HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 18.30-ից կառավարության որոշմամբ Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտեւի մինչեւ ապրիլի 14-ը։ Այն ուժի մեջ կմտնի կառավարության որոշման տեքստը հրապարակելու պահից։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտակարգ դրությունը կարող է որոշ տնտեսական դժվարություններ ստեղծել, սակայն Հայաստանի ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով։ Բանկերն ունեն իրացվելիության բարձր մակարդակ եւ կարող են իրականացնել ֆինանսական անհրաժեշտ գործառնությունները։

Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը, ըստ ԿԲ նախագահ Ջավադյանի, լրացուցիչ միջոցներ կհատկացնի առեւտրային բանկերին։ ԿԲ նախագահը հավաստիացրեց, որ ֆինանսական շուկայում վիճակը կայուն է վերահսկելի։

Ավելի ուշ կառավարությունն ուղարկեց նիստի սղագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում և ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքով: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ը ներառյալ՝ հայտարարել արտակարգ դրություն:

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, ՀՀ ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան աշխատանքների սպասարկումը կապահովեն վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Որոշմամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման:Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավարված առկա իրավիճակը: «Մինչ այս պահը Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում»,-ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի. «Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիներին կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրերը»:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է հանրապետության ֆինանսական համակարգին և նշել. «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որևէ խնդիր չկա, վիճակն ամբողջությամբ վերահսկվում է և կայուն է:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ԿԲ դիմել է առևտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին: «Կենտրոնական բանկը դիմել է բանկերին, որ ընթացիկ ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի և անհատական մոտեցմամբ նաև աջակցություն ցուցաբերվի վարկերի վերկառուցման, որոշ դեպքերում նաև տոկոսների վերակառուցման համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ԿԲ նախագահը հայտնել է, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել են, որ բանկերն առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին:

Ի պատասխան Արթուր Ջավադյանը նշել է. «Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա, այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: «Նախորդ տարի Հայաստանի Կենտրոնական բանկը շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել»,-ասել է վարչապետը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելիության մակարդակը՝ բարձր:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կլինի անհրաժեշտություն կառավարությունը և ԿԲ-ն կցուցաբերեն համապատասխան աջակցություն բանկերին և ընդհանրապես տնտեսությանը՝ իրացվելիության բարձր մակարդակ ապահովելու համար: 

«Իհարկե, մենք հիմա նաև քննարկում ենք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար, բայց ուզում եմ հստակ արձանագրել՝ մենք մեր խնդիրը չենք ձևակերպել այնպես, որ պետք է տնտեսական դժվարությունները հաղթահարենք: Մենք մեր խնդիրն այլ կերպ ենք ձևակերպել, որ մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից:

Մասնավորապես՝ մեր հաշվարկներով համաշխարհային տնտեսական պրոցեսների հետևանքով համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 2 տրիլիոն դոլարի անկում է ակնկալվում: Սա մի կողմից, իհարկե, վատ է, բայց նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրիլիոնի ազատված դաշտ է գոյանալու, և մեր ամբողջ քաղաքականությունը պետք է ուղղված լինի մեր՝ արդեն իսկ երկու տարի առաջ որդեգրած տնտեսական քաղաքականությանը, որի համաձայն՝ տնտեսական ազատվող դաշտում Հայաստանի տնտեսությունը, բիզնեսը պետք է մեծացնի իր ներկայությունը: Եվ ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլև հնարավորություններ, և մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ այս դժվարությունները մեզ համար բացում են նոր հնարավորություններ, և մենք պետք է կենտրոնանանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter