HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքի հոգսերից հեռու փոքրիկ աշխարհ

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը հիսուն տարվա պատմություն ունի։

Կես դարից մի քիչ պակաս այն եղել է հադրութցի մի քանի սերնդի ամենասիրելի վայրը։ Մի քիչ պակասը պատերազմի տարիներն են։

Հետո կրկին վերաբացվել է։

Այս անգամ' արդեն պատերազմի ահավոր դեմքը տեսած երեխաների հոգեկան աշխարհը վերականգնելու համար։

Կենտրոնի տնօրեն Վերա Ահարոնյանն ասում է, թե սկզբում պատերազմի ազդեցությունն իսկապես զգալի է եղել։

«Երեխաները գալիս էին մռայլ, չհարդարված, չսանրված, բայց մենք մեր առջեւ խնդիր դրեցինք ստեղծել մի փոքրիկ աշխարհ, որտեղ նրանք չեն զգա կյանքի դժվարությունները»։

Ուսուցումն այստեղ անվճար է։ Կառավարությունը կենտրոնին տարեկան յոթ միլիոն դրամ է հատկացնում, այսինքն՝ մոտավորապես 17 հազար ամերիկյան դոլար։ Այս բավական համեստ գումարով կենտրոնում գործում է 25 խմբակ։ Թեեւ տարածքը փոքր է, հարմարությունները՝ սուղ, բայց մանկական ստեղծագործության կենտրոնը միակն է եւ չի կարող մերժել ցանկացողներին։ Տնօրենն ասում է, թե ոչ միայն չեն մերժում ցանկացողներին, այլեւ իրենք են փնտրում ու գտնում օժտվածներին, որպեսզի օգնեն «նրանց դրսեւորելու բնատուր ունակությունները», եւ ամենակարեւորը՝ փորձում են բովանդակալի դարձնել նրանց ժամանակը։

Պարի, կերպարվեստի, շյուղագործության, գորգագործության եւ այլ խմբակներում անցած տարի ուսանել է 336 երեխա։ Այս տարի սաների թիվը զգալիորեն աճել է։ Ուսումնական տարվա սկզբին խմբակներին մասնակցելու ցանկություն է հայտնել մոտ չորս հարյուր երեխա։

Կերպարվեստի խմբակի ղեկավար Էրիկ Ալավերդյանն ինքնուս նկարիչ է։ Մանկության տարիներին հաճախել է կենտրոն, նվիրվել նկարչությանը, պատերազմի պատճառով, սակայն, չի կարողացել շարունակել ուսումը։ Ինքն իր, նաւե այս երեխաների մասին ասում է. «Ով ձգտում ունի նկարիչ դառնալու, եթե իրա մեջ կա, ձգտելու ա, մենք ուղղակի օգնում ենք, որ էդ էրեխու մեջի էդ արվեստը կատարելագործվի»։

Շյուղագործության խմբակը ղեկավարում է Նարինե Գրիգորյանը։ Նարինեն ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։

Վերադառնալով Հադրութ՝ մասնագիտությանը համապատասխան աշխատանք չի գտել ու որոշել է երեխաներին փոխանցել իր տատից սովորած արհեստը։

«Էդ աշխատանքը ոնց որ սիրել եմ, սովորել եմ տատիկից, հիմա էլ որպես պրոֆեսիոնալ գործող երեխաներին եմ սովորեցնում»,- ասում է Նարինեն, ով իր առջեւ նպատակ է դրել փոխանցել ավանդական ձեւերն ու նախշերը։ «Էդ հին բաները երեխաներին սովորեցնում եմ, որ չմոռանան մեր հին հայկականը»,- ասում է Նարինեն։

Կենտրոնը փորձում է երեխաներին կապել հին արհեստների ու գեղեցիկ արվեստների հետ, բայց շատերի համար այս շփումը կարող է նաեւ դրամ վաստակելու միջոց լինել։ Նարինե Գրիգորյանն ասում է, թե այս տարի անպայման ցուցահանդես վաճառք են անելու, որ տեսնեն իրենց աշխատանքի շոշափելի արդյունքը։

Լուսանկարներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter