Բնությունն «ազատազրկել» է բոլորին
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
«Նուբարաշեն» բանտում ազատազրկվածների համար գրեթե ոչինչ չի փոխվել` նույն մեկուսացված վիճակն է: Դրան գումարվել է նաև այն, որ տեսակցություններ ու հանձնուքներ չեն թույլատրվում:
Հոգևորականներից լսել եմ այն մոտեցման մասին, որ բնական աղետները Աստծո կողմից որպես պատիժ են ուղարկվում հասարակություններին: Այս անգամ Կորոնավիրուսի տեսքով պատիժն ի՞նչ խորհուրդ ունի… Այս հարցի պատասխանին մոտենալու համար եկեք տեսնենք, թե այն ի՞նչ է մարդկանց պարտադրում անել և ինչը՞ գնահատել տալիս: Նախ և առաջ, այն ստիպում է մարդկանց ինքնամեկուսացվել. բնակարաններում և տներում մարդիկ ստիպված բանտարկվում են: Ի՞նչ է ցանկանում ասել բնությունը` այս կերպ հասարակությանը ազատազրկելով… Բնության այս «պատժատեսակը» առավել վառ կերպով, քան երբևէ, ինքնամեկուսացման միջոցով ստիպում է գնահատել և վերաիմաստավորել ապրածը, որը առանց ազատության չի կարող լինել:
4 տարի առաջ պատրաստվելով «Պետության և իրավունքի տեսություն» առարկայից քննությանը` առաջ քաշեցի պետության առաջացման «սանիտարահիգիենիկ տեսությունը», ըստ որի աղբը տարածքից հանելու անհրաժեշտությունց է սկսվել պարտականությունների ու իրավունքների բաշխումը:
Բանտախցերում, բանակում և առհասարակ այնտեղ, որտեղ մարդիկ կազմում են որոշակի միկրոմիջավայր, որտեղ տևական ժամանակ պետք է ապրեն, անմիջապես առաջ է գալիս թիվ 1 խնդիրը` ինչպես լուծել աղբի հանման, բնական կարիքները հոգալու հարցը և առհասարակ անհրաժեշտություն է առաջանում խստագույնս հետևել անձնական և ընդհանուր հիգիենային: Քաղաքակրթությունների համար այս հարցը բավական լուրջ է եղել:
Հիշենք միջնադարյան Եվրոպայում մոլեգնող ժանտախտը: Այս հարցը ուսումնասիրած գիտնականների ճնշող մեծամասնությունը պնդում է, որ հազարավոր մարդկանց կյանքեր խլած աննախադեպ ժանտախտի պատճառը եղել է եկեղեցին և կոյուղային համակարգի բացակայությունը: Այն ժամանակ եկեղեցին պնդում էր, որ մարդիկ չպետք է հետևեն իրենց հիգիենային, քանի որ մարմինը կարևոր չէ: Միջնադարյան եվրոպական քաղաքներում մարդիկ իրենց 1-2 հարկանի տների պատուհաններց դուրս էին թափում բնական արտաթորանքները և քաղաքները գարշահոտության մեջ էին: Այսօր քաղաքակիրթ աշխարհում լուծված է բնակավայրերում կոյուղային համակարգերի, ջրամատակարարման և աղբահանության միջոցով հիգիենային հետևելու հարցերը:
Համոզված եմ, որ ներկայիս քաղաքակիրթ աշխարհի առջև ծառացել է շատ ավելի կարևորագույն խնդիր, որը հազարամյակներ շարունակ մարդկությունը փորձում է լուծել առ Աստված հավատի միջոցով: Ստեղծվեցին տարատեսակ կրոնական ուսմունքներ, որոնք հասարակություններին և պետություններին միավորելու փոխարեն` բաժանեցին մարդկանց և ատելության մթնոլորտ ստեղծեցին, որտեղ ամեն մեկը փորձում է էլ ավելի մոլեռանդ կերպով ապացուցել հենց իր կրոնի ճշտությունը, կամ էլ հակառակը` հեռանում է Աստծո անունից խոսող կրոնավորներից: Արարիչը բոլորիս բնակեցրել է հենց այս մոլորակի վրա և ուղին որով մենք շարժվում ենք անխուսափելիորեն բերելու է համերաշխության: Ամեն բան փոխկապակցված է, և ինչպես հսարակությունն է պատասխանատու ամեն մեկի համար, այդպես էլ ամեն մարդ իր քայլերով նախանշում է հասարակության ճակատագիրը…
Բնության մեջ, որի մասն է կազմում մարդկանց հասարակությունը, ոչ մի բան հենց այնպես չի լինում: Կա տեսություն, որի համաձայն մոլորակը ինքնին նույնպես կենդանի էակ է: Մենք ինքներս մեզ հռչակել ենք միակ բանական էակներ և դասագրքերում գրում ենք, որ կերակրաշղթայի բուրգի վերևում մարդն է գտնվում: Հաճախ մոռանում ենք այն մասին, որ մարդու մարմնի մեջ ապրում են միլիոնավոր միկրոօրգանիզմներ և մեր միջոցով, նաև մեզանով սնվում են: Վիրուսները լինելով կենսունակ տարբեր միջավայրերում` ժամանակ առ ժամանակ լոկալ կամ համատարած հարվածներ են հասցնում մեր հասարակությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել