
Ստուգայց Պաշտպանության բանակի զորամասերում
Մարտի 22-ին Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով՝ ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպվելիք հակահամաճարակային գործընթացների ընթացքին: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Բանակի ռազմաբժկական ծառայության պետի կողմից ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բանակի հրամանատարի հանձնարարականների կատարման ընթացքը:
«Հրամանատարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, զորամասերը և զինվորական հոսպիտալները ապահովված են ախտահանիչ և համաճարակային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով: Ներկայումս ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար, զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ, անձնակազմը ապահովված է դիմադրողականության բարձրացման համար համապատասխան դեղորայքով, զինծառայողների հետ անց են կացվում սանիտարահիգիենիկ անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսուցողական պարապմունքներ, որոնց արդյունքների և առաջացած պրոբլեմային հարցերի մասին պարբերապար զեկուցվում է բանակի հրամանատարին»,- ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրությունում:
Մեկնաբանել