HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախաձեռնում են միայնակ տարեցներին սնունդով ապահովելու ծրագիր

«ՀԱՅ» ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղը սկսում է նախաձեռնություն՝ միայնակ տարեցներին օգնելու համար։ Ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Տիգրան Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախատեսում են միայնակ 2000 տարեցի արտակարգ դրության մեկ ամսվա անհրաժեշտ սնունդ և առաջնային օգտագործման պարագաներ տանել։ Այն կլինի մեկանգամյա փաթեթ, սակայն կբավարարի նրանց մեկ ամսվա կարիքները։

Ասոցիացիան նախաձեռնության շրջանակներում համագործակցում է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության, վարչական շրջանների, ավագանու անդամների, աջակից կազմակերպությունների հետ։

«Ցանկանում ենք միահամուռ ուժերով հավաքել գումար, որի արդյունքում կգնենք անհրաժեշտ սնունդ և կհասցնենք այն տարեցներին, ովքեր ոչ մեկին չունեն։ Նրանք ստիպված պետք է տանից դուրս գան, գնան խանութներից կամ դեղատներից գնումներ կատարեն։ Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք այս չորս շաբաթներին մնան տանը, դուրս չգան, կորոնավիրուսով վարակվելու ռիսկը չունենան»,- ասում է Տիգրան Հակոբյանը։

Այս պահին նախաձեռնության անդամները փորձում են անհրաժեշտ գումար հավաքել։ Ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր տարեցի մեկամսյա սննդի և պարագաների համար 20 000 դրամ է նախատեսված։ Հաշվարկում ներառված է նաև չնախատեսված ծախս՝ 2000 դրամ, որի շրջանակներում  փորձելու են նրանց անհրաժեշտ դեղերը գնել։

Տիգրանն առաջինն է կատարել 10 տարեցի ծախսերի հանգանակությունը։ Այսօր նա տեսաուղերձով դիմել է նաև քաղաքացիներին, որպեսզի իրենց ֆինանսական ներդումը ունենան նախաձեռնության իրականացման գործում։

Տիգրանն ասում է՝ արդեն մի շարք քաղաքացիներ հանգանակություն կատարելու ցանկություն են հայտնել։

Տարեցներին սնունդ տանելու աշխատանքներում նախաձեռնությանը պետք է օգնեն նաև կամավորներ։ Արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ թվով կամավորներ, ովքեր իրենց անձնական ավտոմեքենաներով այդ պարագաները պետք է հասցնեն տարեցների տներ։ 

Տիգրանն ասում է՝ ընտրել են Երևանը, քանի որ գյուղերում տարեցներին ճանաչում են և համագյուղացիները նրանց կօգնեն անհրաժեշտ պարագաներով։

«Մեր նպատակն այն է, որ տարեց մարդը տանից դուրս չգա այս վտանգավոր ժամանակահատվածում, ինքնամեկուսանա, քանի որ ինչպես կարող է ինքնամեկուսանալ, եթե ոչ մեկին չունի, ով պետք է գնա գնումների»,- ասում է Տիգրանը։

 

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter