HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի շուկան խաթարում է բնակիչների քունը

Ընդվզում մարզպետի, նրա վարորդի ու շուկայի դեմ

Վանաձորի կենտրոնական մասում գործող գյուղմթերքների շուկան հայտնի է որպես Լոռու մարզպետի շուկա, որի տերը, ըստ փաստաթղթերի, նրա վարորդն է: 2500 քառակուսի մետր տարածքով առեւտրի այս կետում կեսգիշերից մինչեւ վաղ առավոտ տեղի է ունենում գյուղմթերքների մեծածախ, ապա նաեւ՝ մանրածախ առեւտուր:

Գոյության ութերորդ տարում շուկան դարձել է հարակից շենքերի գլխացավանքի առարկա, հունից ու համբերությունից հանել բնակիչներին:

«Մեխի գլխին բռունցքով կարա՞ս խփես»,- հարցնում է 77-ամյա Ռոզա տատիկն ու անիմաստ համարում հակասության մեջ մտնել մարզպետի ու նրա մերձավորների հետ: Սակայն մարզպետի վարորդի շուկայից դժգոհ 100 բնակիչներ գրավոր դիմել են ՀՀ նախագահին, արդարադատության եւ քաղաքաշինության նախարարներին, Լոռու մարզի դատախազին եւ խնդրել նրանց միջամտությունը. «...քանզի մեր երեխաները զրկված են դպրոցի ճանապարհից, խաղալու, տուն ելումուտ անելու, դաս սովորելու, քնելու, առողջ մեծանալու իրավունքից...»:

Մարզպետի վարորդի շուկայից դժգոհ վանաձորցիները բազմիցս դիմել են մարզպետին՝ խնդրելով վերականգնել իրենց իրավունքները, բայց ստացել են' «Ով չի ուզում, թող տեղափոխվի այլ տեղ ապրելու, իմ շուկան պիտի աշխատի» պատասխանը:

Բողոք-նամակում 12 շենքերի բնակիչները վկայակոչում են ՀՀ Սահմանադրությամբ ու «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով ամրագրված անձի հանգստի իրավունքը, ինչը խախտվում է «Լոռու մարզպետի վարորդի «վայ-շուկայի գոյությամբ»: ՀՀ նախագահի աշխատակազմից բողոք-նամակն ուղարկվել է Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին: Մարզպետարանի լրատվության գծով խորհրդական Էդիկ Հովսեփյանի հրավերով բողոքող բնակիչներից Արմեն Գալոյանը հանդիպել է մարզպետի հետ: Քոչինյանը Ա. Գալոյանի միջոցով բնակիչներին փոխանցել է հետեւյալը. «Գնա թաղավորին ասա, որ աչքներդ հանելու եմ, այնպես եմ փակելու այդ ճանապարհը, որ ոչ մեկդ էլ քայլելու իրավունք չունենաք»: Իսկ Արմենին սպառնացել է՝ «տկլորացնելու եմ, հերներդ անիծելու եմ»: Հենրիկ Քոչինյանն իր խորհրդականի միջոցով հերքում է հանդիպման նման ընթացքը՝ պատասխանելով, թե հանդիպումն անցել է կոռեկտության սահմաններում: Մարզպետը Արմենին ծանոթացրել է 10 բնակչի ստորագրությամբ գրված հրաժարական-դիմումին: Դրանով բնակչության մի մասը հայտնել է, թե տեղյակ չի եղել բողոքի բովանդակությանը, մյուս մասն էլ հրաժարվել է իր նախնական բողոքից:

Հարեւանների անունից բողոքով Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի մոտ է գնացել Լենա Մկրտչյանը ու հավաստիացրել, որ իրենց նախնական ստորագրություններից ոչ ոք չի հրաժարվել:

«Էդ ստորագրությունները որ տեղ հասան, ինձ սկսեցին հալածել»,- պատմում է 71-ամյա Դոնյա Մելիքսեթյանը: «Ո՞վ էր հալածում» հարցին պատասխանում է՝ համատիրության ղեկավար Սիլվա Եթիմյանը: Հենց նա է, ըստ բնակիչների, կազմակերպել հրաժարականների ստորագրահավաքը ու սպառնացել տեղեկանք չտալ, թոշակից ու նպաստից կտրել:

«Շուկան փակելը հանցագործություն է,- ասում է համատիրության ղեկավարն ու զարմանում, թե ինչպես կարող էր վախեցնել բնակիչներին,-վա՞տ է, որ թաղի բնակիչներն այնտեղ աշխատում են, օրվա հաց վաստակում, որ շուկան մոտիկ է»:

Մարզպետի վարորդի շուկան Վանաձորի կենտրոնական շուկայից 50 մետր հեռավորության վրա է գտնվում: Այնտեղ տանող ճանապարհը՝ երթեւեկելի մասով ու մայթերով, զբաղեցրել են առեւտրականներն ու փակել շենքեր տանող հիմնական փողոցը: Վանաձորի քաղաքապետարանում ասում են, որ դա ապօրինի առեւտուր է, եւ շուտով կլուծեն այդ հարցը: Իսկ մարզպետի վարորդի շուկան, ըստ քաղաքապետարանի, օրինական է ու պահպանում է սանիտարահիգիենիկ նորմերն ու առեւտրի կանոնները:

Շուկայի տեղում նախկինում խաղահրապարակ է եղել: 1988-ի երկրաշարժից հետո այն ծածկվել է տնակներով, հետագայում էլ վաճառվել Լոռու մարզպետի վարորդ æիվան Նորեկյանին:

«Գիշերը չկա մի ժամ, որ աղմուկը դադարի»,-ասում է շուկայի հարեւանությամբ գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչ Արմեն Բայադյանը: Նա որոշել է եվրոպական արտադրության պատուհաններ տեղադրել՝ մեղմելու համար անտանելի դարձած աղմուկը:

Թաղամասի բնակիչները դեմ չեն շուկայի գոյությանը, պարզապես առաջարկում են այնպես անել, որ այն չխանգարի իրենց: Նրանք քնելու փոխարեն գիշերն անցկացնում են ավտոմեքենաների ազդանշանների, առեւտրականների տարբեր ճաշակի երաժշտության, հայհոյանքների ու վեճերի ունկնդրությամբ:

«Մեկը մեքենայի դուռն է փակում, չի փակվում, նորից է փորձում, էն մեկը մեքենան է կանգնեցնում, մյուսը նոր ազդանշանն է փորձարկում: Ով ինչով ուզում, նրանով էլ զբաղվում է»,- շուկայի գիշերային խճանկարն է ներկայացնում Արմենը:

61-ամյա Ֆլորա Մանուկյանը հավատացած է, որ որոշ ժամանակ անց հոգեկան հիվանդ կդառնա շուկայի պատճառով: Նրա բնակարանն առաջին հարկում է, ու դրսից լսվող աղմուկը խլացնում է անգամ հեռուստացույցի ձայնը, ծեր ամուսիններին ստիպում քնելուց առաջ նյարդերը հանգստացնող հաբեր ընդունել:

«Քնիս մեջ մեկ էլ տեսար ճվացին»,- պատմում է 33-ամյա Մարիաննա Սիմոնյանը: Նրա համբերության բաժակն այնքան է լցվել, որ պատուհանը բացելու, վիրավորանքներ ու լուտանքներ տեղալու առիթը երբեք բաց չի թողնում:

Արդեն սովորական են դարձել հարեւանների գիշերային հանդիպումները պատշգամբներում, ուր իրար հետեւից հավաքվում են բողոքող-հարեւանները, վեճի բռնվում առեւտրականների հետ, միմյանց վիրավորում ու ապարդյուն անցկացնում հերթական գիշերը:

«Ինչքան անտուն մարդիկ կա, եկել է հաստատվել շենքի պատերի տակ, անցնելիս էլ անշնորհք արտահայտություններ են նետում»,- բողոքում է Մարիաննա Սիմոնյանը:

Շուկային կից շենքերի բնակիչների բողոքները վերաբերում են ոչ միայն շուրջօրյա աղմուկին ու անանցանելի ճանապարհներին, փողոցում կուտակված աղբին, սանիտարահիգիենիկ վատ պայմաններին, այլեւ շենքերի բակերում անընդհատ կայանած տաքսիներին ու ավտոբուսներին, շքամուտքերը քաղաքային զուգարանի վերածած առեւտրականներին ու գնորդներին:

«Ինձ թշնամություն են անում»,- իր հերթին բողոքում է շուկայի տերը' æիվան Նորեկյանը: «Իսկ ինչու՞ են ասում մարզպետի շուկա» հարցին Հենրիկ Քոչինյանի վարորդը պատասխանում է. «Հենց դառնամ մարզպետ, այն ժամանակ էլ կդառնա մարզպետի շուկա»: æիվան Նորեկյանը հավատացնում է, որ առեւտրականները չեն կարող այդքան աղմուկ բարձրացնել:

«Առեւտրականը հոգնած եկավ, ո՞նց կարա մագնիտոֆոն միացնի»,- զարմանում է շուկայի տերը: Ասում է, թե բողոքողների շենքերում աղջիկներ կան, որոնց հետեւից նույնիսկ գիշերվա 3-ին կարող են գալ ու ազդանշանները միացնել: Իսկ հնարավո՞ր է գիշերվա ժամերին սահմանափակել ավտոբուսների ու մեքենաների մուտքը շուկա: «Ո՞նց ասես՝ էս ժամին մի գա: Չես կարա ասես, թե գիշերվա որ ժամին կգան: Կարող ա սաղ գիշեր գան-գնան»,- ասում է æիվան Նորեկյանն ու միակ ելքը համարում շուկան մինչեւ տարեվերջ չորս կողմից ծածկելը:

«Հո Մոսկվան միանգամից չի՞ կառուցվել»,- շարունակում է շուկայի տնօրենն ու հավաստիացնում, որ բոլոր նորմերը այնտեղ պահպանվում են:

«Չեն պահպանվում»,- ասում է Պետական Հիգիենիկ Հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի գլխավոր բժիշկ Կարինե Միրզոյանը:

«Մանրածախ առեւտրի պայմաններ չկան: Ցանկալին մեծածախն է,- ասում է նա,-դարակաշարեր պիտի տեղադրվեն, ջրի հարցը պետք է լուծվի, խալաթներ հագնեն, հատակը ծածկված լինի, որ լվացվող մակերես ունենա»:

Ջիվան Նորեկյանը պնդում է, որ նույնիսկ աղբի մեքենա է բերել-կանգնեցրել ու բնակիչներին էլ հայտնել, թե կարող են իրենց աղբը այդտեղ թողնել: Ամեն օր, ըստ նրա, այն տեղափոխում է շուկայի ու հարակից շենքերի բնակիչների աղբը:

Իսկ բնակիչները շարունակում են բողոքել աղբի մեքենայից փչող գարշահոտից ու օրերով լցված աղբի մեքենայից: Կարինե Միրզոյանը գտնում է, որ հնարավորինս արագ այդ հարցերը պետք է կարգավորվեն: Արդյոք գիշերային աղմուկը գերազանցու՞մ է սահմանված չափանիշները. գլխավոր բժիշկը կարող է ասել միայն շուկայում աղմուկի ազդեցությունը չափելուց հետո:

Լոռու մարզի դատախազությունն առայժմ ուսումնասիրություն է կատարում՝ սկսած տարածքի հատկացման օրինականության որոշումից մինչեւ քաղաքաշինական ու սանիտարահիգիենիկ նորմերի ստուգումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter