HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը մասամբ փակել է սահմանը Բելառուսի հետ

Ռուսաստանի կառավարությունը որոշել է փակել Բելառուսի հետ սահմանը մարդկանց տեղաշարժի համար։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս պահի դրությամբ Ռուսաստանի ցամաքային 14 սահմաններից միայն երկուսն են բաց (Ադրբեջանի և Ֆինլանդիայի հետ)։

«Մենք նաև որոշել ենք Բելառուսի սահմանի փակման հետ կապված որոշում կայացնել։ Բացի այդ, ձեռնարկել ենք մի շարք այլ կանխարգելիչ միջոցառումներ»,- հայտարարել է Միշուստինը` փոխվարչապետերի հետ ունեցած օպերատիվ հանդիպման ժամանակ։

«Մենք կշարունակենք անել ամեն ինչ նոր վտանգից մեր երկիրը պաշտպանելու համար։ Մեր բոլոր գործողություններն առաջնային ուղղված կլինեն վիրուսի տարածման կանխարգելմանը»,- հավելել է Ռուսաստանի վարչապետը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բելառուսի և Ռուսաստանի վարչապետեր Սերգեյ Ռումասը և Միխայիլ Միշուստինը հանգստյան օրերին ունեցել են հեռախոսազրույց։ Բելառուսի վարչապետի մամլո քարտուղարը հայտնել է, որ Միշուստինը Ռումասին տեղեկացրել է «նոր միջոցների մասին, որոնք կձեռնարկի Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի կանխարգելման համար»։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերել է մարդկանց տրանզիտի ապահովման և COVID-19 կորոնավիրուսի տարածման պայմաններում բեռնափոխադրումների իրականացմանը։ Բելառուսի վարչապետի մամլո խոսնակը նաև հայտարարել է, որ Մինսկը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի հանրապետության քաղաքացիները կարողանան վերադառնալ հայրենիք։

Ավելի ուշ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում համաճարակային վիճակը համեմատաբար հանգիստ է, իսկ «Ռուսաստանում վխտում է կորոնավիրուսը»։

Երկուշաբթի օրը Միշուստինը հայտարարել էր, որ անձամբ կգլխավորի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի՝ կառավարությանն առընթեր ստեղծվող համակարգման կենտրոնը։ Սա արդեն երրորդ նմանատիպ կառույցն է Ռուսաստանում։ Ի սկզբանե ստեղծվել էր կորոնավիրուսի հարցերով օպերատիվ շտաբ, որը գլխավորել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Անցած հանգստյան օրերին նախագահ Վլադիմիր Պուտինը Պետխորհրդում ստեղծել է կորոնավիրուսի հարցերով աշխատանքային խումբ։ Այն գլխավորել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Միշուստինի խոսքերով՝ այս տարվա բյուջեի պահուստային ֆոնդից կառավարությունը կարող է օգտագործել շուրջ 300 միլիարդ ռուբլի՝ առաջնային անհրաժեշտության ծախսեր իրականացնելու համար։ Միշուստինի հանձնարարությամբ կստեղծվի նաև ֆոնդ, որը կպարգևատրի կորոնավիրուսի դեմ պայքարում աչքի ընկած բժիշկներին։ «Բնական է, որ առաջին հերթում են առողջապահական ոլորտի խնդիրները։ Հանձնարարում եմ ապահովել հիվանդանոցային վճարման հատուկ կարգ բոլոր այն անձանց համար, որոնք գտնվում են կարանտինում, ինչպես նաև ապահովել բժշկական հաստատությունների աշխատակիցներին հավելյալ վճարումներ, որոնք կապ են ունեցել կորոնավիրուսի կանխարգելման գործընթացի հետ»,- հավելել է Միշուստինը։

«Ведомости»-ի տվյալներով՝ այդ նախագիծը ենթադրում է օգնություն բիզնեսին, շրջաններին, պետական ընկերություններին, սակայն առաջնահերթ՝ բնակչությանը։ Նախագծի առաջին երկու կետերը ենթադրում են բոլոր այն անձանց փոխհատուցում, որոնք գտնվում են կարանտինում։ Բացի այդ, զբոսաշրջային և ավիացիոն ընկերություններն իրավունք կստանան չվճարել հարկերը։ Ավելի ուշ, հնարավոր է այդ միջոցները տարածվեն նաև տնտեսության այլ ճյուղերի վրա։

Բացի այդ, Միշուստինը հանձնարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային ապահովել օրենսդրական նախաձեռնության արագ ընդունում, ինչը հնարավորություն կտա թույլատրել առանց դեղատոմսի դեղամիջոցների համացանցով պատվիրում։

Լուսանկարը՝ Sputnik.by-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter