HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Եվրոպայում հրացանը փոխարինել են հեռադիտակով

Թռչնատուրիզմը, ի տարբերություն տուրիզմի այլ տեսակների, համեմատաբար քիչ է ընդգրկված Հայաստանի տուրիստական գործակալությունների ծառայությունների ցանկում: Սակայն կա տուրիստների մի տեսակ, ովքեր պատրաստ են գալ Հայաստան, թանկ վճարել, անցնել սարեր ու ձորեր, միայն թե տեսնեն թռչնի այն տեսակը, որը չեն կարող տեսնել այլ տարածաշրջանում: Զբոսաշրջության այս ձեւը ծագել է Մեծ Բրիտանիայում:

Հայաստանում թռչնատուրիստները հիմնականում ուզում են տեսնել շիկապոչ քարաթռչնակին, ժայռային դրախտապանին, կիսաօձիքավոր ճանճորսին եւ այսպես շարունակ (մոտ 350 տարատեսակ): Իրականում այս թռչունների տեսքն ու երգեցողությունն այնքան գայթաղկիչ չեն, որքան նրանց անվանումները, սակայն թռչնատուրիստների հետաքրքրությունը սրանում չէ:

«Թռչնատուրիստների համար հետաքրքիր է տեսնել եւ կարողանալ ճանաչել հնարավորին չափ շատ թռչնատեսակներ: Այդ միջոցով նրանք ստուգում են իրենց գիտելիքների համակարգը: Նրանցից յուրաքանչյուրն ունի թռչունների ցանկ, որ ուզում է անպատճառ տեսնել: Մրցույթի մի ձեւ է: Իրենք մրցում են միմյանց միջեւ, թե ով որքան շատ թռչուն է տեսել, ով է հանդիպել ամենահազվագյուտ տեսակներին, ով որտեղ է տեսել: Ինձ ծանոթ է մի ընտանիք, որտեղ ամուսինը հատկապես շատ էր ուզում տեսնել մի տեսակ, որը տեսել էր նրա կինը»,- ասում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Հայաստանի թռչունները» նախագծի ավագ գիտաշխատող Կարեն Աղաբաբյանը:

Հայաստանում կան թռչնի այնպիսի տեսակներ, որոնք հանդիպում են միայն այստեղ: Թռչնատուրիստների համար սա լուրջ պատճառ է իրենց ամառային արձակուրդը կամ հանգստյան մի քանի օրը Հայաստանում անցկացնելու համար: Միակ խոչընդոտը ուղեկից գտնելն է: Հայաստանում թռչնատուրիստների համար ծառայություններ կարող են մատուցել միայն երկու-երեք թռչնագետ, իսկ պահանջարկն ավելի շատ է:

«Դեռեւս 2002 թվականին մենք պատրաստ էինք շրջաններում ուսուցանել տեղի բնակիչներից մի երկու հոգու, որպեսզի նրանք իրենց տարածքում կազմեին երթուղի եւ ուղեկցեին թռչնադիտողներին: Բայց նրանք այնքան էլ չհետաքրքրվեցին: Կարծում եմ' պարզապես չգիտակցեցին, որ այդ աշխատանքը կարող է ոչ միայն հետաքրքիր լինել, այլ նաեւ շատ լավ վարձատրվել: Հիմա մտադրություն ունեք Դիլիջանի եւ Մարտունու շրջաններում թռչնադիտողների ակումբներ ստեղծել: Գուցե սա կխթանի թռչնատուրիզմի զարգացումն այս շրջաններում»,- ասում է Կարեն Աղաբաբյանը:

«Հայաստանի թռչուններ» նախագծի գիտաշխատողի կարծիքով' թռչնատուրիզմի խոչընդոտներ կարող են լինել որսագողությունը, թունաքիմիկատների օգտագործումը եւ անտառահատումները: Այդ տիպի միջամտությունները խաթարում են թռչունների բնականոն կյանքը, փոխում նրանց համար բնորոշ միջավայրի պայմանները, եւ արդյունքում որոշ տարատեսակներ վերանում են տվյալ տարածաշրջանից:

Այս տարի Կարենն ուղեկցեց թռչնադիտողների մի խմբի (11 հոգի) Մեծ Բրիտանիայից, ովքեր եկել էին մեկ շաբաթով մի քանի թռչուն տեսնելու համար: Երթուղին սկսվեց Վրաստանից եւ վերջացավ Երեւանի պուրակներում, որտեղ նույնպես կան թռչնադիտողների համար հետաքրքիր տեսակներ: Մեկ շաբաթվա ընթացքում կարելի է տեսնել մոտ 200 տարատեսակ: Թռչնատուրիզմի համար առավել հարմար են գարնան վերջին եւ ամռան առաջին ամիսները: Ամենահետաքրքիր տարատեսակները բնադրվում են Արարատյան դաշտավայրում, Մեղրիի կամ Եղեգնաձորի կիսաանապատներում, Դիլիջանի անտառային գոտիներում:

Տուրիզմի այս տեսակը զարգացնելու համար «Հայաստանի թռչուններ» նախագծի շրջանակում տպագրվեց երեք գիրք Հայաստանի թռչունների մասին: Դրանցից երկուսը ուղեցույցներ են, երրորդը գիտական բնույթ ունի: Այդ թեմայով կազմակերպվում են նաեւ 9-ամսյա դասընթացներ ցանկացողների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter