Ըստ Ա.Հովսեփյանի` նախաքննական փուլում խոշտանգումների բացահայտումը ձեռնտու է հենց դատախազությանը
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքերին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Արմեն Դանիելյանը, Եվրոպայի խորհրդի և ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում Ա. Հովսեփյանը Հ. Ջունքերին մանրակրկիտ ներկայացրեց ՀՀ դատախազության համակարգում տեղի ունեցած բարեփոխումները, դատախազությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքները: ՀՀ գլխավոր դատախազը նշեց նաև, որ դիմել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակին' եվրոպացի փորձագետների կողմից դատախազության լիազորությունների և գործառույթների վերաբերյալ մոնիտորինգ կատարելու խնդրանքով' պարզելու համար, թե որքանով է այսօր ՀՀ դատախազական համակարգը համահունչ միջազգային չափանիշներին, ինչպիսի բարեփոխումների կարիք դեռևս կա:
Հ. Ջունքերը ողջունեց նման մեծածավալ աշխատանքներ կատարելը, հատկապես «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով քննության օրինականության հսկողության նկատմամբ դատախազների մասնագիտական վերապատրաստումների դասընթացներ կազմակերպելու համար: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչպիսի օրենսդրական դաշտ և գործնական փորձ է առկա խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերով:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության' Ա. Հովսեփյանը Հ. Ջունքերին հանգամանորեն ներկայացրեց ձերբակալման պահից մինչև դատական վախճան ընկած դատավարական ընթացքում գործող օրենսդրական մեխանիզմները, գործող կարգը, որը կոչված է հնարավորինս ապահովվելու անազատության մեջ գտնվող մարդու, քաղաքացու իրավունքները: Մասնավորապես, համաձայն գործող կարգի, ինչպես նշեց գլխավոր դատախազը, երբ քաղաքացին բերման է ենթարկվում ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր, հենց տեղում ենթարկվում է բժշկական զննման:
«Եթե առկա են բռնության հետքեր, մարմնական վնասվածքներ, ապա դրանք անմիջապես տեղում ստուգվում են, պարզվում են դրանց պատճառման հիմքերը: Եթե քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, և քաղաքացուն տեղափոխում են մեկուսարան, ապա մեկուսարանում կրկին կալանավորվածը ենթարկվում է բուժզննման: Մարմնական վնասվածքների հայտնաբերման դեպքում, կրկին նախապատրաստվում են նյութեր' պարզելու դրանք ստանալու հիմքերը»,- ասաց Ա. Հովսեփյանը:
Նա շեշտեց, որ մարմնական վնասվածքների, խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտումը նախաքննական փուլում առաջին իսկ հերթին ձեռնտու է դատախազությանը, քանզի դրանց ուղղությամբ կատարված քննությունը, ուսումնասիրությունը, ստուգումները միմիայն ամրապնդում են մեղադրանքի պաշտպանությունը և հիմնավորվածությունը:
Ա. Հովսեփյանը շեշտեց նաև, որ բոլոր դատախազներին ցուցում է տրված քննության առարկա դարձնել դատարաններում, դատաքննության ժամանակ կիրառված բռնության, խոշտանգման դեպքերի մասին ամբաստանյալի արած յուրաքանչյուր հայտարարություն:
Ա. Հովսեփյանի խոսքերով' նախորդ տարիների համեմատ այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ:
«Եղել են դեպքեր, երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ' ոստիկանության աշխատակիցներին նկատմամբ բռնություն գործածելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունը իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակը: Ոստիկանները իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ և որպեսզի կոծկեն իրենց ապօրինությունները, գործ են հարուցել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան է դատապարտվել»,- նշեց Ա. Հովսեփյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել