Երևանի քաղաքապետն Արաբկիրում տեսել է և լավը, և վատը
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային շրջայցը Արաբկիր վարչական շրջանում սկսվեց Բաղրամյան 42-ից 46 շենքերի բակից: Նախկինում բնակիչների կողմից հողազավթած և աղբավայրի վերածված այս տարածքի փոխարեն այսօր բարեկարգ բակ է: Մաքրման աշխատանքներից բացի' այստեղ նաև ծառատունկ է իրականացվել:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացավ նաև Հակոբ Հակոբյան փողոցում ընթացող կրպակաշարերի վերանորոգման աշխատանքներին: Առևտրի կետերի արտաքին տեսքն ամբողջությամբ նույնացվել է:
Մերգելյան ինստիտուտի հարակից պուրակում նկատելով որոշ թերություններ' Կարեն Կարապետյանը տնտեսվարողներին հանձնարարեց կատարել վարձակալության պայմանագրային պարտավորությունները' բարեկարգել այգու ողջ տարածքը և հատուկ ուշադրություն դարձնել սիզամարգերի ու ծառերի խնամքին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ' Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց նախատեսվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Քաղաքապետը հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել բակերի բարեկարգման, կանաչապատման և տնտեսվարողների կողմից այգիների, պուրակների բարեկարգման աշխատանքներին:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի շենքերի մաքրման և բարեկարգման ծրագիրը կենտրոնից կտեղափոխվի նաև մյուս վարչական շրջաններ: Օրինակ' Արաբկիրում շենքերի ճակատային մասերի լվացման և մաքրման աշխատանքներ են նախատեսվում Կիևյան փողոցում:
Պատկերը մտահոգիչ էր «Արաբկիր» զբոսայգում: Վարձակալությամբ տրված այգում տնտեսվարողը բարեկարգման աշխատանքներ չի իրականացնում և, Էդուարդ Մուշեղյանի խոսքով, առաջիկայում հնարավոր է, որ այստեղ դադարեցվի վարձակալության պայմանագիրը:
Կիևյան 2 և 4 հասցեներում գտնվող բակը Արաբկիրի օրինակելի բակերից է: Ծանոթանալով համատիրության իրականացրած աշխատանքներին' քաղաքապետը, խոստացավ որպես բարեխիղճ համատիրություն նրանց նվիրել խոտհնձող ժամանակակից սարքավորում:
Շրջայցից հետո քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: «Եթե համակարգված չաշխատենք, տարեցտարի տեղափոխվող խրոնիկ խնդիրներ ենք ունենալու: Դրա համար պետք է ունենանք միասնական աշխատաոճ, արդյունավետ կառավարում և ճիշտ գնահատենք մեր ձեռքբերումներն ու թերությունները»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով վարչական շրջանի խնդիրներին' նա նախ և առաջ կարևորեց համատիրությունների կայացման գործընթացը և շեշտեց, որ հենց այս օղակի արդյունավետ աշխատանքով է պայմանավորվում շատ ու շատ խնդիրների լուծումը:
«Անշուշտ պետք է հարամարավետ միջավայր ստեղծել բնակչի համար, բայց և բնակիչն էլ պետք է իմանա, որ շատ ու շատ խնդիրներ, որոնք առկա են հատկապես բազմաբնակարան շենքերում, կարող են լուծվել բացառապես իր հետևողականության շնորհիվ: Նրանք պետք է հնարավորին տեղեկացված լինեն համատիրության գործառույթներից: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք աջակցել այն համատիրություններին, որոնք արդեն կայացել են, որ մյուսներն էլ օրինակ վերցնեն նրանցից»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել