HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ագարակի համայնքապետ է ընտրվել գազալցակայանի համասեփականատերը

Մինչ պատկան մարմինները քաղաքացիներին տնից դուրս չգալու կամ խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալու կոչեր են անում, երեկ Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի 5 համայնքում համայնքի ղեկավար էին ընտրում: Ընտրություններ էին Արագածոտնի մարզի Ագարակ, Շիրակի՝ Գեղանիստ, Տուֆաշեն և Նահապետավան, Լոռու՝ Չկալով համայնքներում:

Ագարակում արտահերթ ընտրություններ էին: Համայնքապետ Վահան Խաչատրյանը լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել, նշանակվել էին նոր ընտրություններ: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 4 թեկնածու: Հիմնական մրցակիցները երկուսն էին՝ Ագարակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Ասատուր Խաչատրյանը:

575 ձայնով, նախնական տվյալներով, համայնքի ղեկավար է ընտրվել Արմեն Հարությունյանը: Իսկ Ասատուր Խաչատրյանը ստացել է 205 ձայն: Ագարակում ընտրելու իրավունք ուներ 1411 մարդ, որից ընտրությանը մասնակցել է 1044-ը:

Նշենք, որ Արմեն Հարությունյանը Ագարակ համայնքի ղեկավարի թեկնածու է եղել նաև 2012թ․-ի ընտրություններին: Այդ ժամանակ իր միակ մրցակից Վահան Խաչատրյանին, որը գործող համայնքապետն է եղել, պարտվել էր 175 ձայնով՝ ստանալով 394 քվե:

Տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, Արմեն Հարությունյանը համասեփականության իրավունքով ունի 4 անշարժ գույք՝ Ագարակ համայնքում բնակելի տուն, տնամերձ այգի, երկու վարելահող, ինչպես նաև գազալցակայան Երևան-Գյումրի ավտոճանապարհին:

Որպես ունեցած թանկարժեք գույք, նորընտիր համայնքապետը հայտարարագրել է 78 և 85 քմ մակերեսով բնակարաններ Երևանի Մարգարյան և Լենինգրադյան փողոցներում: 72քմ մակերեսով բնակարան էլ հայտարարագրել է Մոսկվայում:

Ա. Հարությունյանը հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա՝ 2011թ. արտադրության Toyota Land Cruiser 4,0 և 2018թ. արտադրության Toyota Canry 2,5:

2019թ. մարտի 1-ից մինչև այս տարվա մարտի 3-ը որպես եկամուտ 1 մլն 227 հազար դրամ աշխատավարձ է ստացել «Ագարակ գրաֆ գազ» ՍՊԸ-ից և Ագարակի համայնքապետարանից, 1 մլն 350 հազար դրամ շահութաբաժին էլ ստացել է «Ագարակ գրաֆ գազ» ՍՊԸ-ից:

Արմեն Հարությունյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 30.000 դոլար:

Համեմատության համար նշենք, որ ընտրված համայնքապետի հիմնական մրցակից Ասատուր Խաչատրյանի եկամուտները կազմել են 1 մլն 487 հազար դրամ, որը գոյացել է տարբեր աղբյուրներից ստացած աշխատավարձից, գյուղմթերքների իրացումից և 400.000 ռուբլի, որը ստացել է արտերկրում գտնվող եղբորից, իսկ հաշվին առկա դրամական միջոցները՝ 1 մլն 700 հազ. դրամ և 130.000 ռուբլի:

Լուսանկարը՝  Mnews.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter