HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ֆրանսիան կպատժի՞ Հայոց ցեղասպանությունը ուրացողներին

Թուրքիան պատասխան կտա խորհրդարանի երեքշաբթի օրվա արտակարգ նիստում

Ֆրանսիայի Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին 106 «կողմ» եւ 19 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Եթե այն վավերացվի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, իսկ Ֆրանսիայի նախագահը ստորագրի օրինագիծը, ապա Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը հերքողները կենթարկվեն մինչեւ մեկ տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի: Նշենք, որ Ֆրանսիայում գործում է օրենք, որով դատական հետապնդման են ենթարկվում նրանք, ովքեր հերքում են հրեական ողջակիզումը՝ Հոլոքոստը:

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը համաձայն է, որ քաղաքական հաշվարկներն իրենց դերակատարությունն ունեցել են, բայց միայն այդ հաշվարկներով չէ, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է նման օրինագիծ: Նա չի բացառում, որ Սենատը եւս կընդունի օրինագիծը, եւ այդ դեպքում Ֆրանսիայի նախագահը կստորագրի:

«Կա քաղաքական հաշվարկ ոչ անպայման հայերի վրա, այլ Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության դեմ Ֆրանսիայում տիրող ընդհանուր մթնոլորտը նկատի առնելով, որտեղ բնակչության մեծամասնությունը դեմ է, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Նույնիսկ Ժակ Շիրակը հայտարարել էր, որ Թուրքիայի անդամակցության դեպքում պետք է հանրաքվեով որոշվի Ֆրանսիայի կեցվածքը: Նկատի առնելով, որ քաղաքական այս հաշվարկը կա, չեմ բացառում, որ Սենատը եւս օրենքի ուժ տա Ազգային ժողովի օրինագծին: Կմնա, որ նախագահը ստորագրի: Եթե իսկապես չեն ուզում, արդեն Սենատում կխոչընդոտեն, բայց, կարծում եմ նաեւ, որ այսքանը թողնելուց հետո Սենատն էլ կհաստատի, որովհետեւ այլապես կնշանակի պարզապես Թուրքիային ինչ-որ տեղ ջղայնացնել՝ առանց իրական արդյունքի հասնելու»,-ասում է Մանոյանը:

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ չի պաշտպանում 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի Սենատում: «Սա երկարատեւ օրենսդրական գործընթացի միայն սկիզբն է: Յուրաքանչյուր փուլում կառավարությունն այդ օրինագծի առնչությամբ կշարունակի հայտարարել իր դիրքորոշման մասին»,-ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Եվրամիությունը, որի օրենսդիր մարմինն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի՝ ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունումը: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը հայտարարել է, որ այն «հակաարդյունավետ բնույթ» է կրում:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը եւս քննադատել է Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինագիծը' նման որոշումների կայացումը բնորոշ համարելով բռնապետական վարչակարգերին: «Ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումը միայն խորացնում է հակասությունները եւ չի նպաստում բանավեճերի առաջընթացին»,-ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը խորհրդանշական է համարում, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը կայացվել է հենց նույն օրը, երբ Նոբելյան մրցանակ շնորհվեց թուրք գրող Օրհան Փամուքին, ում Թուրքիայի իշխանությունները հետապնդել են Հայոց ցեղասպանությանն առնչվող հայտարարությունների համար:

Անկարան առավել քան անհանգիստ եւ ջղային արձագանքեց' օրինագիծը որակելով «սեւ բիծ»: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, որ այս անգամ իրադարձությունը մոռացության չի մատնվելու, ինչպես 2001 թվականին, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ: Գյուլն ասել է, որ առաջիկա երեքշաբթի Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կգումարի հատուկ օրակարգով նիստ, որի ընթացքում կքննարկվեն Ֆրանսիայի հետ ամեն տեսակի երկկողմ շփումների սառեցման, բոլոր գործարքներում ֆրանսիական ընկերությունների նկատմամբ «կարմիր քարտի» կիրառման, ինչպես նաեւ երկկողմ ռազմական կապերի սառեցման հարցերը:

2001թ., երբ «Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը» մեկ նախադասությամբ ֆրանսիական խորհրդարանը կայացրել էր որոշում, Թուրքիան սպառնում էր տնտեսական քայլերի դիմել, խզել որոշ տնտեսական պայմանագրեր, արգելել, որ ֆրանսիական ընկերությունները մասնակցեն աճուրդների, սակայն ընդամենը մի քանի ամիս անց ամեն ինչ վերականգնվել էր: Փաստորեն, հինգ տարի առաջ թուրքական սպառնալիքները մնացին լոկ սպառնալիքներ:

«Հիմա, երբ թուրքերը նորից են նույն սպառնալիքները տեղում, կարելի է ասել, որ դա Ֆրանսիայում անտեսվում է, եւ սա է, հավանաբար, որ Անկարային անհանգստացնում է եւ նյարդայնացնում: Միջազգային արձագանքն իսկապես աննախադեպ էր, 25 տարի հետեւում եմ Ցեղասպանության խնդրի միջազգային արծարծմանը, նման բան չեմ տեսել: Թուրքերը մեզ շատ են օգնել. իրենց աղմուկը մեր փոքր ճիգերն անգամ բազմապատկում է: Իսկ օրինագծի ընդունման օրը Թուրքիայի բախտն իրոք չէր բերել, որովհետեւ Ցեղասպանությունը այս կամ այն կերպ ընդունող, տաղանդավոր գրող Օրհան Փամուքը Նոբելյան մրցանակ ստացավ: Միջազգային լրատվամիջոցների համար այս երկուսը միասին դարձան օրվա խնդիր»,-ասում է Մանոյանը:

Օրհան Փամուքը երկու տարի առաջ շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիայում սպանվել է «1 միլիոն հայ եւ 30 հազար քուրդ», եւ ոչ ոք, իրենից բացի, համարձակություն չունի Թուրքիայում այդ մասին բարձրաձայնել, ինչի առնչությամբ գրողի դեմ քրեական գործ էր հարուցվել իր հայրենիքում:

Ի դեպ, Փամուքը եւս քննադատել է Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինագիծը՝ ասելով, թե դա համահունչ չէ ֆրանսիական լիբերալիզմի ավանդույթներին:

Պաշտոնական Երեւանի արձագանքը

Ինչպես հայտնի է, Հայաստանը արտաքին քաղաքականության օրակարգում 1998թ. դրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, սակայն, մյուս կողմից, Երեւանը հայտարարում է, որ դա նախապայման չէ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում:

«Ֆրանսիայի Ազգային Ժողովի որոշումը բնական շարունակությունն էր Ֆրանսիայի սկզբունքային եւ վճռական պաշտպանությանը մարդասիրական եւ պատմական իրավունքներին եւ արժեքներին: Այս որոշումը նաեւ բնական արձագանք էր հայերի ցեղասպանության հարցում Թուրքիայի պետության կողմից ինտենսիվ, պաշտոնական, ագրեսիվ ժխտողականությանը: Նման որոշում ընդունելը Ֆրանսիայի խորհրդարանի ինքնիշխան իրավունքն է, եւ դա հասկանալի է: Մեզ համար անհասկանալին Թուրքիայի կառավարության կողմից հասարակությանը ծայրահեղ հակազդեցության հրահրելն է, հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան ինքն օրենք ունի, որով քրեական պատիժ է սահմանում նրանց նկատմամբ, ովքեր ընդամենը օգտագործում են ցեղասպանություն բառը կամ համարձակվում են քննարկել այդ իրադարձությունները»,- հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Իսկ ահա Հայաստանի խորհրդարանը, տարված լինելով «կրիմինալի դեմ պայքարի ազգանվեր գործով» եւ պատգամավոր Հակոբ Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկել-չզրկելու «շոու»-ով, ընդհանրապես մոռացել էր, որ հենց իրենց ֆրանսիացի գործընկերներն են նախաձեռնել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը:

Հայաստանի խորհրդարանի հոկտեմբերի 13-ի արտակարգ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ Հակոբ Հակոբյանի «շոուն»: Պատգամավորներից միայն Հմայակ Հովհաննիսյանն էր հիշել, թե մեկ օր առաջ ինչ որոշում են ընդունել իրենց ֆրանսիացի գործընկերները: Ճիշտ է, քիչ անց փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր. «Ավելի լավ կլիներ խորհրդարանի նիստը սկսել ֆրանսիացի գործընկերներին ուղղված շնորհակալական դիմումով' Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագծի ընդունման համար»:

Պաշտոնական Բաքվի արձագանքը

«Մենք մեծ տարակուսանքով ու անհանգստությամբ ընդունեցինք հայերի ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագծի շուրջ Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացած քվեարկությունը: Ցավոք, Հայաստանն ու նրա սփյուռքը խաղաղության ու կայունության գործում ավանդ ներդնելու փոխարեն շարունակում են խիստ ապակառուցողական դեր խաղալ տարածաշրջանում: Հաշվի առնելով, որ այդ նախաձեռնությունը հետագայում կարող է հաստատվել նաեւ Սենատում, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի խորհրդարանին՝ այդ հարցին մոտենալ առավել զգուշավոր, անկողմնակալ ու հաշվեկշռված»,-նշվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Այսօր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հայերի ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ նախատեսող օրենքի ընդունումը մեկ անգամ եւս ապացուցում է, թե այդ երկիրը որքան հեռու է անաչառության եւ արդարության սկզբունքներից, եւ նրա կողմնակալ դիրքորոշումը թուրքերի նկատմամբ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան օրեցօր կորցնում է վստահությունը, եւ այդ երկիրը այլեւս ոչ մի բարոյական իրավունք չունի շարունակելու միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս տեսանկյունից Ադրբեջանը պետք է հրաժարվի Ֆրանսիայի միջնորդական առաքելությունից եւ ապահովի Ֆրանսիայի հեռացումը Մինսկի խմբի գործունեությունից»,-ասվում է Ադրբեջանի մոտ 400 ոչ կառավարական կազմակերպությունների ազգային համաժողովի տարածած համատեղ հայտարարության մեջ:

Բաքվի ջղաձգությունը առավել քան հասկանալի է: Ադրբեջանական իշխանությունները ամեն կերպ փորձում են աջակցել իրենց թուրք ազգակիցներին, քանի որ հենց վերջիններս են 1993թ. ի վեր Հայաստանը շարունակում պահել շրջափակման մեջ՝ ի համերաշխություն ադրբեջանցի եղբայրների Լեռնային Ղարաբաղի հարցում: Բաքվում ակնհայտորեն կա այն մտահոգությունը, որ, ի վերջո, Թուրքիան կարող է տեղի տալ եվրոպական ճնշումներին եւ բացել Հայաստանի հետ սահմանը, Երեւանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ:

Հնարավո՞ր է, արդյոք, Անկարան տեղի տա: Կիրո Մանոյանը կարծում է, որ Թուրքիան արագ եւ դրական պատասխան չի տա: «Սահմանի բացումը մեկ օրվա հարց չէ, Եվրախորհրդարանի որոշումներով թուրքերին հաճախ են այդ մասին հիշեցնում: Սահմանների բացումը հրատապ հարց է, բայց Թուրքիան արագ պատասխան չի տա մի քանի պատճառներով. նախ՝ որովհետեւ չի ուզենա թույլ երեւալ, երկրորդ՝ Թուրքիայում եկող տարի ընտրություններ են, որը ինչ-որ չափով նրանց կկաշկանդի, երրորդ՝ այն բուն պատճառը, որ սահմանը փակել են, այդ պատճառը չի վերացել. եթե Հայաստանի հետ սահմանը բացեն, պետք է նկատվեն դասալիք Ադրբեջանի նկատմամբ: Այդ վիճակից դուրս գալը այդքան էլ հեշտ չէ, եւ կասկածում եմ, որ Թուրքիան սահմանի բացման ուղղությամբ շուտ քայլերի կդիմի: Սահմանը բացելու առումով իրական ճնշումը պետք է լինի Ադրբեջանի վրա, ճիշտ է՝ Արեւմուտքը փորձում է հասկացնել, որ Ղարաբաղի հարցը կարգավորվելու դեպքում հաջորդ օրը հայ-թուրքական սահմանը կբացվի: Իմ կարծիքով՝ իրականությունը հակառակն է, սահմանի բացման դեպքում Ղարաբաղի հարցը կկարգավորվի»,-ասում է Մանոյանը:

Պոլսահայերի արձագանքը

Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինագծի ընդունման առնչությամբ՝ նշելով, որ ֆրանսիացիները «սաբոտաժի ենթարկեցին» հայ-թուրքական երկխոսությունը: Հայոց պատրիարքն ասել է, որ Թուրքիայի հայերը «ուշադրությամբ եւ մտահոգությամբ» հետեւում են իրադարձությունների զարգացմանը եւ ակնկալում են «հասարակական կարծիքի առավել նրբանկատ վերաբերմունք» իրենց նկատմամբ՝ հաշվի առնելով, որ իրենք «ո՛չ սփյուռքահայ են, ո՛չ էլ Ֆրանսիայի քաղաքացի»: «Այդ օրինագծի առնչությամբ Թուրքիայի հայերն իրենց նկատմամբ լուրջ ճնշում են զգում: Այդ պատճառով Ստամբուլի նահանգապետարանին խնդրել ենք ապահովել եկեղեցու եւ ազգային դպրոցների անվտանգությունը»,-ասել է արք. Մութաֆյանը:

Իսկ ահա Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, ազատ արտահայտվելու համար ներկայումս հետապնդման տակ գտնվող Հրանտ Դինքը հայտարարել է, որ Թուրքիան պետք է սառնասրտորեն ընդունի Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը պատժող օրինագծի հաստատումը: Դինքն ասել է, որ Թուրքիան չպետք է զայրանա եւ մի կողմ նետի իր ներսում կատարելիք անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները: «Հակառակը, Թուրքիան պետք է սառնասրտություն դրսեւորի եւ ավելի առաջ ընթանա: Իմ կարծիքով՝ կարեւոր է, որ ավելի շատ ջանքեր գործադրվեն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ու երկխոսությունը զարգացնելու համար: Թուրք եւ հայ ժողովուրդներն իրար հետ երկխոսելու հիմքեր պետք է որոնեն»,-ասել է նա:

Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցների, առաջին հերթին' Պոլսի հայոց պատրիարքի կեցվածքը հասկանալ կարելի է: Հենց նրանք են նաեւ դառնում թուրքերի «աչքի փուշը», երբ որեւէ երկրի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը: Ընդհանրապես, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները առաջին հերթին տվյալ երկրի քաղաքացիներն են: Եվ այս առումով Թուրքիան բացառություն չէ: Օրինակ՝ 1993թ. հուլիսին, երբ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական ուժերը գրավեցին Աղդամը, Իրանի կրոնապետ այաթոլլա Ալի Խամենեին ոչ միայն ինքը դատապարտեց «հայկական ագրեսիան», այլեւ նրա ճնշման տակ իսլամական հանրապետությունում գործող հայկական եկեղեցու երեք թեմերի առաջնորդները եւս դատապարտեցին հայկական ուժերի գործողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter