HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալկոգելի շուկան. 11 նոր արտադրող, չվերահսկվող ծավալ և բաղադրություն

Կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված` Հայաստանում ձեռքերի ախտահանիչ միջոցներ արտադրողները շեշտակի ավելացել են, բայց դրանց գները շուկայում էականորեն չեն փոխվել։ Պարզվում է նաեւ՝ դրանց վաճառքի նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում։ 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ ձեռքի հակամանրէային ախտահանիչները դուրս են Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի վերահսկողության ենթակա արտադրանքների ցանկից։ 

Այս պատասխանը Արմեն Կոտոլյանը հիմնավորել է Կառավարության 2012թ․ օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011թ․-ի հուլիսի 21-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ։ 

Տնտեսական մրցակցության պատշտպանության պետական հանձնաժողովը մարտի 14-ին հայտնել էր տեղական 3 ընկերության մասին, որոնք հակամանրէային ախտահանիչ նյութեր են արտադրում։ Դրանք են՝ «Արթս կոսմետիկս» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Lina), «Արսանիտ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը` «Ալկոգել»), «Էկոֆորմ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Mister Jin)։ Սակայն կառավարության այսօրվա նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ալկոգել արտադրում է արդեն 5 ընկերություն։ 

Իրականում, ալկոգելեր արտադրողների ցանկը շատ ավելի մեծ է, որովհետև մի շարք այլ ընկերություններ նույնպես շուկա են ներմուծել նոր ալկոգելեր։ Ի՞նչ որակի են դրանք, ի՞նչ բաղադրություն ունեն, համապատասխանո՞ւմ են սահմանված չափանիշներին, արդյոք շուկայում եղած բոլոր ալկոգելերը համապատասխան սերտիֆիկացում ունեն, թե ոչ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չգիտի։ 

Մարտի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՏՄՊՊՀ-ն տեղեկացրել էր նաև, որ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացել:

Մարտի 17-ին կայացած մամուլի ասուլիսին ևս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հավաստիացրել է, որ ալկոգել արտադրող երեք խոշոր ընկերությունների մոտ գնաճ չկա:

«Նրանց կողմից որևէ դրամով ապրանքի գինը չի բարձրացել։ Հայաստանում սպիրտի պաշարը ևս բավարար է, և դրա գինը ևս չի բարձրացել։ Խոշոր առևտրային ցանցերում երեք ամիս առաջ էլ էր նույն գինը, այսօր էլ»,- նշել է Գեղամ Գևորգյանը։

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան ուղիղ եթերում խոսեց Հայաստանում ալկոգելի և սպիրտի արտադրության ծավալների մասին` հայտնելով, որ բավարար չափով են դրանք արտադրվում: «Հայաստանում օրը 11,000 լիտր սպիրտ է վերամշակվում, դրա մի մասը` մոտ կեսը, գնում է ալկոգելի արտադրությանը: Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, և ալկոգելի դեֆիցիտը, կարող ենք ասել, որ խուճապային դեֆիցիտ է: Երեք ընկերություն կա, որ արտադրում են, և տեղեկություն ունենք, որ առաջիկա օրերին 4-րդ ընկերությունը նույնպես կավելանա»:

ՏՄՊՊՀ նախագահը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերևս նկատի ունեն խոշոր արտադրողներին` խոսելով երեք կամ չորս ընկերության մասին, բայց այդ շուկայում, ինչպես ասացինք, կան նաև այլ արտադրողներ։ Բացի դրանից, շուկայում նոր արտադրողներ են հայտնվել, որոնց արտադրանքի վրա նշված չէ նույնիսկ ախտահանիչ նյութի բաղադրությունը։

Խանութներում և դեղատներում մեր ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել ենք ձեռքերի ախտահանիչ միջոցներ արտադրող մի քանի այդպիսի ընկերություն՝ «Գռօմ» ՍՊԸ, «Վան-Չարտեր» ՍՊԸ, «Գրիգոր Եղիազարյան» ԱՁ, «Քլին Ֆոամ» ՍՊԸ, «Ֆիդորա» ՍՊԸ, «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ, «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ և այլն։ Զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ։ 

«Արսանիտ» ՍՊԸ-ն ախտահանիչներ արտադրող ամենահին ընկերությունն է։ Գործում է 1995 թվականից։ Զբաղվում է գելային և հեղուկ դեղաձևի դեղորայքի արտադրությամբ և մեծածախ վաճառքով: «Արսանիտի» ՍՊԸ-ի «Ալկոգել»-ի մեծածախ գները քիչ են տարբերվում նախկինից, սակայն մանրածախ՝ դեղատներում այն փոքր-ինչ թանկացել է։ Ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ կայքում որևէ հեռախոսահամար չկար։ 

«Արթս կոսմետիկս» ՍՊԸ-ն գործում է 2000 թվականից։ Ընկերությունը, մինչ Հայաստանում վարակի տարածումը, շատ քիչ քանակությամբ է արտադրել ալկոգել` միայն պատվերի դեպքում: «Որոշ հիմնարկությունների համար, իրենց պատվերով արտադրել, տվել ենք փոքր քանակով: Այս տեսականին արտադրելու սերտիֆիկատը, ամեն ինչը ունեմ, բայց քանի որ սպառում չի եղել, չեմ արտադրել»,- ասում է ընկերության տնօրեն Արթուր Մելքոնյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ալկոգել լայն թափով սկսել են արտադրել մարտի 1-ից: Օրական արտադրում են 1,5-2 տոննա ձեռքերի ախտահանիչ միջոց` «Լինա» ապրանքանիշով։ Տնօրենի խոսքով` չնայած մեծ պահանջարկին` ընկերությունն արտադրանքի մեծածախ արժեքը չի փոխել` 350մլ-ի արժեքը 800 դրամ է` առանց ԱԱՀ:

Ընկերությունը դեռ հումքի խնդիր չունի, բայց դեֆիցիտի դեպքում մտածում են Ռուսաստանից ներմուծելու մասին: Արտադրող Արթուր Մելքոնյանի խոսքով` Կառավարությունը ամենօրյա ռեժիմով իրենից տեղեկանում է արտադրանքի ծավալի և գնի մասին: «Ամեն Աստծո օր իմ հետ կապի մեջ ա, զանգում են, ճշտում են` որ ցանցերին ինչքան ապրանք տվեցինք, ինչքան սպառում եղավ, ինչ գնով ենք աշխատում, շփումը ամեն օր կա»,- ասում է Արթուր Մելքոնյանը:

«Էկոֆորմ» ՍՊԸ-ի ձեռքի հակամանրէային գելը «Միստր Ջին»-ն է։ Ընկերությունը գրանցվել է 2016-ին։ «Էկոֆորմ» ՍՊԸ-ն զբաղվում է պլաստիկ տարաների, կենցաղային քիմիայի արտադրությամբ, շինանյութի ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունը նախկինում ևս արտադրել է սպիրտային հիմքով մանրէասպան գել, և հիմնադիր, տնօրեն Վարդան Բադալյանի խոսքով` ունի համապատասխան սերտիֆիկատը: Հիմա արտադրում են ավելի մեծ ծավալով: «Ընկերությունը բացարձակ իր գները չի փոխել, այն գները, որոնք եղել են 1 տարի առաջ, 2 տարի առաջ, մնացել են անփոփոխ: Առավել ևս բոլոր պետական կառույցներին ընկերությունը մատակարարումը իրականացնում է արտահերթ ռեժիմով, արտոնյալ պայմանով` կիրառելով հատուկ զեղչ»,- ասում է Վարդան Բադալյանը: Ընկերության ղեկավարը չցանկացավ հայտնել, թե օրական մոտավորապես քանի տոննա մանրէասպան գել են արտադրում: Հումքի խնդիր ունե՞ն, թե՞ ոչ հարցին, ընկերության տնօրենը պատասխանեց. «Աշխատում ենք, ու բնականոն հունով ընկերությունը մատակարարումներն իրականացնում է»: «ԷՐՄԻԷԼ» խանութների ցանցում ընկերության արտադրանքի 500մլ-ի արժեքը 1600 դրամ է:

2008թ․-ին հիմնադրված «Վան-Չարտեր» ՍՊԸ-ն նույնպես ձեռքերի ախտահանիչ է արտադրում։ Ընկերության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Caleus» ապրանքանիշի ալկոգելն արժե 900 դրամ` 250 մլ-ն: Կապ հաստատեցինք ընկերության հետ` փորձելով պարզել, թե երբվանից են արտադրում ալկոգել, ինչ ծավալով և արդյոք ունեն սերտիֆիկատ` փափկեցնող ալկոգել արտադրելու, սակայն ընկերության` Մերի անունով ներկայացուցիչն ասաց, որ ժամանակ չունի մեր հարցերին պատասխանելու:

«Գրիգոր Եղիազարյան» ԱՁ-ն շուրջ 20 օր է՝ նույնպես սկսել է «Ալկոգել» արտադրել։ Գրիգոր Եղիազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք նախկինում միայն փոքրաքանակ պատվերի դեպքում են ալկոգել արտադրել կամ իրենց օգտագործման համար, շուկայում վաճառքի չեն հանել։ Այժմ, պայմանավորված պահանջարկով, փորձում են նաև շուկայի համար արտադրել։ 

«Այս պահին պահանջարկը շատ է, բայց ես տեխնիկապես շատ չեմ կարող արտադրել, իմ արտադրությունը մեծ չի, քանակներ չեմ կարող ապահովել»,- ասում է Գրիգոր Եղիազարյանը։ Մեկ օրվա ընթացքում 200-300 լիտր են կարողանում արտադրել՝ շշալցում անելով տարբեր զանգվածի տարաների մեջ։ 

Գնային փոփոխություն, ըստ Գրիգոր Եղիազարյանի, չի եղել, ինչպես սկսել է արտադրել և իրացնել, այդպես էլ շարունակում է։ Գրիգոր Եղիազարյանը վստահեցրեց, որ իրենք ունեն ալկոգելի արտադրության սերտիֆիկատ, որը ստացել են Ստանդարտների ազգային ինստիտուտից։ 

«Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ-ն գրանցվել է 2015թ.-ին (նախկին «Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ): Մեկ ամիս է՝ սկսել է «Detox» մաշկի հակասեպտիկ ախտահանիչ միջոց արտադրել։ Դրա 250 մլ-ի արժեքը 1200 դրամ է «Ուրարտու» խանութների ցանցում։

Ընկերության հաշվապահ Կարինեն պատմեց, որ նախկինում՝ տարիներ առաջ, ունեցել են այս միջոցից, սակայն դադարեցրել են արտադրությունը։ Մեկ ամիս առաջ վերսկսել են և այժմ էլ արտադրում ու վաճառում են նույն մեծածախ գներով, ինչ մեկ ամիս առաջ։

«Ալոե Արմլաբ» ՍՊԸ-ի՝ հալվե (ալոե) մշակող և աճեցնող «Aloe Lab»-ը նույնպես 3 օր է՝ ախտահանիչ է սկսել արտադրել ալոեի բաղադրությամբ։ «Ալոեի գելով ալկոգել ենք արտադրում։ Մենք մեծածախ սերտիֆիկացված ալկոգել ենք ձեռք բերում, մեր ալոեի գելն ավելացնում ենք մեջը, փաթեթավորում ու վաճառքի ենք հանում»,- պատմեց «Aloe Lab»-ի մենեջեր Կարապետ Ավագյանը։ Օրական 50-70 լիտր են արտադրում։ 

«Երկու օր է արտադրել ենք՝ նույն գնով, ֆիքսված գներ են մեզ մոտ, 20 տոկոս զեղչով էլ տրամադրում ենք էն ընկերություններին, ովքեր մեզ մոտից մեծածախ են վերցնում»,-մանրամասնեց Կարապետ Ավագյանը։ Այս ընկերության ախտահանիչ գելի 100 մլգ-ը 1450 դրամով է վաճառվում։ 

Կենտրոնի դեղատներից մեկում մեր ձեռք բերած «Քլին ֆոամ» ՍՊԸ-ի ալկոգելի պիտակի վրա որևէ բաղադրություն նշված չէ։ Առկա են միայն արտադրողի անվանումը և հասցեն։ 

Ընկերությունը գրանցվել է 2014թ․։ Սեփականատերը և տնօրենը Դավիթ Պետրոսյանն է։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ լվացող միջոցներ արտադրել են, սակայն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ այս շաբաթ սկսել են նաև ալկոգել արտադրել՝ հասկանալով, որ պահանջարկ կա։ 

Ընկերությունը տնտեսական սանիտարահիգիենիկ և լվացքի միջոցներ է արտադրում։ Դրանք պետգնումներով մատակարարում է նաև պետական որոշ գերատեսչությունների։ Մասնավորապես, 2019թ․-ին Արտակարգ իրավիճակների նախարարության հետ երեք պայմանագիր է կնքել։ «Սինուս» ապրանքանիշի հեղուկ օճառներ և մաքրող նյութեր մատակարարել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական  բժշկական համալսարանին։ Նույն՝ «Սինուս» ապրանքանիշով է արտադրվում նաև «Ալկոգել»-ը։ 

Դավիթ Պետրոսյանը, սակայն, ասում է, որ ալկոգել արտադրելու համար արդեն հումքի խնդիր ունեն։ Սպիրտի 1 կգ-ը գնել է 900 դրամով, սակայն հիմա կգ-ը 2000-ից ավելի է դարձել, այսինքն՝ 2,5 անգամ թանկացել է։ Ամենաէժանը «Յունիքիմ» ընկերությունն է մատակարարել, սակայն նրանց մոտ էլ արդեն վերջացել է։ «Էսօր արդեն կանգնելու վրա ենք, կարող է էլ չաշխատենք, որովհետև սպիրտ չկա, սպիրտի գինը 3 անգամ թանկացել է, չենք կարողանում գտնել, իսկ էդ թանկ գներով էլ անիմաստ է մարդկանց 100 մլ-անոց ալկոգելը 1000 դրամով ծախելը։ Հիմա մեր մեծածախ գինը՝ 100 մլն-ն 350 դրամ է՝ էսօրվա դրությամբ։ Սկզբից 150 մլն է էդքան եղել, բայց հիմա շշեր էլ չեն հասցնում արտադրել։ Ամեն ինչ խնդիր է, պահի տակ որտեղից ինչ կարողանում ենք առնել, ըստ դրա էդ պահով աշխատում ենք»,- պատմեց Դավիթ Պետրոսյանը։ 

Վերջինս հավաստիացրեց, որ ապրանքը սերտիֆիկացրել են, նոր են սկսել արտադրել։ Իսկ բաղադրության բացակայությունը որոշ շշերում կապված են դրանք պատրաստելու և շուկա ներմուծելու շտապողականության հետ։ «Նենց պահ է եղել, որ մեկին կարող է կպցրած լինենք, մեկին՝ ոչ։ Ես էս գիշեր 3 օրվա մեջ առաջին անգամ է, որ քնել եմ, այ տենց վիճակ է եղել մեր մոտ, դա է եղել խնդիրը։ Բայց տարել ենք լաբորատորիա, ստուգել ենք, տեսել են անվնաս է, նոր սերտիֆիկատը տվել են, հանել ենք շուկա այդ ապրանքը»,- հավաստիացրեց Դավիթ Պետրոսյանը։ 

 «Ֆիդորա» ՍՊԸ-ն ձեռքերի խնամքի ախտահանող միջոց արտադրող փոքր ընկերություններից մեկն է: Հիմնադրվել է 2007թ.-ին: Այն հիմնականում զբաղվում է բուսական ծագման յուղերի և ոգեթուրմերի արտադրությամբ: Ընկերության մենեջեր ներկայացած Լուսինեն «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ արտադրել են նաև «Լիլիթ» ապրանքանիշով հակաբակտերիալ խնամքի միջոց՝ 30 մլ տարողությամբ: «էս պահանջարկի հետ կապված որոշեցինք նույն բաղադրությամբ արտադրել «ALCOHAND» անունով, որ մարդկանց ավելի հասկանալի լինի, որ ախտահանող միջոց է»,- նշեց Լուսինեն: Ընկերության «ALCOHAND» ապրանքանիշի ձեռքերի ախտահանող միջոցի 100 մլ-ի մեծածախ գինը 500 դրամ է: Արտադրանքը կարելի է գտնել բոլոր դեղատներում կամ պատվիրել ընկերության ֆեյսբուքյան էջի միջոցով՝ 100 մլ-ն 800 դրամով՝ առաքումը ներառյալ: «Ֆիդորա» ընկերության մենեջերը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ մեծաքանակ պահանջարկի հետ կապված չեն հասցնում առաքում իրականացնել, հազիվ հասցնում են արտադրել: Ընկերությունը դեռ հումքի խնդիր չունի, բայց եթե սպառումը շարունակի մնալ ներկա ծավալներով, ապա կունենան տարաների խնդիր: «Մեզ զանգել, հետաքրքրվել են Կառավարության աշխատակազմից, մենք իրենց հետ միշտ կապի մեջ ենք, իրենց ասել ենք շշերի խնդրի մասին, ուզում ենք թույլ տան շշեր ներմուծենք»,- հավելեց ընկերության մենեջեր Լուսինեն:

Ընկերության ներկայացուցիչը դժվարացավ նշել, թե օրական քանի լիտր են մատակարարում վաճառքի կետերին. «Ասենք, վերջին ուղարկված արտադրանքի չափը եղել է երևի 1000 հատ 60 մլ, 600 հատ 100 մլ, 500-600 հատ 310 մլ»: 

Հաջորդ ընկերությունը, որն արտադրում է ձեռքի հակամանրէային ախտահանիչ ալկոգել, «ԳՌՕՄ» ՍՊԸ-ն է։ Գործում է 2002 թվականից։ Ընկերությունը մաքրող միջոցներ, շամպուններ, օճառներ և այլ նյութեր է արտադրում։ Սակայն կայքի արտադրանքի ցուցակում ձեռքի ախտահանիչ չկա։ Այս ընկերության արտադրած «Sella» ապրանքանիշի ալկոգելը մենք գտանք «ԷՐՄԻԷԼ» խանութների ցանցում՝ 330 մլ-ն 890 դրամով: Ըստ ամենայնի, ընկերությունը նույնպես նոր է սկսել արտադրել ալկոգելը։ Ընկերության կայքում նշված հեռախոսահամարը չէր գործում կամ անհասանելի էր, մանրամասներ ճշտել չհաջողվեց։ 

Մեր ընթերցողներից մեկը մեզ փոխանցեց Սևան քաղաքի դեղատներից մեկից գնած «Ալկոգել» կոչվող ձեռքի հակամանրէային ախտահանիչ, որի վրա նշված չէ արտադրող ընկերությունը, գրված չէ արտադրանքի բաղադրությունը: Տարայի վրայի մյուս գրառումներն էլ ուղղագրական և համակարգչային սխալներով են: Արտադրանքի բաղադրությունը գելային չէ, ավելի շատ նման է հեղուկ սպիրտի և դեղնավուն է: Տարան բազմաթիվ քերծվածքներով է, այսինքն` առաջին անգամ չի օգտագործվել: Անհայտ ծագման հակամանրէային ախտահանիչը դեղատանը վաճառվել է 350մլ-ն 1600 դրամով:

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, սերտիֆիկացման ոլորտի համակարգող Արտակ Շահբազյանը «Հետքի» հետ զրույցում բացատրեց, որ ալկոգելը, եթե միայն որպես ախտահանիչ է, սերտիֆիկացման կարիք չունի։ Սակայն, եթե և՛ ախտահանիչ է, և՛ մաշկը փափկեցնող գործառույթ ունի, որը դիտարկվում է նաև որպես կոսմետիկ միջոց, այդ դեպքում սերտիֆիկացումը պետք է կատարվի Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով։ 

«Ոչ միայն ալկոգելը, այլ նաև այլ ախտահանիչները, օրինակ՝ սանհանգույցինը, դրանք չեն սերտիֆիկացվում։ Ձեռքի ախտահանիչների մեծ մասը սերտիֆիկացման ենթակա են»,- նշում է Արտակ Շահբազյանը։ 

Թե քանի ընկերություն ձեռքերի ախտահանման ալկոգելի սերտիֆիկատ ունի, Ստանդարտների ազգային ինստիտուտը չգիտի, քանի որ դրա սերտիֆիկացումը տարբեր մասնավոր ընկերություններ լիազորված են իրականացնելու։ «Մեր նման սերտիֆիկացման մարմին 15-20 հատ կա։ Էնպես չէ, որ միայն մենք ենք տալիս։ Մենք Սննդի անվտանգության տեսչության նման չենք, որ միակն ենք հանրապետությունում։ Որպես ստանդարտների ինստիտուտ՝ միակն ենք, բայց սերտիֆիկացման մասով միակը չենք։ 20-30 կազմակերպություն կա, որ ստացել են թույլտվություն՝ սերտիֆիկացնելու, և տալիս են համապատասխանության սերտիֆիկանտներ»,- նշեց Արտակ Շաբոյանը։

Սովորական սպառողը, որպեսզի իմանա՝ արդյոք ձեռքերի ախտահանիչը սերտիֆիկացված է, թե ոչ, պետք է վաճառողից պահանջի այն։ Իսկ վաճառողը կամ իրացնողը պարտավոր է ներկայացնել համապատասխանության հայտարարագիր, ինչպես մյուս ապրանքների պարագայում, որոնք ենթակա են պարտադիր հավաստման։ «Սպառողը կարող է պահանջել, և իրենք պետք է ներկայացնեն համապատասխանության հայտարարագիր»,- նշեց Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալը։

Դեղատներում և խանութներում փորձեցինք պարզել՝ վաճառվող ալկոգելերն ունե՞ն սերտիֆիկատներ։ Կենտրոնում որևէ խանութ կամ դեղատուն տվյալ ալկոգելը վաճառելու սերտիֆիկատ չուներ։ Միայն «Ուրարտու» խանութներից մեկում, մենեջերի զանգից հետո, ընկերությունն ուղարկեց «ԳՌՕՄ» ՍՊԸ-ի՝ մարտի 13-ին ալկոգել արտադրելու Ստանդարտների ազգային ինստիտուտի կնիքով հաստատված հայտարարագրման փաստաթուղթը։ 

Տեսանյութը` Անի Սարգսյանի

Ալկոգելերի սերտիֆիկատներ ունեցողների վերաբերյալ տեղեկատվությունը Մաքսային միության ռեեստրում է, որը վարում է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը։ Այս մարմինն է լիազորում բոլոր հավատարմագրման մարմիններին և իրավասություն տալիս, որպեսզի նրանք զբաղվեն սերտիֆիկացմամբ։ Հետևաբար, նաև հավաքագրում է այդ մասին տեղեկությունները։

Առավել կասկածելի են ալկոգելերի վաճառքի օնլայն հայտարարությունները։ list.am հայտնի տիրույթում ալկոգելերի մեծ առաջարկ կա։ Մի քանիսի հետ զրույցներից պարզեցինք, որ ոչ միայն ընկերության անվանումները չգիտեն կամ չեն հայտնում, այլ պատվերի դեպքում չեն կարող պատշաճ թղթաբանություն ապահովել։

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, թե որ ընկերություններն ալկոգել արտադրելու սերտիֆիկատ ունեն, տրամադրել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում 2018-2020թթ․ մինչ օրս գրանցված ձեռքի հակամանրէային ախտահանիչ միջոցների (ալկոգելերի) հայտարարագրերի ցանկը։ Ըստ դրա՝ միայն այս ամիս գրանցվել է ալկոգել արտադրողի 11 հայտարարագիր, ևս 4-ը գրանցվել է 2018-ին։ Բացի դրանից, Անի Օբոսյանը հայտնել է, որ նշված ռեեստրում գրանցված են հարյուրավոր կոսմետիկական միջոցների հայտարարագրեր, որոնց հավելվածներում հնարավոր է լինեն նաև ախտահանիչ միջոցներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող ենք ծանոթանալ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում։ 

Այս հրապարակման մեջ նշված արտադրողներից միայն 4-ն է ընդգրկված ՊՈԱԿ-ի ցանկում:

Եվ ՊՈԱԿ-ի կայքում մենք չգտանք՝

  • «Գրիգոր Եղիազարյան» ԱՁ-ի՝ ալկոգելի արտադրության համար ունեցած սերտիֆիկատը,

ԱՁ-ն հայտարարագիր է լրացրել՝ «Հեղուկ օճառ և եղունգների լաքի մաքրման հեղուկ «Արոմա Լյուքս» ապրանքանիշի համար,

  • «Կենցաղային քիմիայի գործարանի համապատասխան սերտիֆիկատը․ 
    «Կենցաղային քիմիայի գործարանը» սերտիֆիկատ ունի եղունգի լաք հանող միջոց արտադրելու համար, ինչպես նաև «Detox» ապրանքանիշով հեղուկ օճառ արտադրելու համար, բայց ոչ ալկոգելի կամ մաշկի հակասեպտիկ ախտահանիչի համար,
  • «Ֆիդորա» ՍՊԸ-ի սերտիֆիկատը․ ընկերությունը հավաստագիր ունի ձեռքի օճառ արտադրելու համար,
  • «ԳՌՕՄ» ՍՊԸ-ի հավաստագիրը
    ՊՈԱԿ-ի կայքում գտանք միայն «Sella» ապրանքանիշով հեղուկ օճառ արտադրելու հայտարարագիրը, ինչպես նաև մի քանի այլ կոսմետիկ պարագաների հայտարարագիր։ Երբ «Ուրարտու» խանութների ցանցում ալկոգելի սերտիֆիկատ էինք հարցնում, մենեջերին ուղարկեցին հետևյալ փաստաթուղթը։ 

Թե քանի այլ ընկերություն, օգտվելով առիթից, կարող է արտադրանք շուկա հանել առանց համապատասխան հայտարարագրման, հայտնի չէ, քանի որ շուկան վերահսկող մարմինն այս արտադրանքով չի զբաղվում։ 

Այս ամենից կարելի է ենթադրել, որ յուրաքանչյուրը, ստեղծված իրավիճակից օգտվելով, կարող է իր նկուղում պատրաստել և շուկայում վաճառքի հանել այնպիսի գելեր, որոնց մեջ նույնիսկ ախտահանիչ նյութեր չլինեն։ Հետևաբար, գնորդները վաճառքի կետերում պետք է պահանջեն ապրանքի սերտիֆիկատը/հավաստագիրը, որից հետո կատարեն գնումը։ Իսկ վաճառքի կետերը պետք է արտադրողներից պահանջեն և իրենց մոտ ունենան հայտարարագրերի պատճենները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter