհանդուրժող լինելու մասին։ Ամերիկացի հետազոտող, տնտեսագետ Նասիմ Թալեբն իր «Հաղթում է նվազ հանդուրժողը. ինչպես է աշխատում փոքրամասնության դիկտատուրան» վերտառությամբ հոդվածում նման մի շարք հարցեր է քննարկում։ Երևույթը նկարագրող օրինակներից մեկում նա դիտարկում է մարդկանց խումբ, որի անդամների մեծամասնության լեզուն գերմաներենն է։ Եթե այդ խմբում հայտնվում է թեկուզ մեկը, ով պնդում է, որ ինքը միայն անգլերեն է հասկանում, ապա խմբի լեզուն դառնում է անգլերենը։ Այս և հոդվածում նկարագրված բոլոր օրինակները հանգում են մի բանի՝ որպեսզի որևէ հանրություն փոխի իր վարքագծային կանոնները, բավարար է նախկին վարքագծային կանոնների հանդեպ անհանդուրժող փոքրամասնության առկայություն, որն այդ կանոնները փոխելու անձնական ավելի մեծ շահագրգռություն ունի, քան մեծամասնությունը՝ դրանք պահպանելու։ Մեր՝ Հայաստանի քննարկվող օրինակում հանդուրժող ու ժողովրդավարությունն արժեք համարող մեծամասնությունը հաշտ է այն բանի հետ, որ փոքրամասնությունն այլ կարծիքի կրող է, սակայն փոքրամասնությունը չի ընդունում քննադատական միտքունենալու՝ մեծամասնության իրավունքը և պայքարում էդրա դեմ։ Մեծամասնության «աշխարհում» անհանդուրժողները տեղ ունեն, փոքրամասնության «աշխարհում»՝ հանդուրժող մեծամասնությունը պետք է զիջի։ Հոդվածի հեղինակը հանգում է մտքի, որ այո՛անհանդուրժող փոքրամասնությունը կարո՛ղ է իր վերահսկողության տակ առնել ժողովրդավարությունը։

Սա այն է, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում։ Ստեղծվել է իրավիճակ, երբ մեծամասնությունը ակնհայտ փոքրամասնությունից փորձում է պաշտպանել խոսելու և քննադատելու իր իրավունքը։ Բանավեճը սկսում է ծավալվել ոչ թե մեր ապագայի վերաբերյալ, այլ թե՝ Նիկոլ Փաշինյանն անսխալական կիսաստվա՞ծ է, թե՞ սխալական մարդ, անփոխարինելի է՞, թե՞ սխալների դեպքում նրան կարելի է փոխել։ Բնապահպանները տեսանյութեր են պեղում, որ ագրեսիվ փոքրամասնությանն ապացուցեն՝ դեռ 2009-ից են պայքարում Ամուլսարի համար և դրանով պաշտպանեն Ամուլսարի հարցի վերաբերյալ կարծիք հնչեցնելու իրենց իրավունքը։ Նախկին քաղաքական համակարգի դեմ պայքարողները պետք է իրենց անցյալի մասին ապացույցներ ներկայացնեն, որպեսզի հիմք ունենան քննելու ներկան ու ապագան։ Այժմ ևս մեկ անգամ կրկնենք հռետորական հարցը՝ ժողովրդավարության պաշտպանության համար մենք կարիք ունե՞նքսահմանափակելու անհանդուրժող խոսքը։ Եթե այո, ապա ո՞րն է այդ սահմանափակումների սահմանը։

Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ իմաստ ուներ գրել այս հոդվածը, եթե լուծումներ չեմ առաջարկելու։ Իրականում նշված հարցերի վերաբերյալ ես, իհարկե, ունեմ իմ պատկերացումները, սակայն հոդվածը մտածելու, քննելու լրացուցիչ խթան եմ դիտարկում։ Մինչև լուծումներ առաջարկելը՝ մենք պետք է ճանաչենք մեր հիվանդությունները, հստակ ախտորոշենք դրանք։ Առանց ինքներս մեզ, մեր օրգանիզմը ճանաչելու չենք կարող բուժվել։ Քանի որ մեր միասնական կյանքի ինքնուրույն կազմակերպման շատ մեծ փորձ չունենք, կարող ենք հետևել, թե ուրիշներն ինչպես են հանրության հիվանդությունները բուժում և այդ մեթոդները կիրառել մերվրա։ Բայց հիվանդությունները տարբեր են։ Գուցե այլ հիվանդությունների բուժման պատմությունների լավ օրինակները կործանարար լինեն մեր հիվանդության դեպքում, որ մենք չենք էլ փորձում ախտորոշել։ Այս մի ախտի ամենավատ կողմն այն է, որ ինչպես տեսել ենք նախկինում, վերը նկարագրված շերտի մոտ համոզմունքները հեշտ չեն նահանջում։ Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ իրենք իրենց աչքով տեսնում են, որ իրենց այդ համոզմունքները ոչ մի ռացիոնալ հիմք չունեն. դրանք մոլորություններ են: Բայց նույնիսկ եթե մենք կարողանանք ցույց տալ, որ դրանք մոլորություններ են, ի՞նչ է լինելու, երբ հոդվածի հերոսները պարզեն, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իրենց բոլոր խնդիրները լուծել՝ ինչպես իրենք ակնկալում են։ Նիկոլ Փաշինյանը չգիտի ավելին՝ քան իրենցից յուրաքանչյուրը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի ուժն այսօր հենց իրենք են և իրենց քաղաքական մոլորությունները։ Արդյո՞ք չեն լինելու նոր գերմարդու փնտրտուքներ և նոր հիասթափություններ։ Այս հարցերի պատասխանները մենք՝ բոլորս պետք է տանք։ Պետք է մտածել ու խոսել, խոսել ու մտածել։ Իսկ մենք դեռ պարզում ենք՝ ով խոսելու իրավունք ունի, իսկ ով՝ ոչ։ Հուսով եմ՝ լավ եք և Ձեր մոտ ամեն ինչ կարգին է:

Սուրեն Սահակյան

Մեկնաբանություններ (1)

Ռուբեն Մարգարյան
Լավ վերլուծություն էր: Արդարությունը պահանջում է ասել, որ Փաշինյանն էլ է փորձեր արել ոգևորելու մեր քաղաքացուն՝ դրության տեր դառնալու համար: Մինչև իշխանության գալը, հանրահավաքների և երթերի ժամանակ նա հաճախ էր խնդիր դնում քաղաքացու առջև, դիմելով նրան «Եվ այդ մեկը դու ես» կոչով: Ինչպես տեսանք այդ կոչը արդյունք տվեց: Իշխանափոխոխությունից հետո նա մեկ-երկու անգամ նույնպես դիմեց քաղաքացուն. «Վեր կաց և քայլիր» պատգամով: Սակայն հայը հին ժամանակներից սկսած ուժեղ թագավորներ է սիրել՝ Հայկ, Տիգրան Մեծ, Արտաշես, Արշակ Երկրորդ, Պապ և հզոր դյուցազններ՝ Սասունցի Դավիթ, Տորք Անգեղ, որոնք ազգային հիմնախնդիրները լուծել են ինքնուրույն՝ առանց քաղաքացու որոշման: Հիմա նույնպես շարքային քաղաքացուն կարծես թե ձեռնտու է, որ կարևոր հարցերը լուծվեն առանց իր որոշման: Եվ այդ առումով ողջունելի է, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցչի մոտեցումները համապատասխանում են կուսակցության անվանը: Այս մոտեցումն այսօր քաղաքացիներիս ավելի է պետք, քան կիսալուսավոր կիսաընդդիմության մեկ նալին, մեկ մեխին խփելու մարտավարությունը կամ էլ՝ երեկ իշխանություն, իսկ այսօր ընդդիմություն դարձած կիսանժդեհականների հրճվալից քննադատությունները: Ձեզ ավելի ակտիվ գործունեություն եմ մաղթում, և ոչ մի նշանակություն չունի, որ Դուք արտախորհրդարանական կարգավիճակ ունեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter