Համաշխարհային բանկը 17.9 մլն եվրո վարկ կտրամադրի սոցիալական ներդրումների համար
Համաշխարհային բանկը տեղեկացնում է, որ բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 17.9 միլիոն եվրո արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար։
Ծրագիրը կօգնի կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։
Աջակցելով միջհամայնքային երկխոսության կայացմանը՝ լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և ծառայությունները՝ մարզերի կամ համայնքների խմբերի սոցիալ-տնտեսական և մարդկային կապիտալի զարգացումը բարելավելու նպատակով։
«Նոր ծրագրից անմիջականորեն օգտվելու են մոտավորապես 55 համայնքներ, որոնցից 35-ը վերջերս խոշորացված համայնքներ են՝ հիմնականում գյուղական շրջաններում, և նրանք հնարավորություն կունենան վերհանելու իրենց ներդրումային կարիքները», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։ «Ես հատկապես ուրախ եմ, որ այս ծրագիրը նաև փորձելու է նպաստել համայնքներում եկամտաբեր գործունեությանը, որը կարող է տնտեսական հնարավորություններ բացել»։
Ծրագիրն ունի երեք բաղադրիչ։ Առաջին բաղադրիչով աջակցություն է տրամադրվում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ձևավորմանը։ Լրացուցիչ ֆինանսավորմամբ շարունակվելու է այն միկրո ծրագրերի ֆինանսավորումը, որոնք հասցեագրված են 20 խոցելի համայնքներին՝ համայնքի բազային ենթակառուցվածքների առաջնահերթ կարիքները հասցեագրելու նպատակով։
Երկրորդ՝ սոցիալական և տնտեսական զարգացման միջհամայնքային նախաձեռնություններ բաղադրիչով ֆինանսավորվելու է 35 նախաձեռնություն, որոնք կունենան ավելի երկարաժամկետ զարգացման ազդեցություն՝ համախմբելով երկու կամ ավելի համայնքներ։ Համագործակցային զարգացման այս նոր մոտեցմամբ լրացուցիչ խթաններ են տրամադրվելու համայնքներին՝ տարածքային բարեփոխումների հայեցակարգին համապատասխան զարգացման կապերն ու հնարավորությունները լիարժեք օգտագործելու նպատակով։
Երրորդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվելու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ինստիտուցիոնալ հզորացմանը։ Տարածքային բարեփոխումներին համապատասխան՝ ՀՏԶՀ-ն աստիճանաբար անցում է կատարում հիմնականում սոցիալական ենթակառուցվածքին վերաբերող միկրո ծրագրերից դեպի կայուն տարածքային զարգացման ծրագրերի իրականացման խոշորացված համայնքների կողմից։
«Գործառնական կարգավորումներն ու ընթացակարգերը կկատարելագործվեն՝ հզորացնելով համայնքի ներգրավվածությունն ու մասնակցությունը», - նշում է Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկը։ «Ավելին, քաղաքացիական մասնակցության շրջանակը պետք է հզորացնել շահառուների կարծիքն ավելի լավ ներկայացնող ու չափորոշող գործիքների կիրառմամբ։ Եվ վերջիվերջո, գենդերային տարբերությունները կպարզվեն ու կհասցեագրվեն՝ ապահովելով տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում կանանց ավելի ուժեղ մասնակցություն»։
17.9 միլիոն եվրոն (20 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք) ՎԶՄԲ վարկ է, որն ունի փոփոխական սպրեդ, 14.5 տարի անտոկոս ժամանակահատված և 25.5 տարի ընդհանուր մարման ժամկետ։ ՀՀ կառավարությունը և շահառու համայնքները տրամադրելու են ընդհանուր 7.52 միլիոն եվրո գումարի համաֆինանսավորում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել