HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչպես են աշխատում արտակարգ դրության պայմաններում երկրի խոշոր ինտերնետ օպերատորները

Հայաստանի խոշոր հեռահաղորդակցության օպերատորներն ունեն պահուստային միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ անխափան գործելու համար:

Արտակարգ դրություն հաստատելուց հետո շատ կազմակերպություններ անցան առցանց աշխատանքի, այդ թվում՝ բջջային օպերատորները: Բուհերն ու դպրոցներն անցել են հեռահար ուսուցման, կարելի է նաև առցանց թանգարաններ «այցելել», զգալիորեն աճել են տարբեր ծառայությունների օնլայն պատվերն ու առաքումները: Այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է անխափան ինտերնետ կապ: Թե որքանով են մեր խոշոր հեռահաղորդակցության օպերատորներն այս իրավիճակին համահունչ արձագանքում, այս մասին խոսել ենք «Յուքոմ», «Վիվասել-ՄՏՍ», «Բիլայն» և «Ռոստելեկոմ» ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք և գերիշխող դիրք ունեն ինտերնետ տիրույթում:

«Յուքոմ»

«Յուքոմ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը վստահեցնում է՝ հայաստանյան պրովայդերներն ունեն բավականին շատ ռեզերվային ծավալներ, քանի որ Հայաստանը Մերձավոր Արևելքի երկրների համար ինտերնետ հասանելիություն տրամադրող տարանցիկ երկիր է, ինչը նշանակում է՝ չի կարող պահուստի խնդիր լինել: Ընկերությունը հերթափոխ է սահմանել տեխնիկական մոնիթորինգի թիմի աշխատանքում՝ սահմանվել է յոթօրյա հերթափոխ՝ նախկին եռօրյայի փոխարեն: Փոփոխությոնն արվել է նրա համար, որպեսզի մի խմբի անդամների՝ վատառողջ լինելու դեպքում վերջինիս փոխարինի մեկ այլ խումբ, և բաժանորդների տեխնիկական խնդիրներին կարողանան արագ արձագանքել:

«Յուքոմ» ընկերության առաջարկած  ինտերնետ ծառայություններից օգտվողների թիվն աճել է վերջին օրերին, օրինակ՝ մոբայլ յուզեռների 5-10 տոկոս աճ կա նախորդ ամիսների նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:

«Ինչ վեաբերում է  ֆիքսված կապին, քանի որ լայվ հեռարձակումները սկսել են շատ նայել, մոտ 10 տոկոս ծանրաբեռնվածությունն ավելի է, որը, սակայն պատմական պիկին չի հասնում»,- ասում է Աշոտ Բարսեղյանը:

Իսկ պատմական պիկը եղել է հեղափոխության օրերին, ըստ Բարսեղյանի՝ «հեղափոխության ռեկորդները դժվար կլինի անցնել»:

Ընկերության ներկայացուցիչը նաև վստահեցնում է՝ եթե նույնիսկ մեկ գրառում է լինում սոցցանցում, որ կապը վատն է, փորձում են արագ արձագանքել և խնդիրը կարգավորել:

«Բիլայն Արմենիա»

Ընկերության ներկայացուցիչ Նաիրա Նազարյանը ևս հիշեցնում է Հայաստանի պահեստային կապուղիների մասին՝ վստահեցնելով, որ արտակարգ դրությանը պատրաստ էին, որևէ խնդիր չի եղել:

«Բիլայնը» ևս, ինչպես «Յուքոմը» այս օրերին սպառման ծավալների դրական դինամիկա ունի: Նաիրա Նազարյանն ասում է՝ աճն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ մոնիթորինգի կարիք չկա, բոլորի աչքի առաջ է:

Ինչ վերաբերում է ընկերության ինտերնետ ծառայությունների որակի պահպանմանը, Նազարյանն ասում է, որ անընդհատ մոնիթորինգ են իրականացնում ամբողջ երկրի տարածքով մեկ, եթե որևէ տեղանքում կապը հզորացնելու կարիք լինի, արագ կարձագանքեն:

«Վերջին օրերին ավելի շատ օնլայն ծառայություններն է աճել: Մենք սոցիալական մասն էլ ենք ներառել, որ կարողանանք մարդկանց ուսուցանել ինչպես օգտվել օնլայն ծառայություններից»,- ասաց նա:

Ընկերությունը աշխարհի ցանկացած երկրից ռոումինգի մեջ գտնվող իր բաժանորդների համար սոցիալական աջակցության ծրագիր է նախաձեռնել՝ առողջապահության նախարարության թեժ գծին զանգերն անվճար են, իսկ առհասարակ ռոումինգի դեպքում դեպի Հայաստան սակագները նվազել են:

«ՎիվաՍել-ՄՏՍ»

Այս բջջային օպերատորը ևս մեծամասամբ անցել է տնային աշխատանքի ռեժիմի: Հերթափոխով են աշխատում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները: Ընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը վստահեցնում է՝ ընկերության աշխատանքները բնականոն ընթանում են:  Իսահակյանի խոսքովա ընկերության համահանրապետական բջջային ցանցը գործում է ամբողջ հզորությամբ, իսկ  ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունները շարունակում են տրամադրվել բնականոն ռեժիմով: Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ընկերությունը շարժական ինտերնետի սպառման ծավալների էական փոփոխություն չի արձանագրել: Այս հանգամանքը Վիվասելը պայմանավորում է 4G ցանցի շարունակական զարգացմամբ, ինչպես նաև փաթեթների առանձնահատկությամբ` մեկ փաթեթում ձայնային ու ինտերնետի ծառայությունների համադրմամբ: Ինտերնետ սպառող հիմնական սակագնային X, Y, Z պլանների բաժանորդները կարող են անսահմանափակ օգտվել ամենատարածված հավելվածներից, այն է՝ Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram, Instagram, Netflix, Snapchat, առանց հիմնական փաթեթում ներառված ինտերնետ փաթեթի մեգաբայթերն օգտագործելու, կախված սակագնային պլանից:

«Ռոստելեկոմ»

Ինտերնետային մյուս խոշոր պրովայդեր «Ռոստելեկոմ» ընկերությունն այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում: Այս ընկերությունը ևս, ինչպես վերոնշյալ մյուս երեք կազմակերպություններն անցել են տնային աշխատանքի ռեժիմի, գրասենյակից աշխատում է միայն տեխնիկական անձնակազմը:

Ընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը վստահեցնում է, որ ինտերնետ ծառայության որակը պահպանելու համար հնարավոր ամեն ինչ արել են: Այժմ աշխատանքներ են տանում լրացուցիչ  ծառայություններ մատուցելու համար,  որպեսզի բաժանորդների ինտերնետ որակից դժգոհություններ չունենան: Հայկուհի Գրիգոյանի խոսքով՝ վերջին օրերին աշխատանքի հետ կապված խափանումներ չեն եղել, ընկերությունը տեխնիկական աշխատանքներ է իրականացրել հեռուստաալիքների մի մասն ու ֆիլմացանկն անվճար դարձնելու համար:

Ընկերությունը Կրթության, գիտության, մշակույթ և սպորտի նախարարության հետ համատեղ նոր ալիք է թողարկել, որտեղ հեռահար դասընթացներ են հեռարձակվում:

Ինչ վերաբերում է նոր բաժանորդագրվելու հայտերին, ապա ընկերության խոսնակը պնդում է՝ բաժանորդի ցանկության դեպքում տնային միացում են կատարում, սակայն իրականացնում են բոլոր կանխարգելիչ միջոցառումները քաղաքացու բնակարան այցելելիս՝ դիմակ, սպիրտ, ձեռնոցներ և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter