HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Մասիս Մայիլյան․ «Մեծ հաշվով՝ խնդիրն անձերի մեջ չէ, այլ պետականության ու իշխանության որակի»

«Հետքի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։

-Պարոն Մայիլյան, ընտրվելու դեպքում տնտեսության ոլորտում ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում կատարել։

-Առաջնայինը բիզնեսի ու քաղաքականության տարանջատման խնդիրն է, որը նոր ժամանակների հրամայականն է, քանի որ տնտեսական զարգացումն անիրագործելի է առանց դրանց տարանջատման և սեփականության ու ձեռներեցության պաշտպանության մեխանիզմ ստեղծելու։ Իսկ դրա համար հարկ է մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր ընդունել, որոնք ի զորու կլինեն ապահովել սեփականության պաշտպանությունը և երաշխավորել քաղաքական ոլորտի ազատությունը կապիտալի թելադրանքից։

Տնտեսական բարեփոխումների հիմնաքարերից է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը։ Նախատեսում ենք կոռուպցիայի համար օրենքով նախատեսված պատժամիջոցների խստացում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում՝ մասնագետների ու փորձագետների լայն ներգրավմամբ։ Հանձնաժողովի աշխատանքը հիմնված է լինելու նորարարական մոտեցումների, թափանցիկության, հաշվետվողականության ապահովման սկզբունքների վրա:

Այս քայլերը հիմք կստեղծեն մրցակցային հիմնունքներով տնտեսության զարգացման և ի վերջո՝ մրցունակ տնտեսություն ու մրցունակ երկիր ունենալու համար։

Այս հենքի վրա Արցախում ներդրումային ազատական և բարենպաստ դաշտ կձևավորվի, որն էլ կերաշխավորի արտասահմանյան ներդրողների իրավունքների և սեփականության անձեռնմխելիությունը։ Նաև մտադիր ենք մեղմել հարկային վարչարարությունը։

Արդար մրցակցության մթնոլորտի ապահովումը, հարկային ճիշտ քաղաքականությունը, արժեթղթերի շուկայի կայացումը, դրամավարկային ճիշտ քաղաքականությունը այն կարևոր նախապայմաններն են, որոնք կբարելավեն ներդրումային մթնոլորտը մեր երկրում և կնպաստեն տնտեսական առաջընթացին:

-Կրթության իրական որակը բարձրացնելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու։

-Ծանր ու լուրջ խնդիր է, լուծումներն էլ կարող են հեռանկարային լինել՝ միտված ապագային, միգուցե և՝ ոչ մոտ ապագային, քանի որ կրթական ոլորտի բարեփոխումները կարող են հասուն պտուղներ ունենալ տևական ժամանակ անց։ Ամենակարևորը՝ պետք է փոխվի կրթության և դաստիարակության նկատմամբ մեր մոտեցումը։ Մեզ ինչպիսի՞ աշակերտ է պետք՝ սերտող, ուշիմ և համեստ, թե՞ մտածող և սեփական կարծիք ունեցող ու այդ կարծիքը հիմնավորել ու պաշտպանել չվախեցող սան։ Ինքնուրույն աշխատելու, տեքստեր, գրքեր, աղբյուրներ ուսումնասիրելու և վերլուծելու ունակ, թե՞ հայտնի ճշմարտությունները գրառող ու երկրորդող պատանիներ։ Սա է խնդիրը։ Ու դժվար չէ հասկանալ, որ մտածող, վերլուծող, սեփական կարծիքը հիմնավորող երիտասարդ սերունդ դաստիարակելը կարճաժամկետ լուծման խնդիր չի կարող լինել։ Այս խնդրի լուծման համար համապատասխան ուսուցչական ներուժ է պետք, ինչը նույնպես մի քանի տարվա լուծելիք հարց չէ։ Այս ամենի շուրջ մտադիր ենք ՀՀ մեր գործընկերների հետ քննարկել և ընդունել դպրոցական կրթության նոր ու արդիական հայեցակարգ։

Բայց սա ամենևին էլ չի նշանակում, թե մենք կարճաժամկետ լուծման խնդիրներ ու համապատասխան մարտավարություն չունենք։ Կոնկրետ ու անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվելու հանրության մեջ ուսուցիչների դերի ու դիրքի բարձրացման, նրանց սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ։

Լուրջ խնդիր է ներառական կրթության ապահովումը, բոլոր աշակերտների համար հավասար կրթական հնարավորությունների ստեղծումը։ Դպրոցական կրթության աստիճանական բարելավումը նույնկերպ՝ աստիճանաբար կսահմանափակի կրկնուսուցման տարածումը։

Ամենակարևորը՝ պետք է վերջ դրվի մեր ժամանակի արատներից մեկին՝ դիպլոմապաշտությանը։ Դրա փոխարեն պետք է սերմանենք գիտելիքի պաշտամունք, հիմք դնենք գիտահեն տնտեսության, որն անմիջականորեն առնչված կլինի կրթական ոլորտին։

Հատուկ ուշադրություն է դարձվելու սովորողների նորարարական մտածելակերպի հմտությունների և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու իրացմանը։ Ընդհանրապես, Արցախի նոր իշխանությունն առանձնակի կարևորությամբ վարելու է տաղանդախույզ քաղաքականություն, նպաստելով անհատի զարգացմանն ու ինքնադրսևորմանը։

-Պատրա՞ստ եք, արդյոք, կրճատումներ անել պետական կառավարման համակարգում՝ ոստիկանությունում և տարբեր գերատեսչություններում։ 

- Պետական կառավարման համակարգը պետք է արդիականացվի՝ դա միանշանակ ժամանակի հրամայականն է։ Թափանցիկ կերպով իրականացվելու է պետական ծախսերի օպտիմալացում՝ կրճատելով ներկայացուցչական ծախսերը հօգուտ տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման։  Պետական-կառավարման համակարգի օպտիմալացմանը զուգահեռ իրականացվելու է  հնարավորինս լայնընդգրկուն ծրագրերի մշակում և ներկայացում, որպեսզի մարդիկ զբաղվածության այլընտրանք ունենան։ Կրճատումները պետք է զուգորդվեն զբաղվածության այլընտրանքների լայն տեսականիով։

- Արդյո՞ք 2017 թվականի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները չեն վնասել Արցախին՝ ժողովրդավարության կերտման գործում։ 

-Մի կողմից՝ պետք է վերջ տալ երկրի գլխավոր օրենքի վերաձևումներին ի նպաստ կոնկրետ քաղաքական ուժերի ու խմբերի շահերի սպասարկման, մյուս կողմից էլ՝ օրենսդրությունը սեպագիր արձանագրություն չէ, որ պիտի մնա դարեդար։ Երկրի գլխավոր օրենքը ևս կենդանի օրգանիզմ է և պետք է արձագանքի ժամանակի փոփոխություններին։ Բայց հուշողը կյանքը, նոր իրողությունները պետք է լինեն։ Ներառական քաղաքականության ապահովման և հանրային լայն քննարկումների իրականացման արդյունքում պարզ կլինի, թե որքանով է կենսունակ ներկայիս սահմանադրությունը։

-2016 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել եք հատուկ հանձնարարություններով դեսպան։ Ո՞րն է պատճառը, որ թողել եք հասարակական գործունեությունը և ստանձնել այս պաշտոնը։ 

-2007 թվականի նախագահական ընտրություններից հետո գրեթե մի ողջ տասնամյակ իմ գործունեությունը եղել է քաղաքացիական հասարակության շրջանակներում։ Դրանք բավականին արդյունավետ տարիներ էին թե նոր գաղափարների հանրային փորձաքննության և թե փորձի ու գիտելիքների հարստացման առումով։

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և դրանից անմիջապես հետո արցախյան հանրությունում տեղի ունեցավ որոշակի հանրային համախմբում՝  արտաքին զորեղ վտանգներին դիմակայելուն միտված։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել պետական պաշտոն զբաղեցնելու առաջարկն ընդունելու իմ պատրաստակամությունը։ Առավել ևս, որ արտաքին-քաղաքական ոլորտն անմիջականորեն առնչված չէ ներքաղաքական զարգացումներին և իմ պաշտոնավարման նպատակը տարիների ընթացքում ձեռքբերած գիտելիքներն ու փորձն ի սպաս դնելն էր արտաքին մարտահրավերներին նաև դիվանագիտական խողովակով դիմակայելուն։

-Իսկ ինչպիսի՞նն էր Արցախը Բակո Սահակյանի պաշտոնավարման տարիներին։ Ի՞նչ գնահատական կտաք։ 

-Մեր պետականության անցած ճանապարհին եղել են թե՛ լուրջ ձեռքբերումներ և թե՛ մեծ բացթողումներ։ Ընդունելով եղած դրականը՝ միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ մեր հանրության առջև նոր մարտահրավերներ են ծառացել, որոնց չի կարողանում դիմակայել գործող համակարգը։ Համակարգի արդիականացման խնդիր կա, մինչդեռ գործող համակարգի ներսում ոչ բարեփոխման ռեսուրս կա, ոչ էլ, մեծ հաշվով, ցանկություն։ Սա է խնդիրը։ Մեծ հաշվով՝ խնդիրն անձերի մեջ չէ, այլ պետականության ու իշխանության որակի մեջ։ Մեր առջև ծառացած մարտահրավերների որակն ու ներկայիս  իշխանության որակը համապատասխան չեն։ Պետական կառավարման համակարգը մշտապես պետք է նորացվի ու արդիականացվի, եթե այդպես չի լինում, եթե չկա դրա անհրաժեշտության գիտակցում, եթե համակարգն իր մեջ բավարար ռեսուրսներ չի գտնում դրա համար, ապա դա կարող է տանել և տանում է լճացման։ Իսկ այդպիսի շռայլություն մենք չենք կարող մեզ թույլ տալ։ Դա ոչ միայն սովորական հետընթաց կնշականի, այլև լրջորեն կսպառնա մեր անվտանգությանը։ Սա է իրավիճակի առանձնահատկությունը։

Լուսանկարը՝ Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter