
Հնարավորինս խուսափել կալանքը որպես խափանման միջոց կիրառելուց. ԱՆ-ի նախագիծը ստացավ ԱԺ-ի հանձնաժողովի հավանությունը
Կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկով հնարավորություն է ստեղծվում կալանքը որպես խափանման միջոց հնարավորինս կրճատելու իրավակիրառ պրակտիկա ստեղծել:
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկին:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ում խոսքով՝ տևական ժամանակ է իրավակիրառողները քննարկում են այն հարցը, որ գրավը չպետք է այլընտրանքային խափանման միջոց լինի կալանքին, այլ գրավը ևս պետք է հնարավոր լինի կիրառել որպես ինքնուրույն խափանման միջոց:
«Դա կբերի նրան, որ կալանքի կիրառման դեպքերը կկրճատվեն, ինչը բխում է ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներից և Վճռաբեկ դատարանի` կալանքի հետ կապված արտահայտած դիրքորոշումներից»,-ասաց նախարարը:
Բադասյանի համոզմամբ՝ գրավը պետք է կիրառվի ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլև ինքնուրույն՝ կալանավորումից անկախ խափանման միջոց:
«Անձին ազատությունից չզրկելուն առնչվող բոլոր խափանման միջոցները պետք է դիտվեն կալանավորմանն ալընտրանք, և դատարանը, յուրաքանչյուր դեպքում մինչև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը, պետք է քննարկի այլ խափանման միջոցների կիրառմամբ սահմանված նպատակներին հասնելու հնարավորության հարցը»,-ասաց նախարարը:
Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ գործող կարգավորման համաձայն՝ գրավը կիրառվում է բացառապես դատարանի որոշմամբ:
«Նախագծով առաջարկվում է գրավը ազատությունից չզրկելու մյուս խափանման միջոցների պես կիրառել դատախազի, հետաքննության մարմնի, քննիչի որոշմամբ, ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ՝ ելնելով դրա որպես ինքնուրույն խափանման միջոց նախատեսելու հանգամանքից»,-ասաց Բադասյանը:
Գրավի կիրառման գումարի նվազագույն շեմն առաջարկվում է սահմանել 200 հազար դրամը և հնարավորություն ընձեռել հանցագործության տեսակից կախված անձի նկատմամբ կիրառվող գրավի չափն անհատականացնել:
Նախարարի խոսքով՝ նախագծի նպատակն է հնարավորինս խուսափել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայից, և վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն ընձեռել այնպիսի գործիքներ կիրառելու, որ անհրաժեշտություն չառաջանա կալանքը որպես խափանման միջոց ընտրել:
Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:
Մեկնաբանել