HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունները հետաձգելու նախագիծը չստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց մետաղական օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունները 2 տարով արգելելու պատգամավորների առաջարկին:

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը, Վարազդատ Կարապետյանը և ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Առաջարկում ենք 2 տարով դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման բացառապես նոր թույլտվությունների տրամադրումը՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները՝ ընդերքի օրենսդրության ներկայիս վիճակը և այն առանցքային բացերը, որոնք մեծ ռսիկեր են առաջացնում պետության համար: Երկու տարվա ընթացքում կառավարությունն ու խորհրդարանը պետք է աշխատեն ոլորտի հստակ ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ դրանից բխող օրենսդրական բարեփոխումներով»,- ասաց Մերի Գալստյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը օրհասական է՝ պայմանավորված ոլորտի գործունեության երկարաժամկետ ազդեցություններով, այդ ազդեցությունների անդառնալիությամբ և պետության համար երկարաժամկետ ռիսկերով:

«Այս փոփոխությունը կոչված է հնարավորինս նվազագույնի հասցնել պետության համար սպասվող ռիսկերն այդ ազդեցունների համատեքստում»,- ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվող 2 տարվա դադարը չի վերաբերում այն տնտեսվարողներին, որոնք արդեն հայտ ներկայացրել են կամ ունեն ստացած թույլտվություն:

Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը՝ ասելով, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Փոխնախարարի խոսքով՝ արդարադատության նախարարությունն իր հիմնավորումներում նշել է, որ առաջարկը հակասում է Սահմանադրությանը:

«Մի ամբողջ գործունեություն արգելափակվում է, որի համար ընդունված են օրենքներ, ինչպես՝ ձեռներցության իրավունքը, տնտեսական գործունեության իրավունքը: Նման արգելափակման համար որոշակիություն պահանջող սահմանափակումներ պետք է լինեն»,- ասաց Շուշանյանը:

Փոխնախարարի խոսքով՝ նման փոփոխությամբ բացահայտ ազդակ է տրվում տնտեսական անհեռանկարության վերաբերյալ:

Պատգամավորները ևս անդրադարձան տնտեսական ֆակտորին՝ ընդգծելով, որ այս փուլում այնքան էլ նպատակահարմար չէ նման նախագիծն ընդունելը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ այնպես չէ, որ տնտեսական նման իրավիճակում որևէ ընկերություն ցանկանալու է հանք շահագործել:

«Էնպես չէ, որ հերթ են կանգնել; Նաև 2016-ից հետո մետաղական  հանքարդյունաբերության լիցենզիա չի տրվել: Բացի դա սա խտրական վերաբերմունք է: Ինչի  ցեմենտի արդյունահանմամբ զբաղվող ընկերություններին չենք ներառում, ո՞վ ասեց որ մետաղական ընկերություններն ավելի վտանգավոր են: Սա կոշտ միջոցառում է, հատկապես էս փուլում մեծ բացասական մեսիջ ենք տալիս»,- ասաց Թունյանը;

Նախագիծը դրվեց քվեարկության և չստացավ հանձնաժողովի հավանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter