«Գնդացիրն ինձ համար եղբոր պես է եղել, թե որ հնար լիներ`հետս տուն կբերեի…»
Ինչպես ամեն օր, այդ առավոտ ևս Անահիտը վաղ էր արթնացել. պետք է կարգի բերեր զգեստը. մաքրեր նախորդ օրվա աշխատանքից մնացած ալրի հետքերը: Անմիջապես շտապեց աշխատանքի, քանի որ ալրաջրաղացը շատ հեռու էր: Տասնինամյա աղջնակը ընտանիքի միակ աշխատող անդամն էր` հիվանդ մորն ու երեք քույրերին պահողը:
1942-ի մարտյան այդ օրը, երբ Անահիտն արդեն աշխատանքային եռուզեռի մեջ էր, նկատեց զինվորականի համազգեստով ինչ-որ մարդու, ով ձեռքով նշան արեց, ապա բացականչեց. «Դիլանյան Անահիտը դու՞ք եք, ձեզ զորակոչում ենք բանակ…»:
Վախվորած աղջիկը ցնցվեց ամբողջ մարմնով: Նրա դալուկ ձեռքերը սկսեցին դողալ և չդիմացան ալրամանի ծանրությանը: Զգեստն ամբողջովին ճերմակեց:
«Այսօրվա պես հիշում եմ. խուճապահար վազեցի տուն, գնացի մորս մոտ ու լացակումած բացականչեցի. «Մամա՜, ինձ բանակ են տանում»: Կարծում էի, թե մայրս էլ լաց կլինի, բայց նա, անկողնուց հազիվ վեր կենալով, ծնկի իջավ և աղոթեց աստծուն. «Տե՛ր աստված, ինչպես տանում ես, այնպես էլ հետ կբերես»:
Աղոթքը կարճ էր, նա կարծես հրամայեց Աստծուն, ապա դիմեց ինձ. «Եթե քո կարիքը ունեն, ուրեմն պետք է գնաս»»,- պատմում է Անահիտ տատը:
Հաջորդ օրը` կեսօրին, Անահիտն արդեն Ստեփանավանի` զորակոչիկներով լի կայարանում էր: Նրան ճանապարհելու էր եկել ընկերուհու մայրը միայն. հայրը քաղաքում չէր, մայրը հիվանդ էր, քույրերը խնամում էին մորը:
«Ուզում էի որքան հնարավոր է` ուշ հասնել, ուզում էի ճանապարհը չվերջանար… Երբեք չէի պատկերացնի, որ ինձ բանակ կտանեին…»,- հիշում է Անահիտ տատը:
Շուտով զորակոչիկները հաստատվում են Քանաքեռում և ստանձնում տեղի ՀԷԿ-ի պաշտպանությունը: Հենց այստեղ էլ երիտասարդ աղջիկը տվեց ԽՍՀՄ զինվոր դառնալու իր երդումը: Երեք ամիս անց Անահիտենց վաշտը տեղափոխվեց Թիֆլիս` զինվորական պատրաստություն անցնելու:
«Երբեք զենք չէի տեսել, ուր մնաց` բռնել, բայց սովորեցի… Ամեն ինչ սովորեցի: Թվում էր, թե որպես աղջիկ իմ հանդեպ պիտի մեղմ լինեին, բայց ոչ. զինվոր էի բոլորի նման: Վաշտում ընդամենը երկու աղջիկ էինք, այդ պայմաններում դժար էր ծառայելը. հաճախ ստիպված ենք եղել որպես տղա ներկայանալ` գլխարկի տակ կոծկելով մազերս»,-հիշում է նա:
Անահիտն աստիճանաբար հարմարվում էր բանակային կյանքին, կոփվում էր ու հմտանում`որպես մարտիկ. «Ես երկրորդն էի դիպուկ կրակողների շարքում, իսկ առաջինը, առաջինն ընկերուհիս էր»,- ժպտում է Անահիտ տատը:
Անահիտը փայլում էր իր զինվորական կարողություններով, և դա աննկատ չմնաց. վաշտի հրամանատարը նշանակեց նրան որպես գնդացրորդ. «Եվ ինչե՜ր արեցի ես իմ գնդացիրով…»,- ասում է նա:
Շուտով վաշտը տեղափոխվում է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաք և այստեղ մեկ տարով ստանձնում տեղի կամրջի պաշտպանությունը, այն կամրջի, որի վրայով մթերք էր առաքվում ռազմաճակատ: Անահիտ տատը հպարտությամբ է հիշում վաշտին իր մատուցած առաջին ծառայությունը.
«Ապրիլ ամիսն էր, անամպ օր: Առաջին անգամ հերթապահում էի: Հանկարծ հեռվից որոտացող ինչ-որ խուլ ձայներ ականջիս հասան: Նկատեցի, որ երկինքն անմիջապես սևացավ: Դրությունը պարզ էր: Միանգամից զանգահարեցի գլխավոր ճակատ և զգուշացրի թշնամու` ինքնաթիռներով գրոհի մասին: Քսան րոպեից մերոնք սկսեցին ռմբակոծել, և եթե ես մի փոքր ուշ զանգահարեի, մենք կպարտվեինք: Դա իմ առաջին լուրջ ծառայությունն էր. ես մի ամբողջ վաշտ փրկեցի»,- նշում է նա:
1943-ին Անահիտը, արդեն իբրև փորձառու գնդացրորդ, մասնակցում է Դնեպրոպետրովսկի ազատագրմանը: Այդ օրերի տեսարանները խորապես տպավորվել են նրա մտքում. «Դնեպրոպետրովսկի ազատագրումն իմ առաջին հաղթանակն էր, դրան մենք հասանք բազում զոհերի գնով: Դնեպրի ջուրը կորած էր արյան մեջ»,- հիշում է նա:
Ձմռանը քսանից երեսուն աստիճան ցուրտ էր լինում, եղել են դեպքեր, երբ Անահիտենց վաշտը սառը ջրով էր լողանում, դժվար էր լուծել նաև «հացի խնդիրը»: Երբեմն մթերքը ուշ էին հասցնում, և նրանք ստիպված էին լինում երկուսից երեք օր ոչինչ չուտել. «Այդ օրերին հանդիպեցի մի հայ զինվորի, նա ասաց, որ Երևանից է: Լաց եղանք: Ռազմաճակատ մթերք առաքողներից էր: Պատմեցի, որ երեք օր անընդմեջ ոչինչ չեմ կերել, խոստացավ, որ հաց կբերի, մյուս օրը նա կատարեց իր խոստումը: Դա իմ կերած ամենահամեղ ու սպասված հացն էր»,- հիշում է Անահիտ տատը:
Դնեպրոպետրովսկից վաշտը ուղևորվում է դեպի Ռումինիա: Հաստատվում է Բուխարեստում` երեք ամսով ստանձնելով քաղաքի պաշտպանությունը, ապա վաշտը մեկնում է Հունգարիա և ստանձնում մի քաղաքի «շոգեքարշային դեպոյի» պաշտպանությունը: Այստեղ անցկացրած օրերը Անահիտի համար նույնքան դժվարին էին, որքան դնեպրոպետրովյան օրերը. ամեն վայրկյան նրան վտանգ էր սպառնում. «Երկաթգծի պաշտպանության օրերին հերթապահում էի. թիկունքիս երկու կողմից կրակոցներ հնչեցին, ու, քանի որ դրանցից ոչ մեկը ինձ չդիպավ, ենթադրեցի, թե իմ ընկեր զինվորներն են կատակում (նրանք հաճախ էին այդպիսի կատակներ անում), և երբ հերթապահությունն ավարտվեց, վրդովված կշտամբեցի նրանց: Ընկերներս զարմացած միմյանց նայեցին, ապա ասացին. «Բախտավո'ր, մենք չէինք կրակում, այլ թշնամին»,- պատմում է նա:
Երեք տարի ծառայելով ԽՍՀՄ բանակում` Անահիտը ոչ մի վայրկյան չի բաժանվել իր գնդացիրից. «Գնդացիրն ինձ համար եղբոր պես է եղել, թե որ հնար լիներ` հետս տուն կբերեի»,- ժպտում է Անահիտ տատը:
Չորս ամիս վաշտը Հունգարիայում էր: «1945-ի մայիսի 8-ի կեսգիշերն էր: Վաշտի հրամանատարը մտավ մեր սենյակ ու բացականչեց. «Девочки, война закончилась!»: Գիշերվա կեսին մեծ տոնակատարություն կազմակերպեցինք` հացի ու ջրի սեղանի շուրջ: Արցունքները հոսում էին ու չէին դադարում»,-վերհիշում է նա:
Արդեն 1945թ.-ի օգոտոսի 20-ին Անահիտը վերադարձավ տուն: Նրան դիմավորեցին քույրերը. մայրը մի քանի ամիս առաջ մահացել էր:
Անահիտն աշխատանքի է անցնում Ստեփանավանի գյուղվարչության լաբորատորիայում, որտեղ աշխատում է հիսունյոթ տարի` որպես ավագ լաբորանտ: 1949թ.-ին նա ամուսնանում է, իսկ մեկ տարի հետո արդեն լույս աշխարհ է բերում իր առաջին զավակին: Ճակատագրի բերումով մյուս երկու երեխաները ևս տղա են ծնվում. «Շատ էի ուզում աղջիկ ունենալ, բայց ինչ արած, իմ ճակատին էլ գրված է, որ ամբողջ կյանքս տղաների մեջ պիտի անցնի»,-ժպտում է նա:
Այսօր 89-ամյա Անահիտ տատը, ով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյանի», «Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիված» մեդալներով, ով արժանացել է բազում գովասանագրերի ու պատվոգրերի, իր ամենամեծ նվաճումը իր տված սերունդն է համարում. «Իմ մեդալները իմ զավակներն են…»,- հաճախ նշում է նա:
Ամեն երեկո տասնամյա Միքայելը` Անահիտ տատի մեծ ծոռը, տատիկին խնդրում է պատմել դեպքեր` բանակային կյանքից. «Տատի', էն պուլիմյոտի պատմությունը կպատմե՞ս»…
Աննա Բաբաջանյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել