HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փաստաբանի կարծիքով` բժշկի մահվան պատճառ կարող էր լինել դեղորայքի ներարկումը

«Որպես փաստաբան` ես համարում եմ, որ իմ պաշտպանյալի`Արտակ Կարապետյանի արարքը սխալ է որակվել: Այսինքն` նրա կողմից Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով արարք չի կատարվել, եւ նրա գործողություններն ուղղված չեն եղել բժշկին սպանելուն»,-ասում է փաստաբան Թամարա Յայլոյանը:

Հիշեցնենք, որ 2011թ-ի հունիսի 26-ին` ժամը 23:02-ին, Գյումրու շտապ բուժօգնությունում գրանցված կանչի ավարտը մահվան ելքով ավարտվեց հիվանդին օգնություն ցուցաբերելու շտապած բժշկի համար: Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոց 2-րդ շարքի թիվ 13 տան բնակիչ Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տալու նպատակով մեկնած բժիշկ Աշոտ Գրիգորյանին, բուժքույր Լամարա Հարությունյանին, վարորդ Սարգիս Կարապետյանին Գյումրու Սեւյան փողոցի վրա գտնվող մարզադաշտի մոտ դիմավորել էր Արամայիս Կարապետյանի որդին` Արտակ Կարապետյանը: Վերջինս, նստելով մեքենան, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, սկսել էր հայհոյել բուժանձնակազմին եւ մեղադրել ուշացման մեջ:

Աշոտ Գրիգորյանը փորձել էր կարգի հրավիրել Արտակ Կարապետյանին: Վերջինս, կանգնեցնելով ավտոմեքենան, բժիշկ Գրիգորյանին բռնության գործադրմամբ իջեցրել էր ավտոմեքենայից եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել գլխին, որովայնին, մարմնի տարբեր հատվածներին: Վարորդ Սարգիս Կարապետյանը միջամտել եւ փորձել էր արգելել հետագա քաշքշուկը: Նրանք նստել էին ավտոմեքենան եւ ուղեւորվել դեպի կանչի վայր: Մոտ 50 մետր անցնելուց հետո Արտակ Կարապետյանը շարունակել էր հայհոյանքները, Գյումրի քաղաքի Սեւյան-Կոմինտերն փողոցների խաչմերուկում կրկին կանգնեցրել ավտոմեքենան, կրկին բժիշկին իջեցրել եւ  ծեծել:

Վարորդը կրկին միջամտել էր եւ փորձել կարգի հրավիրել իրեն անվայելուչ պահող հիվանդատիրոջը: Մի կերպ հասնելով կանչի վայր` բժիշկ Գրիգորյանը ցանկացել էր մտնել տուն, սակայն Արտակ Կարապետյանը բռնի գործողությունները շարունակել էր նաեւ այդտեղ` խոչընդոտելով բժշկի մասնագիտական պարտականությունների կատարմանը: Նա ձեռքերով, ոտքերով հարվածներ էր հասցրել բժշկին, գցել գետնին, շարունակել հարվածել նաեւ ընկած վիճակում, որից հետո քարշ տալով մտցրել տուն:

Օգնություն ցուցաբերելոց հետո, համոզվելով, որ հիվանդի վիճակը կայուն է, շտապօգնության անձնակազմը ցանկացել էր վերադառնալ կայան: Արտակ Կարապետյանը թույլ չէր տվել մեքենան շարժվի տեղից, ֆիզիկական բռնության գործադրմամբ բժիշկ Աշոտ Գրիգորյանին իջեցրել էր ավտոմեքենայից, ծեծելով քաշ տվել իրենց տուն, որտեղ էլ վերջինիս առողջական վիճակը վատացել էր եւ ստացած մարմնական վնասվածքներից մահացել: Փաստի առթիվ 26.06.2011թ-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` դիտավորյալ սպանություն եւ 258 հոդվածի 3-րդ մասի, 2-րդ կետով` խուլիգանություն:

29-ամյա Արտակ Կարապետյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը` համարելով, որ ինքը բժշկին սպանելու նպատակ չի հետապնդել: Այո, եղել է քաշքշուկ, բայց ոչ մահվան հասցնելու դիտավորություն:

«Ես ցանկություն ունեի րոպե առաջ բժշկին հորս մոտ տանելու, որ օգնի, եթե ես սպանելու մտադրություն ունենայի, երբ բժիշկը վատացել էր, չէի զանգի մեր տնից շտապօգնություն ու երկրորդ բրիգադը չէի ուզի»,-դատական նիստի ժամանակ հայտարարել է մեղադրյալը:

Ըստ փաստաբան Յայլոյանի եւ նրա պաշտպանյալ Արտակ Կարապետյանի` բժշկի մահը վրա է հասել ոչ թե ծեծի հետեւանքով, ինչպես ասվում է նախաքննական գործում, այլ ներարկումից, որ կատարել է բուժքույրը Աշոտ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով:

«Ներարկվել է «Դիմեդրոլ», «Անալգին» եւ «Ապաուրին»,-ասում է փաստաբանը,-առաջին երկուսը ցավազրկող են, իսկ երկրորդը` հոգեմետ: Դատաբժշկական առաջին փորձաքննության ժամանակ տրվել է եզրակացություն, որ մարմնի վրա ներարկման հետք կա: Եվ զարմանալին այն է, որ այս փաստը ինչ-որ տեղ շրջանցվել է. և որեւէ եզրակացություն կամ դիրքորոշում այդ առթիվ փորձագետը չի հայտնել: Մահացածի արյունը ստուգել են միայն էթիլ սպիրտի առկայությունը որոշելու համար եւ պարզել են, որ ոգելից խմիչք չի օգտագործել, բայց եթե կար ներարկման հետք, պիտի պարզեին, թե ինչ են ներարկել բժիշկին: Եթե կար ախտաբանական փոփոխություններ, փորձագետները պարտավոր էին նշել այդ մասին, եթե չեն նշել, ապա դա պաշտպանական կողմին հնարավորություն է տալիս պնդելու, որ եղել են նման հատկանիշներ»:

Դատարանում ներարկում կատարած բժշկուհին սկզբում ընդհանրապես ժխտել է այդ փաստը, այն դեպքում, երբ վարորդն այդ մասին ցուցմունք է տվել: Ի դեպ, վկա Սարգիս Կարապետյանը խոսել է այդ մասին միայն այն ժամանակ, երբ դատարանում հրապարակել են նրա նախաքննության ընթացքում տված ցուցմունքը: Պաշտպանական կողմին դա հիմք է տվել պահանջելու արտաշիրիմում, քանի որ կատարվել է երկու բժշկական փորձաքննություն եւ նրանցից ոչ մեկը պատասխան չի տվել, թե ինչի կարող էր հանգեցնել այդ երեք դեղորայքի համակցված օգտագործումը:

«Թող կատարվի եւս մեկ փորձաքննություն, թող փորձագետը տա եզրակացություն, որովհետեւ կա փաստաթուղթ, որ բժիշկը ժամանակին բուժվել է նարկոդիսպանսերում եւ մեկ տարի է, ինչ դադարեցրել է բուժումը: Արտաշիրիմում ես պահանջում էի, որպեսզի ի վերջո փորձագետը լիարժեք պատասխամ տա այն հարցին, թե այս երեք դեղերը ներարկելուց հետո անձի մոտ կառաջանար արդյոք մահ,-իր դիտարկումներն է ներկայացնում Թամարա Յայլոյանը,-մեղադրող կողմը դատական նիստի ժամանակ անընդհատ պնդում էր, որ պաշտպանական կողմը երբեւիցէ չի ասել «Ապաուրին» դեղի մասին, սակայն գործի մեջ առկա է իմ ձեռագիր միջնորդությունը, որտեղ այդ մասին հստակ նշված է: Սակայն իմ միջնորդությունը արտաշիրիմման վերաբերյալ դատը վարող դատավոր Էդվարդ Մանուկյանը մերժեց»:

Փաստաբան Թամարա Յայլոյանը չի բացառում, որ բժշկի մահը վրա հասած լինի հենց սրսկման հետեւանքով, ոչ թե ծեծի: Փորձագետը, ում հրավիրել էին դատարան հարցաքննելու, նշել էր, որ բժշկի օրգանիզմում առկա վնասվածքները բոլորը միասին վայր ընկնելու հետեւանքով չէին կարող առաջանալ: Այսինքն` փորձաքննությունը չի պատասխանել նաեւ այն հարցին, թե առանձին-առանձին առաջացած վնասվածքներից, ասենք, գլխի վնասվածքից, կարո՞ղ էր, արդյոք. մահ առաջանալ:

Արտակ Կարապետյանի ագրեսիվ պահվածքը փաստաբանը բացատրում է շտապ բուժօգնության անձնակազմի ուշացումով: Ամբաստանյալը դատարանում պնդել էր, որ սպասել է մեկ ժամ, իսկ բուժքույրն ու վարորդն իրենց ցուցմունքներում ասել են, որ կանչը ստանալուց մինչեւ կանչի վայր հասնելը տեւել է 10 րոպե:

Արտակ Կարապետյանի անզուսպ պահվածքն ու ինքնատիրապետումը կորցնելու հանգամանքը բացատրվում է նախկինում տարած սթրեսներով: Ի դեպ, դատաբժշկական թիվ 155 եզրակացությունում նշված է, որ ամբաստանյալը երկրաշարժի ժամանակ վախ է ապրել, ծանր սթրես:

Ծնողները նրան տարել են «հեքիմների» մոտ: Տղան դպրոցում վատ է սովորել, ծրագիրը վատ է յուրացրել, 6-րդ դասարանը կրկնել է եւ ունի ընդամենը 8-ամյա կրթություն: Բնավորությամբ նյարդային է, անզուսպ, անհամբեր, ինչի պատճառով խուսափել է շփվել մարդկանց հետ: Շատ ժամանակ օգնել է ծնողներին, կատարել բանվորական աշխատանքներ: Ամբաստանյալն ամուսնացած է, ունի մեկ անչափահաս երեխա:

Ամբաստանյալը դատարանում փորձել է արդարացնել իր պահվածքը` նշելով, որ տուժողն ինքն է հրահրել ագրեսիա իր մեջ, բայց ինքը նրան սպանելու մտադրություն չի ունեցել: Նրա պնդմամբ, եթե ինքն այդպես դաժանորեն ծեծի է  ենթարկել բժշկին ու գործողությունը կրկնվել է մի քանի անգամ, այդ դեպքում ուր էին վարորդն ու բուժքույրը: Փաստաբան Թամար Յայլոյանը եւս կարծում է, որ եղել է քաշքշոց, բայց ոչ դաժան ծեծ, կատարվել է խուլիգանական արարք, սակայն ոչ դիտավորյալ սպանություն:

«Հոդվածը, որով մեղադրանքն առաջադրվել է, բավական ծանր հոդված է եւ նախատեսում է ազատազրկում 15-ից 25 տարի կամ ցմահ: Եթե վերաորակավորվի իմ պաշտպանյալի արարքը, ապա նրան մեղադրանք պիտի առաջադրվի միայն քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Եթե նույնիսկ ընդունենք, որ ծեծ է եղել, ապա արարքը պիտի որակվեր քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասով`ծանր մարմնական վնաս պատճառել, որի հետեւանքով մահ է առաջացել, բայց ոչ սպանության դիտավորություն, դա բացառվում է»,-ասում է Թամարա Յայլոյանը:

Փաստաբանի փոխանցմամբ, ամբաստանյալը դժգոհ է նաեւ նախաքննական մարմինների իր նկատմամբ դրսեւորած ոչ անաչառ վերաբերմունքից: Վերջինիս համոզմամբ, քանի որ դեպքը բժշկի հետ է կատարվել, իրենից վրեժ են լուծում, որովհետեւ ոստիկանությունում Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետն իրեն տեսնելով` սպառնացել է լինել հետեւողական եւ հասնել նրան, որ ցմահ դատապարտեն: Արտակ Կարապետյանի կարծիքով` ճնշում է եղել նաեւ փորձագետների վրա:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող գործը մտել է վիճաբանության փուլ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 13-ին:

Մեկնաբանություններ (1)

Լրագրող
Այդ արարքի համար նրան անգամ պաշտպանել պետք չէ, սրա նման լկտիներից ժամ առաջ է հարկավոր ազատվել, ափսոս, որ օրենքը սրանց նմանների դատարանում պաշտպանության իրավունք է տալիս ու այստեղ է պետք ափսոսալ, որ մահապատիժը որպես պատժամիջոց չի կիրառվում....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter