HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որ Հադրութը միշտ սիրուն լինի

Լարիսա Սարգսյանն ապրում է Հադրութում։ Չորս տասնամյակից ավելի նա աշխատել է Ղարաբաղի երգի-պարի պետական անսամբլում։ Մեներգչուհի է, անսամբլի հիմնադիրներից։

1957 թվականին, երբ Ստեփանակերտում երգի-պարի անսամբլ են ստեղծել, Ղարաբաղի տարբեր շրջաններից հավաքել են աչքի ընկած շնորհաշատ աղջիկների ու տղաների։ «Ինձ հրավիրեցին, որովհետեւ արդեն ճանաչում էին,- ասում է Լարիսա Սարգսյանը։- Օլիմպիադաներից, ֆեստիվալներից ինձ արդեն ճանաչում էին»։ Մրցույթին մասնակցողներից ընտրում են քսաներկուսին, թեեւ, ինչպես ասում է տիկին Լարիսան, լավերից լավին ընտրելը շատ դժվար էր։

Նա հիշում է իր առաջին հանդիպումը հանրահայտ երգչուհի, ծագումով ղարաբաղցի Արեւ Բաղդասարյանի հետ։ Անսամբլի ստեղծումից հետո Արեւ Բաղդասարյանը եկել էր Ստեփանակերտ, ինչպես հիմա է ընդունված ասել, workshop անցկացնելու։ «Ինքը ինձ ասաց՝ Լարիսա ջան, ինչ համերգ էլ որ լինի, ինչ էլ որ կատարես, «Նախշուն բաջին» անպայման կերգես, որովհետեւ դա մեր Ղարաբաղի սիմվոլն է»։

Մեներգչուհու երգացանկը բազմազան է եղել, բայց 1958-ից մինչեւ օրս բոլոր համերգներին նա կատարել եւ կատարում է «Նախշուն բաջի» երգը, որը հուզիչ պատմություն է ղարաբաղցի մի գեղեցիկ կնոջ մասին, ով նախրի հետեւից գնալիս պատահաբար խնջույքի մասնակից է դառնում։ Այսպես պատահաբար էլ փոխվել է Լարիսա Սարգսյանի կյանքը, երբ սկսվել է արցախյան պատերազմը։ Ընտանիքը պատսպարվել է Ստեփանակերտի նկուղներից մեկում, տասնվեցամյա որդին գնացել է ռազմաճակատ եւ հինգ տարի ծառայելուց հետո Աստծո ողորմածությամբ ողջ-առողջ վերադարձել։ Ամեն ինչ փոխվել է, բայց երգելու շնորհը մնացել է անփոփոխ։

«Մենք նկուղում էինք,-հիշում է տիկին Լարիսան,-երբ մի օր եկան եւ ասացին, թե պիտի գնանք դիրքերում զինվորների համար երգելու։ Գնացինք։ Ամբողջ ճանապարհին ավերված գյուղեր էի տեսնում, ջարդուփշուր եղած մեքենաներ։ Ամայությունից սիրտս ճմլվում էր, բայց գիտեի, որ զինվորներն իմ երգի կարիքն ունեն»։ Լարիսա Սարգսյանն ասում է, թե Արցախի պետական հեռուստատեսությունում մինչեւ հիմա էլ կադրեր են պահպանվում իր համերգներից, որոնք դիտելիս կարելի է զգալ, թե ինչպես էր երգը ոգեւորում Հայրենիքը պաշտպանող զինվորներին։

Երգը, սակայն, ոչ միայն զինվորներին է ոգեւորել, այլ իրեն՝ տասնամյակների փորձառություն ունեցող երգչուհուն։ «Մենք մինչեւ էդ միշտ սովոր ենք եղել բեմերում երգել ու պարել, հանդիսատեսի ծափերն ու գնահատանքը լսել, բայց երբ ես եղա զինվորների մոտ, հասկացա, որ ինքս իմ մեջի վախն եմ հաղթահարում»,- ասում է Լարիսա Սարգսյանը։

Ռազմաճակատային այդ համերգից Ստեփանակերտ վերադառնալուց հետո նա վճռել է այլեւս չմնալ նկուղում։ «Գնալուց չնայած վախել եմ, բայց ես արդեն զգացել եմ, որ ես հայրենիքիս համար ինչ-որ բան եմ արել։ Մինչեւ էդ օրը հայրենիքիս համար ոչ մի բան չեմ արել։ Էդ օրն եմ զգացել։ Ու դրանից հետո էլ ես նկուղը չեմ մտել, իմ տանն եմ ապրել, ապրել եմ իմ տանը եւ ամեն օր մեր խումբը զինվորների մոտ ա եղել»,- ասում է երգչուհին։

Պատերազմից հետո վարչակազմի հրավերով Լարիսա Սարգսյանը եկել է հայրենի Հադրութ՝ մշակույթի տան ժողգործիքների անսամբլում աշխատելու։ «Ինձ հրավիրեցին, եւ ես մեծ սիրով եկա, որովհետեւ սա իմ հայրենիքն է։ Ճիշտ ա, էստեղ ես շատ դժվար եմ դասավորված, բայց բեմի վրա բոլոր դժվարությունները մոռանում եմ»,- ասում է տիկին Լարիսան։

Դժվարություններ Հադրութում շատ կան, բայց, երգչուհու կարծիքով, ամենածանրը ջրի բացակայությունն է. «Մեր ջուրը գալիս է երեք օրը մի անգամ։ Գալիս ա, հավաքում ենք։ Երեք օրվա ջուր ենք հավաքում»։

Այս եւ մյուս անհարմարությունները նա ժամանակավոր է համարում, քանի որ պատերազմ տեսած ու հաղթանակած ժողովուրդը չի կարող խեղճանալ կենցաղային դժվարություններից. «Մենք Մայր Հայաստան ունենք, մենք աշխարհով մեկ ապրող հայություն ունենք ու միասին, իրար ձեռք մեկնելով, պիտի այնպես անենք, որ Հադրութը միշտ ծաղկուն լինի, միշտ սիրուն լինի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter