HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովականները պահանջում են փոխել Ախթալայի կոմբինատի սեփականատիրոջը

Երեկ` մարտի 3-ին, մոտ 200 ախթալացիներ, այդ թվում նաև լեռնահարստացման կոմբինատի ներկա և նախկին աշխատողներ, ժողով էին հրավիրել կոմբինատի տնօրինության հետ իրենց պահանջները քննարկելու համար:

Ժողովին մասնակցում էին նաեւ ԱԺ հանրապետական պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը և նրա եղբայրը`Սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ կոմբինատի աշխատակիցները երկրի նախագահին դիմել էին բաց նամակով, որում բարձրացրել էին ինչպես իրենց աշխատավարձերի, այնպես էլ անվտանգության հարցերը:

Վազ գեն Խաչիկյանը իր ելույթում նշեց, որ ԼՀԿ-ի նկատմամբ Խաչիկյան եղբայրները որևէ ակնկալիքներ չունեն, ընդամենը պայքարում են ախթալացիների իրավունքների համար: «Ըստ նախաձեռնող խմբի` ժողովի հիմնական նպատակներից մեկը ԼՀԿ-ի  սեփականատերերին ընդդիմախոս արհեստակցական միության ստեղծումը պետք է լիներ»,- ասաց ժողովը վարող Հովիկ Փարսադանյանը:

Սակայն լեռնահարստացման կոմբինատի ղեկավարները աշխատողների հետ հանդիպելու հրավերը մերժել էին, որի պատճառով էլ փոխվեց ժողովի ուղղվածությունը:

Հովիկ Փարսադանյանը ներկաներին կոչ արեց անկաշկանդ խոսել ԼՀԿ-ի սեփականատերերի կողմից իրենց իրավունքների ոտնահարման փաստերի շուրջ: Իրենց ելույթներում Վազգեն Խաչիկյանը, Հովիկ Փարսադանյանը և էլի ուրիշներ առաջարկեցին փոխել ԼՀԿ-ի սեփականատեր Մադլեն Թաշճյանին:

«Մինչև սեփականատիրոջ փոփոխություն չլինի, արդեն մենք մեր կաշվի վրա զգացել ենք, մեր պահանջները դժվար թե դրական լուծումներ ստանան»,- ասաց Հովիկ Փարսադանյանը:

Իր ելույթում Ախթալայի հանքի առաջին տեղամասի նախկին պետ Սամվել Շախկյանը, ով մի քանի տարի առաջ հաշմանդամ է դարձել իր աշխատավայրում և այդ պատճառով զրկվել աշխատանքից և առ այսօր չի թոշակավորվել,  անդրադառնալով փետրվարի 25-ին հանքում զոհված Գարիկ Աղջյանի մահվանը, անթույլատրելի համարեց հանքում էլեկտրաքարշից գլուխը հանելը: Ըստ Ս. Շախկյանի` Գարիկն այդ մասին չի հրահանգավորվել: Սամվել Շախկյանն ասում էր, որ կոմբինատի սեփականատերերը թալանում են  մեր ազգային հարստությունը, մինչդեռ ժողովուրդը դրանից ոչինչ չի ստանում: Լեռնահարստացման ֆաբրիկայի նախկին պետ Սահակ Ալեքսանյանը իր խոսքում ասաց, որ բանվորների իրավունքների ոտնահարումը ԼՀԿ-ում նոր չէ:

 
 Գարիկ Ջաղինյան  Վահագն Դարչինյան  

«Դեռ 2006 թ.-ին ես Տեր-Պողոսյանից պահանջել եմ աշխատանքային տեղամասերում ապահովել աշխատողների կյանքի անվտանգությունը, վճարել գիշերային աշխատանքի համար, որի պատճառով էլ վտարվել եմ աշխատանքից»,- ասաց նա: Ֆլոտատոր Գարիկ Ջաղինյանը ներկայացրեց ֆաբրիկայում տիրող ներկա իրավիճակը. «Մեր հիմնական բողոքն այն է, որ ներկայումս ոչ մի ներդրում չի կատարվում կոմբինատում: Աշխատողների հանդեպ տիրում է ոչ նորմալ վերաբերմունք»,- ասաց նա:

ԼՀԿ-ի  գլխավոր արտադրամասի հերթափոխի վարպետ Վահագն Դարչինյանը  հայտնեց, որ իր աշխատանքային պարտականությունների մեջ մտնում է ջարդման արտադրամասի աշխատանքի վերահսկելը. «Գնում ես ջարդման արտադրամաս, տեսնում ես արտադրամասն աշխատում է, բայց մարդիկ չեն երևում: Այսինքն` այնքան թոզ ա, որ աշխատողները իրար չեն տեսնում: Ղեկավարության կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվում արտադրամասի փոշեհեռացման համար, որպեսզի փոշին մարդկանց առողջությունը չվնասի»,- ասաց Վահագնը և անարդարացի համարեց նման պայմաններում աշխատողների համար 37 հազար դրամ աշխատավարձի և նույնքան էլ առոջության վնասի փոխահատուցում սահմանելը:

Ֆաբրիկայի հերթափոխի էլեկտրիկ Աղասի Քոչարյանը նույնպես իր աշխատանքային պայմանները շատ վատ գնահատեց. «Ամենացավալին այն է, որ ֆաբրիկայի ղեկավարության կողմից մենք աջակցություն չենք ստանում: Եթե այդ աջակցությունը ապահովված լիներ, Գարիկ Աղջյանի մահվան ցավալի դեպքը ֆաբրիկայում չէր արձանագրվի»:

Աղասի Քոչարյանը նույնպես կողմ էր ԼՀԿ-ի սեփականատիրոջ փոփոխությանը. «Ինձ թվում է` ֆաբրիկայում աշխատող էդպիսի մարդ չկա, որ դրան կողմ չլինի, որովհետև մեր դրված պահանջները նրանց կողմից չեն կատարվում»:

Աղասին կարծում է նաև, որ բանվորների համար բոլորովին կապ չունի, թե ով կլինի ֆաբրիկայի սեփականատերը: Ըստ նրա` բանվորները կարևորում են բարձր աշխատավարձն ու աշխատանքային նորմալ պայմանները: 

Իր ելույթում պատգամավոր Կարեն Սարիբեկյան կոչ արեց լինել միաբան և խոստացավ լինել նրանց կողքին:

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ախթալայի ԼՀԿ-ի բանվորների բաց նամակի ընթացքի մասին «Հետքին» հայտնեց, որ  բաց նամակի արձագանքն արդեն կա:

«Դրա հետ կապված` մարտի 6-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից հրավիրվելու է հանդիպում ԼՀԿ-ի  գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցելու են ԼՀԿ-ի այն ակտիվ բանվորները, ովքեր նախաձեռնել էին բանվորների բողոքի ակցիան: Ես նույնպես` որպես  Ախթալայի քաղաքապետ, ներկա եմ լինելու այդ հանդիպմանը: Տեղյակ եմ, որ հանդիպմանը հրավիրված է նաև մեր ընտրատարածքի պատգամավոր Կարեն Սարիբեկյանը»,- ասաց քաղաքապետը: 

Մեկնաբանություններ (4)

Alaverdci
Եթե որևէ մեկը Գարիկ անվան տակ փորձում է անվանարկել Գարիկ Ջաղինյանին, ուրեմն ասեմ, նա սրիկա է: Գարիկ Ջաղինյանը ազնվագույն մարդ է: Բոլոր ախթալեցիները կվկայեն դա:: Բոլոր դեպքերում ԼՀԿ-ից են այսպիսի զրպարտանքներ գրում, որը շատ ամոթ բան է:
Stap
http://www.youtube.com/watch?v=qhJ9x-hS1J0
Stap
1. Aram-in Hargeli Aram menq, hasarak mardiq, aydqan khelq chunenq vor hasqananq... Hajord ghokhovi orakarg@ hetevyaln e` 1.Hayastan-Vrastan sahmani phakum. 2.Hyusisayin Kipros@ Turqiayni phokhancum. 3. Adrbegani taracq, Lernayin Kharabakh-ic, haykakan zorqieri hanum. Ayd harceri veraberyal Ghokhov@ @ndunac voroshumner@ klinen verchnakan ev partadir katarman.
Գարիկ
Ինձ փող են խոստացել ես ել ըսենց եմ խոսում կոմբինատի դեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter