HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Չինաստանում 2 ամիս կարանտինում գտնվող Հայաստանի քաղաքացին խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո «Հետքը» զրուցել է Չինաստանի փոքր քաղաքներից մեկում՝ Շանսյենում 2 ամիս կարանտինի մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Ալետա Հակոբյանի հետ, որը կիսվել է իր և իր ընկերների փորձով, թե ինչպես են կարողացել մնալ արտակարգ դրության պայմաններում, ինչպես են պայքարել կորոնավիրուսի դեմ։ Հիշեցնենք, որ Չինաստանի տարբեր քաղաքներում հունվարի 20-ից հետո հայտարարվել էր արտակարգ դրություն։

-Ալետա, կպատմեք, թե ինչքա՞ն ժամանակ է՝ գտնվում եք կարանտինի մեջ, ի՞նչ սահմանափակումներ ունեք

-Հունվարի 20-ից գտնվում ենք արտակարգ դրությունում։ Մեր փոքրիկ գյուղաքաղաքում (մեկ միլիոն բնակչությամբ) նոր կորոնավիրուսով վարակման ընդամենը 3 դեպք է եղել, բայց ամբողջ քաղաքը կարանտինի մեջ էր։ Շենքերի ելքերից միայն մեկն էր բաց, մյուսները փակել էին։ Այդ մի բաց ելքն էլ հսկում էին հսկիչ-ոստիկանները, և ելքից դուրս եկող յուրաքանչյուր մարդ պարտադիր գրում էր իր անուն-ազգանուն, հեռախոսահամարը, QR կոդ սկան անում, որով հատուկ հավելվածով հետևում էին մարդկանց տեղաշարժին` տեսնելու, թե վարակակիրների հետ շփում ունեցել ե՞ս, թե՞ չէ, սրանից հետո նոր իրավունք ունեիր դուրս գալ։

- Ե՞րբ կարող էիք դուրս գալ տներից

-Տներից դուրս էինք գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում` մթերք գնելու։ Մթերային խանութներ մտնելուց առաջ էլ ջերմաչափում էին, գրում անուն-ազգանունը, հեռախոսահամար ու նոր մտնում խանութ։ Արևմուտքում սա կդիտվի անձնական տվյալների հանրայնացում, բայց էստեղ դրանով կարողացան վերահսկել մարդկանց տեղաշարժը ու կանխարգելել վարակի տարածումը։

Մթերային խանութները միշտ աշխատել են, մթերքի խնդիր երբեք չի եղել, պարզապես մի որոշ ընթացք աշխատելու ժամանակն էր կրճատվել։

-Ինչպե՞ս էիք կարողանում անընդատ մնալ տանը

- Մի օր ձյուն էր եկել, ամբողջ ձմռան ընթացքում առաջին ձյունը։ Ես ինձ չկարողացա զսպել ու իջա բակ։ Բակում դատարկություն էր. մարդ չկար։ Չինացիները կարողացել էին իրենց երեխաներին տանը պահեն` չտրվելով ձյան գայթակղությանը։ Ու ես էդ ժամանակ մտածում էի` կկարողանայի՞նք մենք։ Ես չկարողացա։

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչն օգնեց որպեսզի հաղթահարեն վիրուսի տարածումը

- Մարդիկ անվերապահորեն հավատում են իրենց երկրի ներուժին ու վստահ էին, որ կհաղթահարեն։ Շատերը  գործի չգնացին շուրջ երկու ամիս։ Հարց է առաջանում՝ բա ի՞նչ արեցինք էս ընթացքում. խելոք հետևեցինք հրահանգներին, չխանգարեցինք էն մարդկանց, որոնք պիտի գործ անեին։ Դուրս չեկանք քայլելու, թեպետ շա՜տ դժվար է երկար ժամանակ փակի տակ մնալը։

Մեր փոքրիկ քաղաքը նոր է սկսել աշխուժանալ, փողոցներում արդեն մարդիկ են քայլում, անսովոր ու երկարատև լռությունից հետո մեքենաների ձայները նորից լսվում են։ Դեռևս պաշտոնապես չի հայտարարվել կարանտինից դուրս գալու մասին, սակայն խանութները, սննդի կետերը կամաց-կամաց բացվում են։

-Ալետա, իսկ անհանգստություն, խուճապ չէր նկատվու՞մ

- Անհանգստություն իհարկե կար։ Մարդիկ իհարկե չէին ուզում վարակվել, բայց անհանգստությունը երբեք պանիկայի չվերածվեց, քանի որ մարդիկ լուռ, առանց խուճապի հետևում էին պաշտոնական ցուցումներին` դրանով իսկ հասկանալով, որ իրենք էլ մաս են կազմում վիրուսի դեմ տարվող աշխատանքներին։

-Քիչ առաջ Հայաստանում ևս հայտարարվեց արտակարգ դրություն, ապրելով մոտ 2 ամիս կարանտինում՝ ի՞նչ խորհուրդներ կտաք մեր քաղաքացիներին

- Խնդրում եմ խուճապի չմատնվել, ամեն բան լավ կլինի այն դեպքում, երբ յուրաքանչյուրս գիտակցենք սոցիալական պատասխանատվության մեր դերը և համագործակցենք պետության հետ` կազմակերպված հետևելով բոլոր հորդորներին ու ցուցումներին։

Չինաստանը վիրուսին հաղթեց կազմակերպվածության շնորհիվ։ Վստահ եմ` Հայաստանը նույնպես կհաղթահարի բոլոր քաղաքացիների համագործակցության ու կազմակերպվածության շնորհիվ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter