HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Պետական կառույցը միջամտում է արհմիության գործունեությանը

2005թ.-ի դեկտեմբերի 23-ին Գյումրիի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ջուլիետա Հարությունյանը վատառողջ լինելու պատճառով հրաժարվում է իր պաշտոնից:

2006թ.-ի հունվարի 10-ին Գյումրիի միության արտահերթ համաժողովը 68 պատվիրակների մասնակցությամբ նախագահի պաշտոնում միաձայն ընտրում է Մելանյա Եղիկյանին:

«10 ամիս աշխատելուց հետո ինձ պարտադրում են, որպեսզի ես հոկտեմբերի 17-ին նշանակեմ միության նոր նախագահի ընտրություններ: Ինձ համար պարզ է, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ ես շարունակեմ իմ աշխատանքն այդ պաշտոնում, եւ նոր ընտրությունների միջոցով ցանկանում են զրկել ինձ այդ աշխատանքից: Ես վստահ կարող եմ ասել, որ իմ պաշտոնավարության ընթացքում որեւէ թերացում կամ սխալ չի եղել: Բացի այդ, օրենքի համաձայն, իմ պաշտոնավարության ժամկետը դեռեւս չի լրացել, սակայն, այնուամենայնիվ, ինձ պարտադրում են, որ նշանակվեն նախագահի նոր ընտրություններ»,- ասում է Գյումրիի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Մելանյա Եղիկյանը:

«ՀՀ Արհեստակցական միության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն' արհեստակցական միության ընտրական համաժողովներ հրավիրվում են միայն հինգ տարին մեկ անգամ:

Այս տարի արհմիությունների համար ընտրական տարի է: Ընտրությունների ժամանակ կրթական հաստատությունների ներկայացուցիչները արհմիության համագումարում ընտրում են արհիմության վերստուգիչ հանձնաժողով, նախագահական կազմ եւ նախագահ: Բայց, քանի որ Գյումրիի կրթության եւ գիտության արհմիության նախկին նախագահն իր պաշտոնից հրաժարվել է ժամկետից շուտ, նոր նախագահի ընտրությունները կայացել են արտահերթ: Սակայն դեռեւս չեն ընտրվել արհիմության վերստուգիչ հանձնաժողովը եւ նախագահական կազմը, որոնց ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին:

«Ինձ ստիպում են, որպեսզի ես հոկտեմբերի 17-ի ընտրությունների օրակարգում դնեմ ոչ միայն վերստուգիչ հանձնաժողովի եւ նախագահական կազմի, այլ նաեւ նոր նախագահի ընտրության հարցը: Ու հիմա ինձ բացեիբաց ասում են, որ ես թողնեմ այս աշխատանքը, իսկ իմ մասին հետո կմտածեն»,- ասում է տկն Եղիկյանը:

Ընտրություններին մասնակցելու են Գյումրիի կրթական հաստատությունների ներկայացուցիչները, ովքեր ընտրվել եւ լիազորվել են տվյալ հաստատության կողմից ժողովների արդյունքում:

«Շիրակի կրթության վարչության աշխատակից Վարդան Ասլանյանը պահանջել է, որ ես իրեն ներկայացնեմ դպրոցներում կայացած ժողովների արձանագրությունները եւ ընտրություններում քվեարկելու իրավունք ստացած ներկայացուցիչների ցուցակները: Նրանք իրավունք չունեն նման բան անելու եւ ընդհանրապես միջամտելու արհմիության ընտրություններին, քանի որ օրենքը արգելում է դա»,- ասում է տկն Եղիկյանը:

«Արհեստակցական միությունների» մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է արհեստակցական միության անկախությունը. «Արհեստակցական միությունն անկախ է պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, այլ կազմակերպություններից եւ կուսակցություններից. նրանց հաշվետու չէ եւ նրանց կողմից վերահսկողության ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

Այն, որ Շիրակի կրթության վարչությունը դպրոցներից նույնպես պահանջել է ընտրողների ցուցակները, ինչպես նաեւ շատ կոնկրետ հանձնարարություններ տվել նոր նախագահ ընտրելու վերաբերյալ, հաստատում է նաեւ դպրոցներից մեկի ներկայացուցիչը, որը չցանկացավ հրապարակել իր անունը աշխատանքը չկորցնելու նկատառումներով:

«Անշուշտ, կան մարդիկ, ովքեր ուզում են, որ գործող նախագահն այլեւս չշարունակի իր աշխատանքը տվյալ պաշոնում, եւ նրան փոխարինի մեկ ուրիշը: Մեզ զանգել է Մարինե Պոկացյանը Շիրակի կրթության վարչությունից եւ պարզ ու բացեիբաց հանձնարարել ընտրությունների ժամանակ ձայն տալ Լիլիա Պետրոսյանին: Կրթության վարչությունը պահանջել է նաեւ, որ մենք իրենց ներկայացնենք ժողովների արձանագրությունները եւ ընտրելու իրավունք ստացած մարդկանց ցուցակները: Մենք գոհ ենք գործող նախագահից, այս տասը ամսվա ընթացքում աշխատանքը կատարվել է, եւ ինձ համար զարմանալի է նրան աշխատանքից զրկելու այս ակնհայտ տրամադրվածությունը»,-ասում է մեր աղբյուրը:

Մարզպետարանի Կրթության վարչության բաժնի պետ Վարդան Ասլանյանը հերքեց այս տեղեկատվությունը. «Ես' որպես բաժնի պետ, իմ աշխատակիցներին նման բան անելու հանձնարարություն չեմ տվել եւ իմ սենյակում չունեմ այդ ցուցակները»:

Կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ռաֆիկ Նալբանդյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:

Մելանյա Եղիկյանը մինչեւ արհմիության նախագահ ընտրվելն աշխատել է Գյումրիի թիվ 41 դպրոցում' որպես փոխտնօրեն: Իր նախկին աշխատանքին նա այլեւս չի կարող վերադառնալ, քանի որ այն արդեն զբաղեցված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter