Առաջարկվում է նոր պատասխանատվություն սահմանել հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության համար
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է Քրեական օրենսգրքում նոր դրույթով պատասխանատվություն նախատեսել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար:
Նման առաջարկություն է Պետական եկամուտների կոմիտեն ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նոր հոդվածը թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին, համեմատական առավել մեղմ պատժաչափեր կնախատեսի:
Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի պետական սահմանով հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափերով և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի պրեկուրսորների խոշոր չափերով մաքսանենգությունը կպատժվի ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Եթե այդ մաքսանենգությունը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կնախատեսվի պատիժ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Եթե հոգեմետ նյութերի մաքսանենգությունը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից, մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով կպատժվի ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Նախագծով քրեական պատասխանատվությունը առաջարկվում է սահմանել սկսած զգալի չափերից, քանի որ մանր և մանր չափից ցածր քանակությունները չունեն քրեաիրավական հանրային վտանգավորություն, ի տարբերություն` թմրամիջոցների:
Նշենք, որ այժմ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախատեսված է Քրեական օրենսգրքի նույն հոդվածով: Այնինչ ՊԵԿ-ը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության առարկաների համար միասնական պատժողական համակարգ սահմանելն արդարացված և հիմնավորված չի համարում՝ կրիմինալոգիական, մարդասիրական և սոցիալական տեսանկյուններից:
Պետական եկամուտների կոմիտեն ընդգծել է, որ թմրամիջոցներն հիմնականում անօրինական շրջանառության մեջ են թմրաբիզնեսի հանցավոր գործունեության արդյունքում` թմրամոլությամբ տառապող անձանց կողմից դրանց վերջնական սպառման նպատակով: Դրա դիմաց մեծ մասամբ կատարվում են վճարումներ, ընդհանուր օրինական տնտեսության մեջ շրջանառվող գումարները տեղափոխում է ստվերային շրջանառություն, այնուհետև տեղի է ունենում փողերի լվացում: Արդյունքում՝ անխուսափելիորեն վնաս է պատճառվում ինչպես տնտեսությանը, այնպես էլ` բնակչության առողջությանը:
«Հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը գործնականում հանդիպում են միայն պատրաստի դեղորայքի մեջ որոշակի չափաքանակների տեսքով, ընդ որում՝ նշված դեղերը, անկախ նրանից ՀՀ-ում գրանցված են, թե՝ ոչ, ունենում են գործարանային ծագում, փաթեթավորում և պիտակավորում, որոնք շատ դեպքերում համաշխարհային ճանաչում ունեցող դեղագործական ընկերությունների արտադրանք են հանդիսանում»,- նախագծում նշել է կոմիտեն:
Ըստ ՊԵԿ-ի՝ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաքսանենգությունների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ նման պարունակությամբ դեղորայքները մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում են հիմնականում տարբեր հիվանդություններ կամ առողջական խնդիրներ ունեցող անձանց համար՝ որպես օգնություն: Շատ դեպքերում նման դեղորայքներ ուղարկվում են հիվանդ անձանց ազգականների կամ մերձավոր ազգականների կողմից, ովքեր տվյալ դեղորայքն իրենց գտնվելու երկրներում ձեռք են բերում օրինական կարգով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել