HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուդիի «Ոսկե քաղաքը»

Նորքի ծերանոցում գտնվող 75-ամյա Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը (Ուդին) իր կյանքի 45 տարին անցկացրել է Հայաստանի գրեթե բոլոր ազատազրկման վայրերում: Դատապարտվել է ազատազրկման 15 անգամ: Նստել է «Դքի Նորոյի» ընկեր «Շդռի», «Ճլե Սամսոնի», «Յուրի Երվանդովիչի», «Սվո Ռաֆի», «Խոյ Ռաֆի», «Պողոսիկի», «Կալաշի», «Քաչալ Սքեի», «Մուկ Ռաֆի», «Տիժոյի» եւ այլ հեղինակությունների հետ: Նա հրատարակության է պատրաստում իր «Ոսկե քաղաքը» ինքնակենսագրական վիպակը:

Առանց երկմտելու կարող ենք փաստել, որ այն նոր խոսք է «Բանտային գրականության» մեջ: Վիպակի հերոսներն իրական մարդիկ են, որոնց անունները առասպելական ազդեցություն ունեին եւ հիմա էլ ունեն հանրության համար: Սակայն նախկին խորհրդային ազատազրկման վայրերը տեսադաշտից դուրս էին: Եվ չկար այն համարձակը, ով իրականության այսօրինակ պատկերը կհամարձակվեր հրապարակել: «Ոսկե քաղաքի» մարդիկ մեր պատկերացրած հեղինակությունները չեն՝ հաստավիզ ու ապահով, իշխանական կերակրատաշտից օգտվող, մտավոր հետամնացի բութ հայացքով, սառնասիրտ ու կատարող: Ուդին ջարդում է մեր բոլոր այն պատկերացումները, թե բոլոր դատապարտվածները հանցագործ են: Այսուհետ կներկայացնենք հատվածներ նրա վիպակից:

Ռուզան Մինասյան

Կրիմինալի փորձություններն անցա...

1960 թիվն էր, կինո «Երեւանից» Լենինի հրապարակ (այդպես էր կոչվում Հանրապետության հրապարակը) տանող ճանապարհին' մայթին, կանգնեցի ու հետաքրքրությամբ նայում էի մի արտասահմանյան մեքենայի, որի շուրջը կանգնած էին չորս երիտասարդներ: Նրանք ինձ չէին հետաքրքրում, մեքենան էր նորույթ ինձ համար: Չեմ խոսել կամ որեւէ բան հարցրել, միայն նրանցից մեկի հարցին եմ պատասխանել: Հարցրեց. «Արա՛, ի՞նչ ես կայնե պշում, գնա ճամփեդ էլի»: Ես միայն պատասխանել եմ. «Քեզ ի՞նչ»: Երեւի ավել բան սկի պետք էլ չէր, հիշում եմ, որ թեւերս ոլորած քաղմասում ծեծում էին:

Հաճելի չէ հիշելը եւ ոչ էլ ընթերցողին ձանձրացնելը, կարեւորը շարունակությունն է:

Կրիմինալի բոլոր փորձություններն անցա: Օպերատիվ քննություններ, նախաքննություն: Ապացուցվեց կատարածս, բայց չկատարած ծանր հանցագործությունը, որը համապատասխանում էր քրեական օրենսգրքի 97 պրիմ հոդվածին' օրգանի դիմադրություն ( մինչեւ տասը տարի ) , 98 հոդվածի 2-րդ մասին' մինչեւ մեկ տարի խուլիգանության համար, ու տարան նախնական կալանքի խցիկ, որը կոչվում է Խկի, իսկ հետո՝ Երեւանի կենտրոնական հ.1 քննչական մեկուսարան:

Դատարանում պարզվեց, որ այդ չորս անձնավորությունները միլիցիայի վարչության աշխատակիցներ են, որոնցից երկուսը' ըմբշամարտի ու վոլեյբոլի մարզիչներ:

Ինցիդենտը սկսվել էր իմ ու վոլեյբոլի մարզիչ Աբոյի հետ, բայց քանի որ իրանք միլիցիայի աշխատողներ էին, ուրեմն իմ պատասխանը' «Քեզ ի՞նչ», որակավորվում էր ինչպես օրգանի դիմադրություն: Այդ հսկաները անամոթաբար ցուցմունք տվեցին դատարանին, որ ես իրենց ծեծի եմ ենթարկել, խոշտանգել, սպառնացել եւ արել եմ այն ամենը, ինչ կարող էր անել «գայլերի ոհմակը» մի «անմեղ գառնուկի» հետ:

Դատարանը բավականին գովաբանեց ինձ, վերաորակավորեց որպես հերոսի ու դատապարտեց մեկ տարի ժամանակով կալանքի:

Ահա թե ինչու էի անվանել սպրինտ, ստարտը տրվեց, ծունկս գետնից կտրվեց 1960 թվի հունիսի 17-ին, սկսեցի վազքս, բայց չգիտեի, թե քանի մետր է մինչեւ ֆինիշը, քանի մետրանոց վազք է: Այդ մասին կիմանանք գրքի վերջում:

Առաջին անգամ էի բանտում, բայց հասկացա, որ միգուցե հենց այս բարդությունների ու դժվարությունների մեջ կգտնեմ այն ամենը, ինչ փնտրում է սիրտս ու հոգիս: Երկու ամիս 28-րդ խցիկում մնացի Դքի Նորոյի ընկեր Շդռի հետ միասին, հետո տարան գաղութ՝ Համոյի գյուղ: 17 օր մնացի գաղութում, ու քանի որ գործս կապված էր միլ. վարչության աշխատակիցների հետ, գաղութների վարչության պետ Ավչյանը վրեժ լուծեց. հատուկ որոշումով ինձ տեղափոխեցին Կամո (Քյավառ) քաղաքի բանտ, որն ըստ ռեժիմային կարգի «Սպեց» էր, անդրկովկասյան օկրուգի: Քյավառի բերդի բանտի պետն էր Խամբեկյանը:

Այդ ժամանակ դեռ գործում էր 1947 թվի քրեական օրենսգիրքը (Կոդեքսը), ընդամենը երեք ռեժիմ գոյություն ուներ' գաղութային, սպեց, փակ (սկրիտի): Միայն 1961 թվի ամռանը նոր քրեական օրենսգրքով կալանավայրերի ռեժիմային սիստեմը փոխվեց հինգ ռեժիմային կալանավայրերի' ընդհանուր, խստացված, խիստ, հատուկ ու փակ: Այդ տարի տեղի ունեցավ երեք սենսացիոն իրադարձություն: Օրենսգրքի փոփոխումը, փողերի փոխվելը ու ապրիլի 12-ին Գագարինի թռիչքը դեպի տիեզերք:

Ինձ բերեցին Քյավառի բերդ: Ընդունելության հանձնաժողովը նստած (ադմինիստրացիայի կազմով) կալանավորներին տկլորացնում էր, ինչպես մայրն է ծնում, մի քանի շաբլոն ու անիմաստ հարցեր տալուց հետո կամենդանտը հանված շորերը մտցնում էր թղթե տոպրակի մեջ, վրան անուն, ազգանուն գրում ու տանում էր պահեստ, իսկ կալանավորին տալիս էին հատուկ շորեր, միայն իրանցը' պետական, սեփական միայն թաշկինակ կարելի էր վերցնել: Կարեւոր չէր, թե տվյալ կալանավորը ինչ համարի, չափի բատինկաներ, սպեցովկա, գլխարկ կամ տելեգրեյկա է հագնում, ինչ որ կա, նա էլ պետք է վերցնես: Կրկեսում շներին ու կապիկներին որ շոր են հագցնում անգամ, իրանց վրայով է լինում: Այդ պրոցեսը ավարտելուց հետո կալանավորը բանտի աստիճաններով բարձրանում էր մինչեւ առաջին եւ երկրորդ հարկերի միջեւ եղած տարածությունը, որտեղ մի մարդ էր կանգնած' շուկայի կշեռքը առջեւը դրած, իսկ կողքին մինչեւ առաստաղը բամբակ ու դարսած մատրասովկա: Մատրասովկան ստանալուց հետո այդ մարդը կշռում էր մեկ կիլոգրամ բամբակ, լցնում մատրասովկայի մեջ ու տալիս էր կալանավորի շալակը: Բարձրանում էինք երկրորդ հարկ, որտեղ խցիկներն էին:

Անցա սահմանված պրոցեդուրան: Մեր էտապում եղած կալանավորների հետ միասին, բերդում եղածը յոթանասուն հոգի էինք' հիսունը օրենքով գողեր էին, իսկ քսանս' հարիֆներ: Մինչեւ մեր էտապի բերդ գալը, եղածներին էլ էին մի քանի օր առաջ բերել, նոր էին բացել բերդը վերանորոգումից հետո, բայց պատերը դեռ մամռակալած էին: Առաջին մի քանի օրը արգելված էր կալանավորներին խցիկից խցիկ գնալը, իրար հետ շփվելը, մինչեւ օպեր մասը համոզվի' չկա՞ն, արդյոք, կոնֆլիկտ ունեցողներ նոր եկածների ու բանտում եղածների միջեւ՝ հետագա անախորժություններից խուսափելու համար: Բոլորիս հարաբերությունները նորմալ էին, բացեցին խցիկների դռները, հանդիպեցինք միմյանց, ծանոթացանք, բայց նորեկներին հյուրասիրելու բան չկար' ո՛չ ուտելու, եւ ո՛չ էլ ծխելու: Բոլորն էլ ստանում էին չորս հարյուր գրամ հաց, առավոտյան՝ մի շերեփ շիլա, ճաշին՝ բորշչ, եւ երեկոյան՝ կրկին մի շերեփ շիլա: Այլ ուտելիք, որպես դասակարգ, բացակայում էր: Արդեն ուշ աշուն էր, եղանակները՝ ցուրտ, խոնավ, առանց բուշլաթի ու բատինկաների հնարավոր չէր: Ընդամենը հինգ մեծ ու փոքր խցիկներ էին զբաղեցված կալանավորներով: Առավոտյան ժամը 8-ին հսկիչները բաց էին անում խցիկների դռները, կարելի էր խցիկից խցիկ գնալ-գալ, մի ընդհանուր կարիդոր էր, մի զուգարան ու մի տասնհինգ քառակուսի մետրանոց պրագուլոչնի դվոր: Ամբողջ օրը խցիկների դռները բաց էին, իսկ երեկոյան ժամը 10-ին յուրաքանչյուր կալանավոր պետք է լիներ իր խցիկում փակված, մինչեւ հաջորդ առավոտվա ժամը 8-ը: Դրանք էին բերդի հնարավորություններն ու ռեժիմի դրվածքը:

Բերդում գողերի մեծամասնությունը տարեց տղերք էին, երիտասարդ գողերն ավելի քիչ էին: Ամենից տարեց ու հեղինակավոր գողերի մեջ Ճլե Սամսոնն էր, հետո' Տիժոն, Պողոսիկը (Սարաջովից), Աքեն՝ իր գործով Բայբուրթյան Վիտյան (ակադեմիկոս Բայբուրթյանի տղան), հոկտեմբերյանցի կուտյապ Ժոռը, Կոկոլը եւ շատ ուրիշներ: æահելներից՝ Խոյ Ռաֆը, ամենաերիտասարդը Մկան Ռաֆն էր: Թող ինձ ներեն, իմաստ չունի բոլորի անունները շեշտել:

Այդպես, առաջին օրը ծանոթացա իմ բախտակից ընկերների հետ: Գիշերն անցավ, ծանր օր էր: Ես առաջին անգամ էի գտնվում նման մարդկանց շրջապատում, այն էլ՝ բանտում: Այդ բանտը կառուցվել էր 1905 թվականին տեղի բնակիչ ոմն աքսորյալի կողմից: Ռուսաստանի աքսորավայրերից վերադառնալուց հետո նա կառուցել էր այդ բանտը իր սեփական ուժերով, որ հայ կալանավորներին չտանեն Հայաստանից դուրս: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ, բայց երեւի ժամանակներն են դա թելադրել: Ինչեւէ, մի փոքր տարօրինակ էր ինձ համար: Սակայն ես իմ էությամբ անթերի տղա էի, որի հետեւանքով էլ ինձ մոտ վախը փոխարինվեց հետաքրքրասիրությամբ:

Ծանոթության ընթացքից ակնհայտ էր, որ իմ անձով շատ են հետաքրքրվում: Հետո, երբ հնացա, պարզվեց, որ չէի սխալվել: Դրա իմաստն այն էր, թե գող չի, ջահել հարիֆ ա, առաջին անգամ դատված, էս խի՞ են բերել սպեց... հիսուն գողի մեջ: Այդպիսի տարօրինակ երեւույթը երկակի իմաստ ունի: Կամ վտանգավոր հանցագործ է, կամ' «Սետկա»: Այսպես է կոչվում այն անձնավորությունը, որին օպերատիվ նպատակներով խառնում են գողերի ու գողական անթերի (մաքուր) տղեքի հետ՝ գաղտնի խոսակցությունները լսելու, չբացահայտված գործերից օպեր մասին ինֆորմացիա հայտնելու համար, մի խոսքով՝ շպիոն: Չնայած կոնտինգենտը այնպիսի փորձառու տղերք էին, որ ինչքան էլ պատրաստված ու կոնսպերատիվ շպիոն լիներ, միեւնույն է, լավ, մաքուր մարդու տեղ չէր անցնի: Շատ տանջված, չարչարանքներ տեսած տղերքից որոշ կալանավորների առողջության 2/3-ը չկար, բայց պայքարում էին կյանքի համար, այն կյանքի, որը չտեսան իրենք, բայց հիմա տեսնում են շատերը:

Ճիշտ է, կյանքը թանկ է, բայց կյանքից առավել գերադասում էին պատիվն ու արժանապատվությունը: Այդ բոլորը տեսնելով' ես էլ չսխալվեցի իմ պահելաձեւը ճիշտ դրսեւորելու հարցում եւ չսխալվեցի նաեւ այն անձնավորության հարցում, որին ավելի մոտիկից ծանոթացա:

Ճլեն 1906 թվականի ծնունդ էր, չէր հիշում իր ծնողներին, մանկությունն ու պատանեկությունն անցել էին Լենինականի պալիգոնների ամերիկյան մանկատանը, որի շեֆությունը եղել է ամերիկացիների ձեռքում: Քսանական թվականներին մանկատան երեխաներին փոքր խմբերով, աստիճանաբար տեղափոխել են Ամերիկա, բայց բոլշեւիկյան հեղափոխությունից եւ Հայաստանի սովետականացումից հետո, 1920 թվի նոյեմբերի 29-ից, դադարեցրել են տեղափոխումը: Ճլե Սամսոնը մանկատանն ունեցել է մի ընկեր, անունը՝ Սաքո (Սքե), տիֆ հիվանդության պատճառով Սքեի գլխի մազերը տեղ-տեղ թափված է լինում, որի համար էլ նրան կոչում են «Քյաչալ Սքե»: Մեծանում են երկու ընկերներն ու փախչում մանկատնից՝ վարելով թափառաշրջիկ կյանք: Դեռ մանուկ հասակից նրանք հասկացել էին սովետական երկրի կեղծություն ու անօրինականությունը: Շատ տարիներ անց, երբ ծանոթացա Սքեի հետ, պատմում էր Սամսոնի հետ մանկատանը եղած ժամանակների կյանքից, որ ինքը առաջին անգամ մեծ հիասթափություն է ապրել այն օրը, երբ մանկատան երեխաներին հավաքած՝ քահանան քարոզներ է կարդացել որպես դասընթաց: Այդ ժամանակ հացի սայլը մոտեցել է բակին, քահանան, այդ տեսնելով, մոռացել է իր քարոզի հիմնական բառերն ու կողքինին նույն երգերով ու խաղերով, իբրեւ թե քարոզն է շարունակում, ասել է. «Գնա, հացը բերի՜ն, մի երկու հա՜տ վերցրո՜ւ»: Իհարկե, ոչ բոլոր երեխաներն են հասկացել քահանայի այդ սուտ ու կեղծ քարոզը, իսկ Սամսոնն ու Սքեն հենց այդ հասակում էլ տարբերվել են բոլորից իրենց մտավոր զարգացմամբ եւ կյանքի նկատմամբ ունեցած իրենց պատկերացումներով: Տարիները եղել են մահ ու կենացի, քահանաները տարել են իրենց կեղծ քաղաքականությունը, նոր ստեղծված բոլշեւիկյան կառավարությունը՝ իր սուտ քաղաքականությունը:

Մեզ համար պարզ պետք է լինի, որ Սամսոնն ու Սքեն այդ տարիքում կարողացել են ըմբռնել, ընկալել կեղծիքն ու անարդարությունը, հետեւաբար, մանկատանը մնալը, ամերիկայն դաստիարակություն ստանալը համարել են ավելորդ, իսկ դրանից դուրս ապրել էր պետք, ապրել ինքնուրույն, որի համար էլ պետք էին միջոցներ: Սկսում են գողանալ ու, հենց առաջին անգամ բերդ ընկնելուց, իրենց հայտարարում են գողեր:

Կալանքը կրելուց հետո ազատվում են, ապրում Երեւանում: Ժամանակները եղել են հեղափոխական, սովն ու աղքատությունը տիրել է երկիրը, բայց քանի որ երկու որբ ընկերները պատանի հասակում քիչ չեն տեսել սով, արցունքներ ու դժբախտություններ, իրենց գողացածի մի մասը բաժանել են աղքատներին: Ճլե Սամսոնն ու Քյաչալ Սքեն հիմնականում Ղանթարի տակի շուկայում են գողացել այն հարուստներից, ովքեր, անտեսելով ժամանակների պայմանները, ժողովրդի՝ սովից մահացության դեպքերը, Ղանթարի տակի շուկայում ցորեն են վաճառել, այն էլ' շատ թանկ գներով: Գիշերները, երբ ցորենի տերերը քնած են եղել, Սամսոնն ու Սքեն մեշոկներով գողացել ու բաժանել են քյասիբներին: Երկար ժամանակ Սամսոնին ու Սքեին չեն կարողացել բռնել այդ գողության համար, որովհետեւ իրենց հետեւում կանգնած է եղել այն սոված հասարակությունը, որը, այսպես թե այնպես, դժգոհ է եղել հարուստներից ու կառավարությունից: Հետո բռնում են, բայց այս անգամ ուրիշ անուն, ազգանունով: Սամսոնն ու Սքեն փաստաթուղթ չեն ունեցել եւ չեն էլ իմացել իրենց իսկական ազգանունն ու հայրանունը, միայն հիշել են, որ մանկատանն իրենց Սամսոն ու Սարգիս էին ասում: Երբ 1963 թվին հանդիպեցի Սքեին, արդեն նրա երրորդ ազգանունն էր' Սիմոնյան Սարգիս Վահանի: Սամսոնին հանդիպեցի 1960-ին:

Քյավառի բերդում հենց առաջին օրվանից Սամսոնի հետ ինձ զգացի ազատ ու անկաշկանդ, այն դեպքում, երբ ջահել գողերը նրա ներկայությամբ ազատ չէին, քաշվում էին նրանից՝ հարգելով:

Սամսոնը շատ խիստ էր ու հանդուգն, պահանջկոտ, բայցեւ' արդարացի: Նա ամեն մեկի երեսին չէր ծիծաղի, անգամ չէր ժպտա, ինձ հետ հենց առաջին օրվանից կատակում էր ու լիաթոք ծիծաղում: Շրջապատում դա ինձ համար մեծ պարծանք էր: Այսինքն, եթե Սամսոնը Ուդիին հարգում է, ուրեմն չի սխալվել: Սամսոնն ինձ հարգեց իմ ազատամտության ու պարզամտության համար: Մի դեպքի պարագայում իմ ու Սամսոնի միջեւ կոնֆիդենցիալ խոսակցություն տեղի ունեցավ, նա ինձ ոչ միայն չնախատեց, այլեւ լսեց ու հետագայում համոզվեց ասածիս հարցում, ինչը մինչ օրս իմ հոգում պահպանված է որպես գաղտնիք, իսկ Սամսոնն այդ գաղտնիքը հետը տարավ գերեզման:

N 1 խցիկում ապրում էինք Հարությունյան Պողոսիկն ու ես (Կինտո): Սանգվինիկ էր, կարդացած, մեծ հոգեբան, երաժիշտ բոլոր ժանրերի, պոեզիայի մեծ սիրահար, գրում էր բանաստեղծություններ, ճկուն ուղեղով, պայծառ մտքով, հումորի մեծ զգացումով: Չեչոտկա, ոտքերով խփելու եզակի կատարող եւ, վերջապես, մարդ-գող: Միասին ուսումնասիրում էինք «Մալայա Սովետսկայա Էնցիկլոպեդիան», լուծում շախմատի խնդիրներ, գրում բանաստեղծություններ:

Մի օր դաստիարակ կոչեցյալ կապիտանը Պողոսիկին առաջարկեց, որ իր գրած բանաստեղծություններից մի քանիսը տանի, տպել տա: Պողոսիկը առանց հապաղելու պատասխանեց. «Հա, բա՜, տանես տպել տաս, տղիդ անունն էլ տակը գրել տաս: Ինչպես միշտ, ուրիշի փառքով ձեր կուրծքը զարդարեք»: Նա էլ թե. «Ի՞նչ ես ասում, ես հո սրիկա չեմ»: Բայց այդ կապիտանը սրիկայի հումք էր, երեւում էր վաղուց սրիկայություն չէր արել ու արդեն իրեն վատ էր զգում, որովհետեւ սրիկայությունը նրա համար անբաժան երեւույթ էր, սնունդ, շունչ եւ կյանքի հիմնական իմաստ:

Քյավառի բերդում չկար կարգ ու կանոն. պետը՝ Խամբեգյանը, շեղվել էր ղեկավարման հունից: Գաղութների վարչության պետ Ավչյանի համար ղեկավարման պաշտպանության միջոցը հարձակման մեթոդն էր: Շատ վատ էր սննդի վիճակը, բուժ.մատակարարումը, հսկիչների անգրագիտությունն ու հետամնացությունը տեղիք էր տալիս կոնֆլիկտային իրավիճակների կալանավորների ու ադմինիստրացիայի միջեւ: Բնակելի պայմաններն անտանելի էին: Յոթանասուն հոգուց, այսինքն՝ բանտի բնակիչների կեսը, հիվանդ էին թոքախտով, որոշ կալանավորների ստամոքսի 2/3-ը չկար, ոմանք էլ մի թոքով, այն էլ' եղածի 1/3-ը չկար: Իմաստ չունի շեշտել, ինչ տեսել եմ... ահավոր էր:

Խցիկներում օրաթերթերից (գազեթ) խաղաթղթեր էինք պատրաստում: Հացից՝ սոսինձ (կլեարիր), ու կուստար ձեւով նախանձելի խաղաթղթեր պատրաստում: Մի անգամ խցիկների խուզարկության ժամանակ հսկիչներից մեկը՝ Կազանչյանը, թաքցրած տեղից գտել էր խաղաթղթերը ու մի անսովոր ձայնով բղավել. «Հեսա կարտերը, բա ո՞ւր ա ըստու ըստանոկը»: Իբր մեծ հայտնագործություն էր արել:

Դե, հարգելի ընթերցող, պատկերացրու կալանավորների վիճակը այդքան հետամնաց, անտակտ ու զզվելի, իբր կարգ ու կանոն պաշտպանողների ներքո, որոնք համարվում էին Սովետական պետության ներքին գործերի ներկայացուցիչներ եւ հանդիսանում թելադրող մասը, իսկ այն մարդը, որի պատկերացումները կյանքի նկատմամբ խորն են ու պարզ, պիտի հանդիսանա ենթակա ու խոնարհ մի ստրուկ:

Ենոք անունով մի լավ բախտակից ընկեր էլ ունեի: 38 կգ քաշ ուներ, մի թոքը չկար, չկար նաեւ ստամոքսի 2/3-ը, գիտեր աշխարհի պատմությունը՝ իր ողջ իրադարձություններով, տարեթվերով, կարեւոր ու գլխավոր անձանց անուններով: Ֆենոմեն էր: Նա էլ պիտի ենթարկվեր հսկիչ Մխոյին, որ Կազանչյանի հետ թղթախաղի հաստոցն էր փնտրում խցիկում:

Ես սով տեսել եմ դեռ մանկուց, սովը շատ ահավոր ու ծանր պայման է մարդու համար: Եվ ինչո՞ւ միայն մարդու, ի՞նչ է երաշտը բուսականության համար, սակայն սովից ու երաշտից առավել դժվար է գործ ունենալ տգետի հետ: Ահավորից ահավոր է...

Ահավորը միայն բանտի աշխատողները չէին, ահավոր էր նաեւ բանտի վիճակը: Հիշում եմ' Նոր տարվա գիշերը, երբ բերդի միակ ռադիոն ազդարարեց ժամը 12-ը, ապա հնչեց տրադիցիոն «Լցրեք ընկերներ, բաժակները լի» երգը, ամբողջ բանտում մի կտոր սեւ հաց չկար, որ գոնե ջրով ուտեինք, որ քուններս տաներ: Այդ ամենը հիմա է շատ ազդեցիկ ու վիրավորական: Չեմ ասում, թե այն ժամանակ անինքնասեր էի եւ չէի վիրավորվում: Ո՛չ, ուղղակի հենց ինքնասիրության զգացումից մարդու օրգանիզմը ադրենալին է արտադրում, որն էլ նպաստում է դիմացկունություն ու կամք ցուցաբերելուն:

Չես ուզում, որ հակառակորդդ տեսնի արցունքներդ: Թող իմանան, որ չեն կարող քեզ նվաստացնել, կոտրել սիրտդ ու հոգիդ, այն, ինչը իրե՛նք չեն տվել նվեր ծնունդիդ: Մարդու սիրտն ու հոգին տալիս է մայրը, եւ միայն մահը կարող է խլել մարդուց: Ինչ վերաբերում է սննդին, ապա դա այնպիսին էր, որ ընդամենը իսկույն չմահանաս, այլ աստիճանաբար հալվես, մաշվես՝ կորցնելով մարդկային դեմքդ: Դեղորայքը նույնն էր բոլոր տեսակի հիվանդությունների ու ցավերի դեպքում, միայն օգտագործման ձեւերն էին տարբեր. մի դեպքում՝ ուտելուց առաջ, մյուս դեպքում՝ ուտելուց հետո: Դրսի աշխարհի հետ հաղորդակցման կամ որեւէ ինֆորմացիա ստանալու միակ միջոցը ռադիոն էր, որը ստում, կեղծում էր իրական կյանքը՝ իր վարակիչ պրոպագանդայով: Ահա թե ինչ ռեպրեսիվ միջոցներ էին իրագործում կալանավորների նկատմամբ: Ահա թե ովքեր էին կոմունիստները, Ձերժինսկու եւ կարմիր սատանայի ճտերը:

1961 թվին եկավ քրեական օրենսգրքի փոփոխման ժամանակը: Դաժան հոդվածները մեղմացան, Մոսկվան փակեց Քյավառի բերդը, որովհետեւ մամռակալած պատերի մեջ հնարավոր չէր ապրել, իսկ բերդի տակ եղած կանալով էլ ջուր էր հոսում:

1961 թվի կեսերին, բարեբախտաբար, ազատվեցի՝ կրելով կալենդարային կալանքս: Ազատվեցի, ծնողներս ողջ եւ առողջ էին եւ ինձ էին սպասում: Մինչեւ կալանք կրելս ազատ կյանքի մասին բոլորովին այլ պատկերացում ունեի: Երբ կալանքից վերադարձա, ինչ-որ անկանոն, սառն ու անտարբեր զգացումներով համակվեցի: Բոլորը ժպտում էին, կուշտ, լավ հագնված, բայց չկար ջերմություն, համերաշխություն եւ, ամենակարեւորը, ազնվություն:

- Վա՜յ, մտածում էի ես,- ի՞նչ խորամանկ են սրանք իրենց ժպիտներով հանդերձ: Մեկը մյուսին հարցնում է' ո՞նց ես, ի՞նչ կա-չկա: Իհարկե, հմայիչ ու ժպտադեմ: Երբ դիմացինը անտրամադիր պատասխանում է, թե' է՜հ, լավ չեմ, հենց տեղում քաղցր, կարոտալից ու ցավակցական անհանգստությունը վերածվում է շաբլոն ու կեղծ պատկերի, թե' է՜հ, հիմա ո՞վ է լավ, որ: Իսկ եթե այդ նույն հարցին պատասխանես, թե' լավ եմ, շատ լավ եմ, այդ պարագայում պատկերը փոխվում է 180 օ անկյան տակ՝ մեկ այլ կեղծիքի: Այս անգամ պատասխանում է. «Ինչո՞ւ, էտ էլ լաց լինելու նո՞ր ձեւ ա»:

Մեծ հիասթափություն ապրեցի ազատվածս առաջին ամիսը. տխուր էի, չէի ուրախանում սպասածիս պես: Կալանքի ընթացքում լավ-լավ մտահղացումներով էի սպասում ազատվելուս օրվան, մտածում էի ամուսնանալ, ընտանիք կազմել, աշխատել եւ ապրել, ինչպես միլիոնավոր մարդիկ: Չէ՞ որ կյանքը շարունակվում է, ես էլ կապրեմ, ինչպես բոլորը, բայց լինել, ինչպես բոլորը, դա արդեն իմ տարերքից դուրս էր: Այսպես մտածում էի ես, բայց մտածելը մի բան է, իսկ իրագործելը՝ մի այլ բան:

Հարազատ քեռիս՝ Նորիկը, միակ մարդն էր, որ ռեալ ուշադրություն ցուցաբերեց իմ հանդեպ: Բարեկամներս ուտուշ-խմուշի ժամանակ, արդեն կշտացած, այլեւս բան չկար անելու, ասելու, ժամանակն է գնալու իրենց տները, մնում էր ինձ բարի խորհուրդներով ու մխիթարանքներով զարդարեին, ականջներիցս լապշա կախելով' համարեին ավարտված սապնե փուչիկների պես կյանք ունեցող իլյուզիաները: Ի՜նչ գեղեցիկ են, չէ՞, սապնե փուչիկները իրենց երանգներով, վառվռուն ու փայլուն պար են գալիս օդում: Ինչքան որ տեւում է դրանց երանգների հաճույքը, խաղն ու պարը, այնքան էլ տեւում, նշանակություն են ունենում կեղծ մարդկանց «բարի» խորհուրդները: Հատկապես, երբ դու իրենցից լավ գիտես, թե քեզ ինչ է պետք: Նորիկ քեռիս վարվեց ռեալ եւ գործունյա: Նա աշխատում էր «Հայէլեկտրո» գործարանում որպես Օ.K.-U.K.-ի պետ: Ամբողջ գործարանի կենտրոնական պահեստային տնտեսությունը առաջարկեց ինձ' որպես պահեստապետ: Պահեստային տնտեսությունում լրիվ դեֆիցիտ ապրանքներ էին: Ներկեր, սպիրտ, գունավոր մետաղներ (իհարկե, ո՛չ ոսկի կամ արծաթ): Եղած ինվենտարի ընդհանուր գումարը կազմում էր 13 միլիոն ռուբլի: 1962 թվականն էր, փողերը նոր էին փոխվել, եւ դա մեծ գումար էր կազմում: Մի խոսքով, քեռիս ինձ օգնեց, եւ գործող պահեստապետներից ընդունեցի տնտեսությունում եղածը ու սկսեցի աշխատել: Իմ տրամադրության տակ կային երկու հաշվապահ (բացի գրասենյակային հաշվապահներից), մի հաշվետար՝ Մարետան, ու տասը բանվոր: Մի քանի օրում արժանացա բոլորի համակրանքին: Կոնտեյներով ապրանք ստանալիս ես չէի մասնակցում պահեստավորման կամ ապրանք բաց թողնելու պրոցեսին: Այդ բոլորը կատարում էին բանվորները: Ես վստահում էի նրանց, քանի որ նրանք, երկար տարիներ այդտեղ աշխատելով, գիտեին յուրաքանչյուր ապրանքի տեղը, դասավորում էին անսխալ, ամեն ինչը տեղը տեղին կարգի էին բերում: Թվում էր, թե բախտս ժպտացել է, եւ հասել եմ մարդու կյանքում գեթ մեկ անգամ հանդիպող երջանիկ պատահականությանը: Մնում էր ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ:

Հարգելի ընթերցող, երեւի ավելորդ կլինի արտահայտել, բացատրել իմ դրական զգացմունքները, երազանքները, նպատակները, ուրախության ու երջանկության այն պայծառ ցոլքերն ու ճառագայթները, որ եթե տղա ունենամ, այսպես կանեմ, իսկ եթե աղջիկ՝ դարձյալ տարբերություն չկա, թագուհու պես կպահեմ, կդաստիարակեմ եւ այլն... Քանի որ բոլոր երիտասարդ թե՛ տղաները, թե՛ աղջիկները երազում են նախ ծնող լինել, ապա ունենում են բազում ծրագրեր, նպատակներ իրենց երեխաների կյանքի ու ապագայի հարցում: Ճիշտ է, ամեն ոք երազում է յուրովի, ըստ իր բանական մակարդակի ու ճաշակի, ըստ իր աշխարհայացքի ու ինտելեկտի, ըստ հնարավորության ու ընդունակության: Սակայն բոլորս էլ հիմնականում նույն բանն ենք ուզում, որ մեր երեխաները առաջին հերթին առողջ լինեն: Դե, առողջ մարմնում ապրում է առողջ դատողությունը: Հետեւաբար, դա կնշանակի, որ լավ մարդ կդառնան, իսկ թե ի՞նչ մասնագիտություն կամ կրթություն կստանան, դա այնքան էլ էական չէ: Կարեւրը, որ արժանանան ամենաբարձր՝ Մարդ կոչմանը:

Այժմ խնդրում եմ, որ դուք մի պահ գիրքը ցած դնեք ու մտավոր մեկնաբանեք, ավելի շուտ' տրամաբանեք, թե ես ինչպիսի՞ անուրջներ ունեցած կլինեմ իմ այդ երիտասարդ հասակում, այն էլ, ինչպես արդեն տեղյակ եք, այն կալանքից ազատվելուց հետո, որ ստացել էի չորս ազրեհիլներին՝ միլիցիայի վարչության աշխատակիցներին «ծեծի ենթարկելու, խոշտանգելու ու սպառնալու» համար: Ինչեւէ, ընկերս, որ ապրում էր հարեւան փողոցում՝ Պուշկինի ու Պրոսպեկտի անկյունում, ուներ երեք քույր: Կալանքից ազատվելուց հետո գնացի ընկերոջս տուն: Նրա ծնողներն ինձ տեսնելով շատ ուրախացան, ու հանկարծ հոգուս մեջ մտավ քույրերից ամենամեծը՝ Սվետլանան: Ես մի պահ քարացա տեղումս. նա մեկ տարվա ընթացքում դարձել էր անճանաչելի: Այո, այն երեխան դարձել էր հմայիչ օրիորդ: Էլ չերկարացնեմ: Հարցը դրեցի կտրուկ:

- Լավ է, որ եղբայրը ընկերս է,- մտածում էի ես,- իսկ եթե ընկերները դառնան նաեւ փեսա ու աներձա՞գ, մի՞թե խախտում ենք ընկերությունը, հայկական ադաթը, մի՞թե դա հարամություն է ընկերության մեջ: Չէ՞ որ ընկերս կդառնա երեխաներիս քեռին:

Ես վստահ էի, որ թե՛ ընկերս, թե՛ ծնողները չեն առարկի իմ կամքին: Հատկապես, որ առաջին իսկ հայացքից Սվետլանայի աչքերում զգացի շփոթություն, նրա աղջկական առաջին զգացմունքային մանյովրները տղամարդու ներկայությամբ: Սվետլանան իմն էր... Մնում էին մնացած օրինական ծիսակատարությունները հայկական ձեւով:

Դա էլ եղավ, ու մենք ամուսնացանք:

շարունակելի

Ռուդոլֆ Սաֆրազբեկյան (Ուդի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter