
Վրաստան. հատուկ կարիքներ ունեցող մարդիկ պայքարում են հավասարության համար
Շորենա Լաթաթիա, Կովկաս
Ակտիվիստները նշում են, որ Վրաստանում հատուկ կարիքներ ունեցող մարդիկ խիստ մեկուսացած կյանք են վարում. նրանք փակված են իրենց տներում և չեն կարողանում աշխատանք գտնել:
Կառավարական պաշտոնյաները պնդում են, որ արդեն իսկ մի շարք քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ' հիմնական խոչընդոտները վերացնելու համար, սակայն այս ամենը կարող է այլևս ոչնչով չօգնել 67-ամյա Յամզե Մանիայի նման հատուկ կարիքներ ունեցող մարդկանց: Մանիան Զուգդիդիի շրջանի Ինգիրի գյուղում է բնակվում, նա սայլակով հազիվ է տեղաշարժվում իր տունը շրջապատող արահետով:
«Այս սայլակը մի հասարակական կազմակերպություն է ինձ տրամադրել, բայց այն պրակտիկ չէ, քանի որ գյուղում ասֆալտ չկա, շրջակայքում էլ միայն հող է: Ես միայնակ եմ ապրում, հաճախ չեմ կարողանում նստել սայլակի մեջ և ստիպված սենյակից սենյակ չորեքթաթ եմ անցնում»,- պատմում է նա:
Նա պատմում է, որ ժամանակին ուսուցիչ է եղել, սակայն 16 տարի առաջ, երբ այլևս չէր կարողանում քայլել, ստիպված եղավ թողնել աշխատանքը. «Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ խանութ գնացել: Որպես կանոն, եթե փող եմ ունենում, հարևաններիս խնդրում եմ ինձ համար մթերք գնել»:
Յամզե Մանիայի խոսքերով' բժշկին տեսնելու հնարավորություն ստանում է միայն որևէ ՀԿ-ի տրամադրած օգնության դեպքում, քանի որ հասարակական տրանսպորտով երթևեկել ինքը չի կարողանում:
«Այս տարի պետությունից ընդամենը 100 լարիի (60 դոլար) չափով մեկանգամյա օգնություն եմ ստացել: Ոչ մի այլ ուշադրության չեմ արժանացել նրանց կողմից: Թոշակս կազմում է 87 լարի, սոցիալական օգնությունը' 30 լարի: Այս գումարը միայն դեղ ու սննդամթերք գնելու վրա եմ ծախսում»,- ասում է նա:
Մանիայի պես շատերն են այսօր այսպես գոյություն պաշտպանում Վրաստանի գյուղական շրջաններում, որտեղ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ոչ մի նպաստ չի տրամադրվում:
«Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց տեղաշարժը համարյա ամենուրեք սահմանափակված է, ներառյալ պետական ձեռնարկությունները: Նրանք ունեն իրավունքներ, սակայն քանի որ պատկան մարմինները հարմարեցված չեն նրանց պայմաններին, նրանք չեն կարողանում օգտվել այդ իրավունքներից»,- ասում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Անա Ագանաշվիլին:
Նրանց մեկուսացմանն ավելի են նպաստում վարորդական իրավունքների ձեռքբերման հետ կապված դժվարությունները և հատուկ կարիքներ ունեցող վարորդների համար հատուկ կայանման տեղերի բացակայությունը: Հատուկ կարիքներ ունեցող մարդիկ հաճախ ստիպված են լինում հույսը դնել սեփական մեքենաների վրա' հասարակական տրանսպորտի անհասանելիության պատճառով:
Իրավաբանները նշում են, որ երկրում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ օրենսդրությունը մեծապես զիջում է այս ոլորտում ձևավորված միջազգային պրակտիկային: Վրաստանը, մասնավորապես, դեռևս չի վավերացրել այս հարցի վերաբերյալ 2009 թվականին ստորագրված ՄԱԿ-ի կոնվենցիան: Իշխանությունները պնդում են, որ պետք է վերլուծել օրենսդրական փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը կառաջանա կոնվենցիայի վավերացումից հետո, սակայն այս փաստարկը չի բավարարում փորձագետներին:
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարակուսում է, թե ինչու է վավերացումը ձգձգվում առ այսօր: 2009-2011 թվականներին Վրաստանը գործարկեց սահմանափակ հնարավորություններով մարդկանց սոցիալական ինտեգրման ծրագիրը, որում ներառված են կոնվենցիայում տեղ գտած համարյա բոլոր պարտավորությունները: Հետևաբար, այն փաստարկը, որ կոնվենցիան կարող է ստիպել պետությանը նոր պարտավորություններ ստանձնել, անընդունելի է»,- համոզված է Ագանաշվիլին:
Իրավաբան Լիա Մուխաշավրիան կարծում է, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց «պարզապես հանձնել են բախտի քմահաճույքին: Նրանց ստացած թոշակը չնչին գումար է, բժշկական ապահովագրությունն էլ անհասանելի է մնում: Բացի դրանից' նրանք չեն կարողանում աշխատանք գտնել, քանի որ գործող օրենսդրությունը ոչ մի կերպ չի խրախուսում գործատուներին այս առումով. հետևաբար, վերջիններս շահագրգռված չեն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աշխատանքով ապահովել»:
Իշխանություններն իրենց հերթին նշում են, որ պատրաստվում են հասարակական ենթակառուցվածքները հարմարեցնել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց: Թբիլիսիի քաղաքապետարանի Հաշմանդամների խորհրդի նախագահ Մամուկա Կացարաձեի խոսքերով' ապագայում բոլոր նախագծերը պետք է հասանելի լինեն նրանց համար, նախքան կառավարությունը կհաստատի դրանք:
Հնարավորության դեպքում հին շենքերն ու կառույցները ևս կհարմարեցվեն նրանց կարիքներին:
«Չնայած ստորգետնյա անցումներում հատուկ հարմարություններ չկան հատուկ կարիքներ ունեցող մարդկանց սայլակների տեղաշարժման համար' դրանց տեղադրման հնարավորությունը քննարկվել է, և երբ բյուջեում բավականաչափ փող լինի, կսկսվի տեղադրումը: Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, հետագայում' նոր ավտոբուսներ գնելու ժամանակ, մենք հաշվի կառնենք նրանց կարիքները»,- հայտարարել է նա:
Կացարաձեի խոսքերով' հատուկ կարիքներ ունեցող վարորդների համար հետագայում հատուկ կայանման տեղեր են առանձնացվելու, և այս ոլորտում գործող մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել հարցի վերաբերյալ:
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական աջակցության բաժնի պաշտոնյա Ամիրան Դատաշվիլին նշում է, որ գոյություն ունեն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աջակցության մի շարք պետական ծրագրեր:
«Մենք կանխարգելիչ ծրագրեր ունենք երեխաների համար: Ամենաառաջնային հարցերից մեկը սայլակների և պրոթեզավորման ապահովումն է: Գոյություն ունի նաև խուլուհամրերի աջակցության ծրագիր»,- նշում է նա:
Սակայն կանանց և հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցությամբ զբաղվող «DEA» միավորման նախագահ Մադոնա Խարեբավան պնդում է, որ հասարակությունը դեռևս ընկալունակ չէ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց նկատմամբ, և կառավարությունը պետք է ավելին անի ձևավորված ընդհանուր կարծիքը փոխելու ուղղությամբ:
«Որոշակի առաջընթաց, սակայն, նկատվում է: Մասնավորապես, իշխանությունները սկսել են մտածել այս մարդկանց աջակցության պետական քաղաքականության [ձևավորման] մասին: 2009 թվականին հաստատվել է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց սոցիալական ինտեգրմանն ուղղված միջոցառումների կառավարական ծրագիրը 2010-2012 թվականների համար: Վերջերս լրատվամիջոցները ևս ակտիվություն են դրսևորում և սկսել են լուսաբանել նրանց խնդիրները»,- նշում է Խարեբավան:
Շորենա Լաթաթիան ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):
Մեկնաբանել