HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր մտքի ծուլութիւնը եւ հոգու մնայուն ժանգը - 2

սկիզբը

Դ

Երանի՜ թէ գլուխս ջուր լինէր, եւ աչքերս՝ արտասուքի աղբիւր, եւ նստէի ու լայի մեր աշխարհի թշուառութիւնը:

Ղազար ՓԱՐՊԵՑԻ

Մեր հայ հասարակութիւնը, լինի տարաշխարհի կամ Հայաստանի մէջ, իր հիմնական զանգուածով մոլորուած է ճիշտ ինչպէս Աղէ Պուպրիկը:

Ուրեմն, նախ ծանօթանանք իմ պատմութեանը :

ԶՐՈՅՑ ԱՂԷ ՊՈՒՊՐԻԿԻ ՄԱՍԻՆ

Աղէ Պուպրիկը ճամբորդելիս՝ եկաւ-հասաւ Ծովին: Նա երբէք ծով չէր տեսել եւ հարցրեց.

- Դու ո՞վ ես:

- Ծովն եմ,- պատասխանեց ծովը:

- Իսկ այդ ի՞նչ բան է ծովը:

Ծովը պատասխանեց.

- Աւելի մօտեցիր եւ կ’իմանաս:

Աղէ Պուպրիկը մօտեցաւ, մատը մտցրեց ջրի մէջ եւ նոյն պահին էլ ետ քաշեց ձեռքը: Ու տեսաւ, որ մատը չկայ:

- Դու իմ մատը խլեցիր,- գոչեց նա:

- Բայց փոխարէնը դու ինչ-որ կարեւոր բան իմացար, որ չգիտէիր,- պատասխանեց

Ծովը:- Աւելի մօտեցիր, եւ աւելին կ’իմանաս:

Աղէ Պուպրիկը մտաւ ջուրը: Եւ քայլեց առաջ: Ալիքները լուացին աղի բիւրեղները, որոնցից շինուած էր Պուպրիկը: Նա շարունակեց առաջանալ եւ, երբ, ի վերջոյ, ամբողջովին լուծուեց ծովի մէջ, ուրախացած գոչեց. «Հիմա ես գիտեմ… Ծովը ե՜ս եմ»:

Այսպէս, ուրեմն, մենք ոչ միայն կարող ենք ընդամէնը կարծել, թէ մենք «ծովն էինք», քանի որ յաջողութեամբ լուծւում էինք Աղէ Պուպրիկի պէս, այլեւ համոզուած լինել, թէ ազգային մէր ապագան հէնց այդ Ծովն էր, որից դուրս գալուց յետոյ էլ շարունակում ենք հաւատարիմ մնալ Ծովի գաղափարաբանական-բարեկամական փաստարկներին:

Մենք այնպիսի մի կեցուածք ենք ընդունել, թէ իբր ամէն ինչ օրինաւոր է ու «պատմական անհրաժեշտութիւն»: Նոյնիսկ համարակալել ենք Հայաստանը ըստ հանրապետութիւնների… Ինչո՞վ ենք պակաս, օրինակ, ֆրանսացիներից… Նրանք հինգ հանրապետութեան տէր են, իսկ մենք առայժմ՝ երեք… Բայց կարող ենք հասնել նրանց եւ նոյնիսկ անցնել:

Եթէ մի պահ համաձայնենք, թէ Հայաստանի 1918-20 թուականների հանրապետութեանը որեւէ երկրորդող եղել է, ապա առնուազն զաւեշտ է կարծելը, թէ սովետական իրականութեան մէջ «ազատ աշխարհ Հայաստանն» է եղել այդ երկրորդողը, քանի որ գաղութ էինք եւ վերանուաճուեցինք որպէս գաղութ, եթէ նոյնիսկ մի ժամանակ անուանում էին նահանգ, մէկ այլ ժամանակ՝ հանրապետութիւն: Առաւել եւս զաւեշտ է, երբ հասարակութիւնն ու նրա «ականաւորները» այնպիսի մի կեցուածք ունեն, թէ իբրեւ Հայաստանը բնաւ կոմունիստական (բոլշեւիկեան) չի եղել, թէ իբրեւ շուրջ մէկ դար Հայաստանի պատմա-մշակութային շերտը իր բովանդակութեամբ բնաւ կոմունիստական չի եղել եւ չի ունեցել միանշանակ մարքս-լենին-ստալինեան գաղափարաբանութիւն: Բայց արդէն ոչ թէ զաւեշտ, այլ ողբերգութիւն է, որ լինելով «սովետական հայրենասէր»՝ իրականի մէջ եղել ենք ռուսական ծաւալապաշտական նացիոնալիզմի որակեալ ջատագով, եւ ոչ երբեք  ԱԶԳԱՍԷՐ, ինչը բարձրագոյն բարոյական արժէք է Հայի համար…

Տրուելով այս ինքնախաբէութեան՝ հասարակութիւնը իր հերթին, բայց մտաւորականներն էլ որպէս ազգային անեղծ արժէքների ընդհանրական պատասխանատուներ, սովետական իրականութեան կործանումից յետոյ մինչեւ օրս չեն ապաշխարել եւ ներողութիւն չեն հայցել ժողովրդից:

Գերմանացիների՛ օրինակով, որ յանձին քաղաքագէտների ու մտաւորականների, աշխարհի առաջ խոստովանեցին. «Մենք հասկացանք, թէ ի՛նչ է ֆաշիզմը եւ այլեւս երբէ՛ք թոյլ չենք տա, որ այն կրկնուի մեր երկրի մէջ» :

Յետո՞յ ինչ, որ նոյնպիսի խոստովանութիւն չհրապարակեց Ռուսը: Ի վերջոյ, կարողանալով ժամանակին դիմակափոխուել, նա եղել էր, մնացել էր եւ մնաց իր գաղութների տէրն ու տնօրէնը:

Բայց մեր մտաւորականութիւնը պարտաւոր էր յայտարարել, որ «Մենք վերջապէս հասկացանք, թէ որպիսի չարիք է ռուսական ծաւալապաշտութիւնը եւ կոմունիստական բռնատիրութիւնը: Հետեւաբար ամէն բան կ’անենք թոյլ չտալու համար, որ Հայաստանի մէջ երբեւէ կրկնուի օտարի տիրակալութիւնը եւ ազգային հոգեւոր-մշակութային ցեղասպանութիւն իրականացրած կոմունիզմը»: 

Մեր ժողովրդի իմաստուն միտքը, զգայուն սիրտը եւ քրիստոնէական մեր խիղճը ներկայացնող գործիչները միշտ դիմադրել են… Նրանք, այդ ազնուական մարդիկ դիմադրել են թէ՛ ռուսական եւ թէ՛ թուրքական գերեվարութեան դարաւոր մղձաւանջի ընթացքին, դիմադրել են Հայկական Աղէտից մազապուրծների գաղութների մէջ, եւ դիմադրել են  Լեզուն եւ մշակոյթը վերջնական կորուստի տանող «եղբայրութեան նոր գաղափարների» դէմ:

Նրանք բնաւ չեն փորձել իրենց տգիտութիւնը փարատել Ծովի մէջ լուծուելու ճանապարհով, որպէսզի յետոյ էլ դառնան գիտուն՝ կարծելով, թէ Ծովն իրենք են, որ կան…

Ծովի մէջ լուծուելով՝ իրենց Ծով կարծող մտաւորականներն են, որ պուպրիկային գիտունութեամբ ամէնայն կերպ խոչընդոտում են բարոյական, ազգային ու մշակութային ճշմարիտ արժէքների սանդղակը վերահաստատելուն: Նրանք են, որ պուպրիկային իրենց գիտունութեամբ հայ հասարակութեանը շարունակում են պահել բարոյական ու իմացական խաւարի մէջ: Նրանք են, որ սովետական ժանգի շերտից մաքրուելու, մեր իսկական էութեանը, մեր ճշմարիտ պատմութեանը, մեր բուն արմատներին վերադառնալը յայտարարում են կեղծ, անտրամաբանական եւ հակապատմական կարգախօս, եւ ռուսական նացիոնալիզմը ներկայացնում են որպէս ԱԶԳԱՍԻՐՈՒԹԻՒՆ՝ ազգն ու հասարակութիւնը կեղծ, անտրամաբանական եւ հակապատմական այն իրականութեան մէջ պահելու համար, որի ընթացքը Աղէ Պուպրիկի վախճանն է:

Ե

Մենք Լենինի բանակն ենք,

Ստալինի զաւակն ենք:

Ստալինի խրատով

մեր ցաերը փարատաւ:

Կուլակներին քշեցին,

մեզի առաջ քաշեցին:

Ստալինի սայիցը

պրծանք դարդ ու ցաւիցը :

Եա՜ր, եա՜ր,

Է՜լլու եար,

Թե՜լլու եար…

Սովետահայ ժողովրդական սիրերգ

…Իսկ մենք կարծում էինք, թէ 1953 թ. Մարտ 5-ին, Ստալինը իսկապէս մեռաւ:

Մենք կարծում էինք, թէ 1956-ի Փետրուարին Ստալինը վերջնականապէս մեռաւ, երբ նրա դիակը դամբարանից հանեցին ու թաղեցին:

Մենք կարծում էինք թէ Ստալինը անվերադարձ մեռաւ, երբ 1991-ի Դեկտեմբերին կործանուեց ռուսական կոմունիստական կայսրութիւնը:

Բայց, բանից պարզւում է, որ նրանք երկուսն էլ՝ թաղուած ու դեռ չթաղուած առաջնորդները, որ ողջ էին երեկ, ողջ են այսօր եւ որքան երեւում է տեսանելի հեռանկարի մէջ՝ իսկապէս անմահ են:

Որովհետեւ նրանք Ճշմարիտ Աստծու փոխարէն իրենց հաստատուն տեղն են գտել մեր էութեան մէջ եւ մենք, հայերս, կարծես թէ բնաւ մտահոգ չենք հրաժարուել կռապաշտութիւնից:

Որովհետեւ լուսաւոր գիտելիքների փոխարէն իրենց խաւար ուսմունքն են տեղաւորել մեր մտքի մէջ եւ մենք, հայերս, բնաւ չենք փորձում հրաժարուել մեր խաւարամտութիւնից :

Որովհետեւ մարդկային կեանքի երջանկութիւնը գեղեցիկ ապրելու փոխարէն, նրանց թելադրած ստրկամտութեամբ ենք քարշ տալիս մեր գոյութիւնը, մեր գետնաքարշ այս վիճակն ենք կարծում օրինական եւ վայելում ենք մեր երջանիկ տգիտութիւնը,- նորից միջամտում է Սարոյեանը:

Զ

Երբ փափկում է տէրը՝ մեզ կանչում է մօտը,

Մենք խոնարհ սողում ենք ու լիզում ենք ոտը:

Շանդոր Պետեոֆի, «Շների երգը»

Արդէն երկու տասնամեակ է, ինչ ապրում ենք 21-րդ դարի մէջ։ Եւ երկու տասնամեակ է անցել այն ժամանակից, երբ ԿԳԲական իշխանութիւնները յորդորում էին ըմբռնումով մօտենալ «ժամանակաւոր դժուարութիւններին, որոնք բնական են պետութիւն կառուցելիս»։ 88-ին տասը տարեկանները արդէն չափահաս մարդիկ են, ովքեր ոտքի են ելել եռագլուխ դրակոնից եւ սրբազան կապիկներից բնութիւնը պաշտպանելու վճռականութեամբ, իսկ այն երիտասարդները որ նստացոյց էին անում, արդէն ապրել են իրենց քառասուն, նոյնիսկ յիսուն տարիների կեանքը… Աստուած քաջառողջութիւն եւ ոգու տոկունութիւն տայ նրանց…

Բայց նաեւ իմաստնութիւն…

«Ազատութան հիպնոսը շատ թանկ է նստում ճիշտ այնպէս, ինչպէս ամէնայն կեղծիքի հիպնոսը... ԽՍՀ Միութեան վախճանից յետոյ մեզ շատ բան են առաջարկելու: Եւ բոլորը ստելու են իրենց գրպանի օգտին: Լինելու են նախարարների եւ առաջնորդների, կուսակցապետերի եւ ռազմական դիկտատորների բազմաթիւ թեկնածուներ: Լինելու են դրամատների օտար դրածոներ եւ տրեստների օտար դրածոներ: Լինելու են մի տեսակի օտարերկրացիների դրածոներ եւ մէկ ուրիշ տեսակի օտարերկրացիների դրածոներ: Եւ բոլորն էլ ամէնից առաջ խօսելու են ազատութիւնների մասին, որ ամէնից խոստումնալի եւ ոչնչի պարտաւորեցնող նիւթն է ստելու համար: Ազատութիւնը, ինչպէս արդէն հիմնաւորապէս յայտնի է մեզ, կազմակերպել են բոլորը: Թէ՛ Ստալինը, թէ՛ Հիտլերը, թէ՛ Մուսոլինին...

Մի խօսքով, շատ բան կը լինի: Եւ ամէն «իմաստունի» համար բաւականին պարզամիտներ կը գտնուեն. քանի որ աշխարհի ամենաբռնատիրականից մինչեւ ամենադեմոկրատական բոլոր երկրների մէջ էլ ոչխարներ կան: Ինչպէս յայտնի է, այդ ոչխարներին ոչ ցանում են եւ ոչ էլ հնձում: Ջանացէք չյայտնուել նրանց մէջ: Եւ դա այնքան էլ դիւրին չէ, ինչպէս կարող է թուալ առաջին հայեացքից: Ահաւասիկ, մեր սերունդը, որ յայտնուեց այդ ոչխարների մէջ՝ թերեւս չլինելով աւելի հիմար, քան նախորդ սերունդներին էին: Բայց խնդիրն այն է, որ մեր սերնդին չափից աւելի են ստել»- այս մէջբերումը կատարում եմ մեր օրերից տասնամեակներ առաջ լոյս տեսած Իվան Սոլոնեւիչի «Ժողովրդական միապետութիւն» գրքից (Բուէնոս-Այրէս, 1973):

Թերեւս արարելիս, Աստուած արդէն իսկ մեզ շնորհել է այն իմաստութիւնը, որ հիմա, այս ժամանակներին ինչ որ չի երեւում… Կորե՞լ է… Թաքնուե՞լ է… Մեզնից ձե՞ռք է քաշել մեր անշնորհքութիւնը տեսնելով…

Մի անշնորհքութիւն, կամ ստրկամտութիւն, կամ արդէն բացայայտ հիմարութիւն, երբ մի ժողովուրդ, որ իւկագիրների պէս մի քանի տասնեակ հոգի չեն, այլ միլիոններ, տասնամեակներ է կորցնում երեք ստահակներից բացի ուրիշ տասին, քսանին, յիսունին չունի, որոնց կարողանար վստահել իր սեփական, իր երեխաների կեանքը եւ իր թոռների երկիրը։

Եւ այսպէս, միշտ մնալու ենք անցեալի մէջ, թէկուզ տասը տարի յետոյ, թէկուզ յիսուն տարի յետոյ՝ միշտ մնալու ենք անցեալի մէջ, քանի որ անցեալի մէջ տարիներով ու տասնամեակներով մնալու փորձը ունենք եւ այդ անցեալից դուրս գալու որեւէ ճիգ դեռ չենք արել:

Կարէն Ա. Սիմոնեան

Փարիզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter