
Ինչպես բարձրացնել երեխայի դիմադրողականությունը, և որ ախտանիշների դեպքում դիմել բժշկի
Մայրիկներից հաճախ կարելի է լսել «երեխաս թույլ իմունիտետ ունի», «վիտամին տուր», «լավ չի ուտում, դիմադրողականություն չունի» արտահայտությունները: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Անաիդա Ասատրյանի հետ զրուցել ենք երեխայի իմունային համակարգի ձեւավորման, ամրապնդման, ծնողների թույլ տված սխալների եւ այլ հարցերի շուրջ:
Ինչպե՞ս բարձրացնել երեխայի դիմադրողականությունը
Օրգանիզմի դիմադրողականությունը ապահովում է մարդու իմունային համակարգը։ Այն բավականին բարդ և բազմակոմպոնենտ համակարգ է։ Բացառությամբ հազվադեպ հանդիպող հիվանդությունների, երեխաների մեծամասնության մոտ ծնվելիս գենետիկորեն պայմանավորված, առկա է արդյունավետ գործող իմունային համակարգ, որը պաշտպանում է նրանց տարբեր ախտածին մանրէներից ու վիրուսներից: Սուր շնչառական վարակներով հաճախակի հիվանդանալը, բնավ չի նշանակում, որ երեխան ունի թույլ իմունային համակարգ. ընդհակառակը սա վկայում է, որ երեխան ունի առողջ և ադեկվատ իմունային պատասխան։ Իրականում թույլ իմունային համակարգի մասին խոսում ենք այն դեպքում, երբ հիվանդությունը ուղեկցվում է տարբեր բարդություններով: Բարձր դիմադրողականությունը հնարավոր է ձեռք բերել բալանսավորված սննդակարգի, ֆիզիկական ակտիվության, օպտիմալ ջերմային պայմանների, հիգիենայի կանոնների պահպանման, կենսակերպի մշակույթի համախմբվածությամբ:
Երբեմն մայրիկները դիմում են խորհրդի, հարցնելով, թե որ կաթիլները, հաբերը, մոմիկները կամ վիտամինային հավելումն օգտագործեն երեխայի դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Նշեմ, որ իմունային համակարգը բավականին կայուն համակարգ է և բարեբախտաբար այն հնարավոր չէ փոխել վերը նշված հավելումներով կամ ինչ-որ սննդատեսակով և առհասարակ չկա նման ապացուցողական հիմք, որ նշված որեւէ դեղամիջոցով կարելի է բարձրացնել դիմադրողականությունը:
Ի՞նչ անել և ինչ չանել, որո՞նք են մայրիկների հիմնական սխալները
Երեխայի դիմադրողականությունը հնարավոր չէ խթանել մեկ օրում, մեկ շաբաթում, ծնողները պետք է գիտակցեն, որ կարճաժամկետ գործողություններն անարդյունավետ են, և դիմադրողականության ձեւավորումը երկարատեւ պրոցես է եւ մեծապես պայմանավորված է ոչ միայն երեխայի, այլ ողջ ընտանիքի առողջ կենսակերպով: Հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումներն են։ Իսկ երեխաների բարձր դիմադրողականությանը նպաստում է առողջ ապրելակերպը։
Կան մայրիկներ, որոնք «տաք են պահում», ցրտից վախենալով, երեխաներին շատ են հագցնում, անտեսելով, նրանց բարձր ակտիվությունն ու շարժունակությունը։ Նույն պատճառով խուսափում են ցուրտ եղանակին զբոսանքներից, տունը հաճախակի օդափոխելուց: Երեխայի շնչուղիների լորձաթաղանթը պիտի շփվի եւ սառը, եւ տաք օդի հետ, ի դեպ սառը օդը խթանում է շնչուղիների լորձաթաղանթների տեղային իմունիտետը։
Հատկապես ձմռան ամիսներին ջեռուցման հետեւանքով տան օդը չորանում է` վնասելով շնչուղիները, օդափոխելուց բացի կարեւոր է նաեւ պահպանել օդի խոնավեցումը, ինչը հնարավոր է իրականացնել հատուկ սարքերի միջոցով: Որպիսի նվազեցնել տարբեր տեսակի վարակները երեխային պետք է մանուկ հասակից սովորեցնել հետեւել հիգիենայի պահպանման կանոններին։
Շատ կարեւոր է երեխայի ֆիզիկական ակտիվությունը, որն անհրաժեշտ է ապահովել` խաղերի, սպորտային, պարային տարբեր խմբակներ այցելության միջոցով: Երեխայի ողջ կյանքի ընթացքում այս պայմանների ապահովումը մեծապես նպաստում է նրա դիմադրողականության ամրապնդմանը:
Տնակյաց, սմարթֆոններից ու գադջեթներից կախվածություն ունեցող, սահմանափակ ֆիզիկական ակտիվությամբ երեխաները հաճախ ինքնամփոփ են լինում, ստրեսակայուն չեն տեղեկատվական ծավալուն հոսքի պատճառով, որն իր հերթին իջեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Այսինքն` այս կորոնավիրուսային թոհուբոհի մեջ փորձենք սահմանափակե՞լ տեղեկատվությունը, որ պաշտպանենք երեխաներին:
Ոչ, իհարկե, այս դեպքում տեղեկացված լինելը նրանց պաշտպանում է: Մանավանդ բարձր տարիքի երեխաների հետ, որոնք ավելի զգայուն են, պետք է ավելի շատ զրուցել, բացատրել, թե ինչպես կանխարգելեն վարակի տարածումը: Ի դեպ ֆիզիկական պատշաճ ակտիվություն ունեցող երեխաներն ավելի սթրեսակայուն են եւ ավելի հեշտությամբ են հաղթահարում լարված իրավիճակները:
Ինչպիսի՞ն պետք է լինի երեխայի սննդակարգը, ի՞նչ անել «չուտող» երեխայի դեպքում
Երեխայի սննդակարգը պիտի հագեցած եւ բազմազան լինի, ներառի թե´ կենդանական, թե´ բուսական ծագման սնունդ: Մեծահասակների դեպքում, հաճախ կարելի է լսել այս կամ այն սահմանափակման, շատ միրգ, բանջարեղեն օգտագործելու մասին, բայց երեխաները պիտի ընդունեն բալանսավորված սնունդ: Հիմնականում խորհուրդ է տրվում չստիպել երեխային ուտել: «Չուտել» հասկացությունը լինում է երկու դեպքում, երբ երեխան պարզապես չունի ուտելու պահանջ, սննդի իր ընդունած քանակն իրեն բավարարում է, չունի առողջական խնդիրներ թերսնուցման հետ կապված, անհանգստանալ պետք չէ: Այլ է, եթե երեխան չունի ախորժակ, չի ուտում որեւէ հիվանդության պատճառով: Ծնողների մտահոգությունը, որ երեխային պետք է անընդհատ կերակրել դիմադրողականությունը բարձրացնելու համար չի համապատասխանում իրականությանը, երեխայի ընդունած քիչ սնունդը կարող է լինել բալանսավորված եւ բավարարի նրա օրգանիզմի պահանջը, երեխան կարող է լավ կերակրված լինել, ունենա ավել քաշ, բայց ուտող երեխան, դեռ չի նշանակում, որ նա ունի լավ իմունիտետ եւ բարձր դիմադրողականություն:
Ո՞ր ախտանիշների դեպքում պետք է զգուշանալ, ի՞նչ դեղորայք օգտագործել
Եթե երեխան ջերմում է, ունի բողոքներ կոկորդից, քթահոսություն, արտահայտված թուլություն, գլխացավ պետք է դիմել բժշկի եւ ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ: Եւ սա ոչ միայն այս շրջանի համար, երբ ունենք կորոնավիրուսի հաստատված դեպքեր, այլ` առհասարակ: Ծնողներն, ինքնուրույն նշանակումներ անելով, անհիմն դեղորայք, հակաբորբոքայիններ ընդունելով, կարող են ավելի բարդացնել իրավիճակը: Հաշվի առնելով վերջին ժամանակներում ստեղծված իրավիճակը, ջերմիջեցնողներ ընդունելիս էլ առաջնորդվել բացառապես բժշկի նշանակումներով: Եւ մի հավելում` կորոնավիրուսով պայմանավորված` երեխաները տոկոսային հարաբերությամբ ավելի քիչ են հիվանդանում, բայց այնուամենայնիվ հիվանդանում են, այնպես որ մայրիկներին խորհուրդ եմ տալիս պահպանել զգոնություն եւ հետեւել կանխարգելմանը նպաստող բոլոր ցուցումներին:
Մեկնաբանել