Առաջարկվում է մասնավորեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն
Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է մասնավորեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն՝ այն ընգրկելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում»:
Նման առաջարկություն է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Պետական գույքի կառավարման կոմիտեի հաղորդմամբ՝ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որը զբաղվում է ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելմամբ, շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական և տեխնիկական աշխատանքներ կատարելով, պողպատյա ճոպանների, թթվածնային և այլ գազերի բարձր ճնշման բալոնների փորձարկմամբ, հանքահորերի օդափոխության համակարգի, հանքախորշերում փոշու և գազերի թույլատրելի պարունակությունների ուսումնասիրմամբ:
«Մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության` որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետևանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի և որակյալ ծառայության մատուցման համար»,- ընդգծել է Պետական գույքի կառավարման կոմիտեն:
«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնավորեցնելու առաջարկ արել է վարչապետը՝ 2019 թվականի նոյեմբերին:
Ընկերության մասնավորեցման պայմանագրում գնորդի պարտականություններում պետք է ներառվի դրույթ, որ լեռնափրկարար ծառայության մատուցման գործառույթը պետք է լինի պարտադիր պայման:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել