Վտանգված հեռանկար՝ գորշ ու անհրապույր պատերի ներքո
Գյուղական համայնքներում դպրոցի բացառիկ եւ կարեւոր դերակատարությունն ակնհայտ է: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է բարձրլեռնային, սահմանամերձ եւ հեռավոր գյուղական բնակավայրերին: Ինչպե՞ս են նրանք ապրում, ինչպիսի՞ աշխատանքային պայմաններ ունեն, ինչպիսի՞ պայմաններում են աշխատում ուսուցիչները եւ սովորում դպրոցականները, ինչպիսի՞ն է կրթամակարդակը, քանի որ հիմնականում գյուղերում է կենտրոնացած բնակչության աղքատ խավը:
Այս ամենը տեսնելու եւ լսելու համար այցելեցինք Գեղարքունիքի մարզի Վարդենիսի վարչատարածքի մի քանի դպրոցներ:
Ժամը 11:30 -ին Գեղամաբակի դպրոցի դուռը կողպված էր: Չհաջողվեց հանդիպել դպրոցի որեւէ աշխատողի՝ դպրոցի փակ լինելու մասին հարցադրում անելու համար: Համայնքի բնակիչները դպրոցում 2 տեղացի աշխատող գիտեին միայն՝ հավաքարարին ու «զանգ տվողին», սակայն նրանք էլ դաշտում էին: Նախկինում այս գյուղում բնակվել են միայն ադրբեջանցիներ: 1988-1992 թթ. բռնագաղթից հետո համայնքում բնակություն են հաստատել 45 փախստական ընտանիքներ, որոնցից ներկա պահին փաստացի բնակվում է 11 ընտանիք, իսկ համայնքի տնտեսությունները շուրջ 25-ն են:
Գյուղի գերխնդիրը տարիներ շարունակ խմելու ջուրն է եղել. խմելու ջրի ներքին ցանցը չի գործում, ինչի պատճառով մարդիկ լքում են փոքր ու հեռավոր այս գյուղը: Բնակիչներն օգտվում են գյուղում հոսող միակ աղբյուրից: «Ոռոգման ջուրն էլ երկնքից է թափվում, եթե Աստված կամենում է»,- ասում են գյուղի բնակիչները: Գեղամաբակը նաեւ բուժկետ չունի: Բնակիչներն օգտվում են հարեւան համայնքի՝ Շատջրեքի ամբուլատորիայից: Գյուղը զրկված է հեռախոսակապից, չունի խանութ: Համայնքում նաեւ սեփականաշնորհված հող ունեցող բնակիչներ չկան: Տարիներ առաջ նախկին գյուղապետի խորհրդով մարդիկ հրաժարվել են իրենց հողերից, որպեսզի ընտանեկան նպաստ ստանան: Չնայած դրան, երբ ցանկություն են ունենում վարձակալական հիմունքներով հող մշակել, տեղական իշխանությունները խոչընդոտներ չեն հարուցում:
Գյուղը դատարկվում է, եւ դպրոցն այդ երեւույթը կանխող, թերեւս, միակ հաստատությունը կարող է լինել: Գեղամաբակի դպրոցն 8-ամյա է: Այս տարի դպրոցն ունի 11 աշակերտ, 5 ուսուցիչ: Սա՝ դպրոցի աշակերտների հաշվարկով: Այդ 5 ուսուցիչներն էլ Վարդենիս քաղաքից են ժամանում: Ինչպես երեւում է, նրանք բավական բանիմաց են, քանի որ յուրաքանչյուրին բաժին է ընկնում դասավանդվելիք առարկաների մի տարողունակ ցանկ: Ձմռան ամիսներին էլ շատ հաճախ ճանապարհները փակվում են, եւ ուսուցիչները չեն կարողանում հասնել դպրոց: Գեղամաբակի բնակիչների հավաստմամբ' օրերով դպրոցը փակ է մնում: Այդպիսի օրերին մեծ դժվարությամբ միայն տնօրենն է ոտքով հազվադեպ հասնում դպրոց: Իսկ եթե համայնքից գոնե մի ուսուցիչ ունենային, դպրոցն այդ օրերին չէր փակվի, երեխաների կրթական մակարդակն էլ ցածր չէր լինի:
Երիտասարդներ կան, որ գրաճանաչ չեն, համայնքի բնակիչներից ոչ ոք բարձրագույն կրթություն չունի: Միակ միջին մասնագիտական կրթություն ունեցողը Գալստյան Արփինեն է: Նա ավարտել է Վարդենիսի պետական քոլեջը տարրական դասարանների ուսուցիչ որակավորմամբ: Երիտասարդ մասնագետին իր գյուղի դպրոցում հաջողվել է աշխատել 2004թ.-ին ընդամենը 3 ամսով, ապա հաստիքների կրճատման պատճառով ազատվել է աշխատանքից: Արփինեն վստահ չէ, թե դպրոցում աշխատող բոլոր ուսուցիչներն ունեն բարձրագույն կրթություն, թեպետեւ իր ազատման պատճառը կրթական աստիճանը չի եղել: Ինչպես հավաստում են համայնքի բնակիչները, Արփինեի աշխատած կարճ ժամանակահատվածում, երբ ձյան պատճառով ճանապարհները փակվել են, նա շրջել է բոլոր աշակերտների տները եւ փորձել որեւէ կերպ լրացնել օրվա բաց թողածը:
Բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Գեղամաբակից Վարդենիս ամեն օր ավտոբուս է աշխատում: Սակայն ձմռանը, երբ ճանապարհները փակվում են, ավտոբուսը հասնում է մինչեւ 2 կմ հեռավորության վրա գտնվող Շատջրեք գյուղը: Ճանապարհները բացվում են, երբ եղանակը տաքանում է, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում բնակիչներն իրենք են բացում ճանապարհը' ապավինելով բահերի «աջակցությանը»: Գեղամաբակցի երեխաները, երբ ցանկություն են ունենում սովորելու 9-10-րդ դասարաններում, ուսումը շարունակում են հարեւան Շատջրեք գյուղի դպրոցում:
Գեղամաբակի դպրոցը նախատեսված է 160 աշակերտի համար: Միհարկանի դպրոցը տարիներ շարունակ չի վերանորոգվել: Դոնոր կազմակերպությունները հետաքրքրված չեն ներդրումներ կատարելու այդքան սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցում: Պետական աջակցությունն էլ ուշանում է, եւ Գեղամաբակ գյուղի աշակերտները ստիպված են տեսնել անհրապույր պատեր, քանդված հատակ, երկաթանյութով կարկատված պատուհաններ եւ առաստաղ... պարզապես գրատախտակով նորոգված: Աշխատելու ցանկությունն ու կրթամակարդակն էլ այդ իրողության պարագայում դառնում են ուղիղ համեմատական...
Գեղամաբակի դպրոցի նման անհրապույր վիճակում է գտնվում Ազատ գյուղի ութամյա դպրոցը: 2005 թ. մարտին առատ ձյան պատճառով ճկվեց, ապա քամիների պատճառով քանդվեց դպրոցի տանիքի կեսից ավելին: Ազատի դպրոցն այս ուսումնական տարում ունի 25 աշակերտ: Դասավանդում են 11 ուսուցիչներ: Տանիքի քանդված լինելու պատճառով ներկայումս օգտագործում են դպրոցի մի հատվածը, իսկ առանց տանիքի մնացած հատվածը քանդվում ու քայքայվում է տեղումների պատճառով: Վերջին անգամ՝ 1999 թ.-ին, դպրոցը եւ, մասնավորապես, տանիքը վերանորոգվել է Կաթոլիկ օգնության ծառայություն (ԿՕԾ) կազմակերպության աջակցությամբ եւ համայնքի բնակիչների ջանքերով: Իսկ այժմ հույս ունեն, որ այս ձմեռ այն կրկին կնորոգվի:
Դպրոցի ուսուցիչները հիմնականում բարձրագույն կրթություն ունեն, նրանց մի մասը տեղացիներ են: Ունեն նաեւ 2 զինծառայող ուսուցիչներ, ովքեր ապրում են հենց գյուղում: Դպրոցն օտար լեզվի ուսուցիչ չունի: Միջնակարգ կրթություն ստանալու համար 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո աշակերտները հաճախում են 2 կմ հեռավորության վրա գտնվող Կութ գյուղի դպրոցը:
Ազատի հարեւանությամբ, Սոթք գյուղի դպրոցում արդեն սովորում է 207 աշակերտ: Դասավանդում է 21 ուսուցիչ, սակայն դասավանդողների այս կազմը չի համապատասխանում ներկայումս պահանջվող պրոֆիլային ուսուցման պահանջներին: Սակայն ինչպես գյուղական, այնպես էլ հանրապետության բազում դպրոցների համար դասավանդողների կազմի ընդլայնումը ֆինանսավորման տեսանկյունից ուղղակի անհարկի շքեղություն է, իսկ կրթության որակի ապահովման առումով՝ ճարահատված բացթողում:
Գյուղական վայրերի համար արդեն աշակերտական մեծ թվաքանակ ունեցող այս դպրոցը, սակայն, նույնպես գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Վերջին անգամ Սոթքի դպրոցը վերանորոգվել է 1999 թ.-ին, կրկին ԿՕԾ կազմակերպության աջակցությամբ: Դպրոցական շենքի մասնաշենքերից մեկը վթարային է ու խիստ վտանգավոր շրջապատի համար: Տանիքի պանելային ենթակառույցները խախտվել են ու փլուզվել շենքի մեջ: Մասնաշենքի ապամոնտաժման աշխատանքները պարզապես դարձել են անհրաժեշտություն, քանի որ փլուզման վտանգը սպառնում է աշակերտներին, ովքեր քայլում, վազվզում են բակում, հենց այդ մասնաշենքի հարեւանությամբ: Թեպետ այն ցանկապատվել է, եւ աշակերտների հետ մշտապես տարվում են նախազգուշացման աշխատանքներ, իսկ մասնաշենքը հսկվում է, սակայն չմոռանանք, որ դպրոցականները նաեւ արկածներ են սիրում:
Սոթքի դպրոցի օգտագործվող մասը նույնպես հիմնանորոգման կարիք ունի: 2005թ. մարտի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով էլ ավերվել է դպրոցի սպորտդահլիճը: Կրթության նկատմամբ վերաբերմունքը ձեւավորվում է հենց դպրոց ոտք դնելու պահից, մինչդեռ գորշ ու անհրապույր պատերը արժեզրկում են ընդհանուր առմամբ կրթության նկատմամբ վերաբերմունքը:
Համայնքի կաթվածահար ջրամատակարարումը դրսեւորվում է նաեւ դպրոցում: Մաքրելու համար 3 հավաքարարներն օրական 200-300 լ ջուր են կրում շուրջ 500 մ հեռավորության վրա գտնվող առվից, իսկ խմելու ջուր բերելու համար 150-200 մ ճանապարհ են անցնում: Դպրոցի սանհանգույցները ջրի պատճառով չեն գործում: Առհասարակ, գործող սանհանգույց ունենալը գյուղական դպրոցներում ավելի արտառոց է, քան համակարգչային տեխնիկայի առկայությունը:
Համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով դպրոցի ամենամեծ հոգսը դասագրքերի վարձավճարները հավաքելն է: Անցած տարվա պարտքը կազմում է 70 հազար դրամ, իսկ այս տարվա վարձավճարները կազմում են շուրջ 240 հազար դրամ: Այս պարագայում դպրոցի բյուջեն հնարավոր չի դարձնում ինչպես բավարար քանակով դասագրքերի պատվիրումը, այնպես էլ նոր ուսումնական տարվա առթիվ ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելը: Իսկ այս եւ անգամ լավագույն դասավանդողներ ունենալու դեպքում դպրոցը չի կարող ապահովել բավարար կրթամակարդակ, որը հետագայում կխթանի սովորողների տնտեսական ակտիվությունը եւ կարգավիճակը խոցելիության բարձր մակարդակ ունեցող հեռավոր այս գյուղերում:
Ավելի հեռավոր եւ մեկուսացած մի գյուղի՝ Գեղաքար համայնքի դպրոցն այս տարի ունի 13 աշակերտ, 5 ուսուցիչ եւ 6 վարչական աշխատող: Բացի հաշվապահից, բոլոր աշխատողները Գեղաքարի բնակիչներ են: Միակ բարձրագույն կրթություն ունեցողը դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանն է: Դպրոցն ութամյա է, իսկ միջնակարգ կրթություն ստանալու հարցն այստեղ ավելի դժվար է, քանի որ հարեւան համայնքից՝ Խաչաղբյուրից Գեղաքարը հեռու է 6-7 կմ, իսկ ձմռանը միջհամայնքային գրունտային ճանապարհը ամիսներ շարունակ դառնում է պարզապես անանցանելի: Համայնքային բազում խնդիրներին ավելանում է նաեւ կրթություն ստանալու անհավասարությունը, հետեւապես բնակիչները լքում են գյուղը, որը վերածվում է անասնապահական բնակավայրի՝ աուլի: Այլ կերպ ինչպես կարելի է կոչել մի համայնք, որտեղ ձմռանը բնակվում է 12 տնտեսություն, իսկ համայնքապետարանը ամիսներով փակ է մնում:
Ի հակադրություն գյուղի տխուր վիճակի, Գեղաքար համայնքի դպրոցը, որ Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ 2002թ. վերակառուցվել է խորհրդային տարիներին կառուցված նախկին խանութի շենքում, հնարավորությունների լիարժեք օգտագործման օրինակելի հաստատություն է: Մաքրություն է բոլոր անկյուններում, հոգատար եւ կոկիկ փակցված տարաբնույթ գեղանկարչական, ուսումնամեթոդական աշխատանքներ, թարմ պլակատներ, որոնք կրթական բարենպաստ մթնոլոտ են ստեղծում դասավանդողների եւ սովորողների համար: Իսկ դասագրքերի վարձավճարների մասին տեղեկացնող փաթեթն էլ փակցված է միջանցքում, որը թափանցիկ աշխատաոճի բացառիկ դրսեւորում է մեզանում:
Մի խնդիր կա դեռեւս. լուծված չէ Գեղաքարի դպրոցական շենքի կարգավիճակի հարցը: Շենքը պատկանում է Վարդենիսի տարածքային սպառողական կոոպերատիվին, իսկ դպրոցական շինության սեփականության եւ հաշվեկշռից հաշվեկշիռ տեղափոխելու խնդիրը դեռեւս սպասում է իր կարգավորմանը:
Սահմանամերձ Կուտական գյուղը ծովի մակարդակից 2120 մ բարձրության վրա է: Գյուղն ունի 239 բնակիչ, որից 176-ը փախստականներ են: Գյուղի բնակիչների հիմնական մասը' հատկապես փախստականները, գտնվում են սոցիալական ծանր վիճակում: Գյուղի միջնակարգ դպրոցը, որ միհարկանի շինություն է, կառուցվել է 1958թ.-ին: Դպրոցի մասնաշենքերից մեկը 1992-94 թթ. ռմբակոծությունների հետեւանքով հիմնովին ավերվել է, իսկ օգտագործվող մասնաշենքը խիստ անմխիթար վիճակում է: Շենքային պայմաններն անբավարար են ուսումնական գործընթացի իրականացման համար:
Դպրոցի շենքը հին է, տանիքի շիֆերային ծածկը մաշված եւ կոտրատված է, որի հետեւանքով ձյունն ու անձրեւը լցվում են տանիքի տակ, ներծծվում պատերով եւ առաջացած խոնավությունից պատերի ծեփը քանդվում-թափվում է: Առաստաղը հարդապատ է, առանց ծածկի, գերանները փտած են, հարդը' տեղ-տեղ թափված, որտեղից եւ դասասենյակ են լցվում անձրեւաջրերն ու ձյունը: Դասասենյակների եւ միջանցքի ծեփը թափված է, hատակի տախտակները փտած են, կոտրատված, հետեւապես սառը օդը ձմռանը նաեւ հատակից է ներթափանցում: Դռները կիսաջարդ են, լուսամուտները' միափեղկ, ապակիների մի մասը՝ կոտրված, ուստի ցրտաշունչ օրերին դասավանդել հնարավոր չէ: Նույն վիճակում են նաեւ միջանցքի պատուհանները, իսկ հատակը բետոնե է, քանդված: Ձյունաբքի եւ սելավների ժամանակ ձյունը եւ ցեխաջրերը լցվում են դպրոցի միջանցքը եւ դասասենյակները: Դպրոցի 40 աշակերտների եւ համայնքի միակ լուսավոր անկյունը 2 տարի առաջ Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի միջոցով հիմնված համակարգչային սենյակն է, միակ անկյունը, որ Կուտականին կապում է ժամանակակից աշխարհի հետ:
Նկարագրված դպրոցներում չկան լաբորատորիաներ, կահավորված դասասենյակներ, դիդակտիկ եւ ուսումնական նյութեր: æեռուցում իրականացվում է հին ու ավանդական մեթոդով՝ վառարան, դիզելային վառելանյութ, ծխնելույզ: Այս տխուր իրականությունը վանում է այն եզակի երիտասարդներին, ովքեր բարձրագույն կրթություն ստանալուց հետո գյուղ վերադառնալու ընտրության առաջ են կանգնում:
Կրթությունը կարեւորագույն գործոնն է աղքատության հաղթահարման եւ տնտեսական ակտիվության խթանման գործում: Սակայն ցանկալի հեռանկարը դեռ չի ուրվագծվում: Գյուղական այս համայնքների բնակիչները ելույթների ու կոչերի կարիք չունեն, այլ մարդավայել ապրելու եւ իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնելու պարզ ու մարդկային ցանկություն:
Լուսինե Թոփլաղալցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել