«Արտագաղթն էլ ոտքով քվեարկություն է»
Բանաստեղծ, էսսեագիր Վիոլետ Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ընտրությունները շատ կարեւոր են, դրանք ժողովրդավարական հասարակության կարեւոր բաղադրչներից մեկն են, բայց գերսեւեռվածությունը եւ ընտրությունները դարձնել ժողովրդավարության միակ խնդիրը, որի վրա ծախսվում է ամբողջ ռեսուրսը, «այդքան էլ օգտակար չէ»:
«Հավասարապես պետք է ուշադրություն դարձնեն ժողովրդավարության մյուս բաղադրիչներին էլ, ոչ թե դեկլարացնել, այդ դրանց իրական բովանդակությունը հնարավորինս շատ լուծել, քննարկել: «Խոսքի ազատություն» բառերն այդքան կարեւոր չեն, ինչքան դրանց բովանդակությունը կոնկրետ դեպքերի համար, որովհետեւ, ինչպես տեսնում ենք, օրինակ, Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունները ժխտելու համար պատասխանատվություն սահմանող օրենքի դեպքում խնդիրները բարդացան: Արդյոք մենք պատրա՞ստ ենք այդ բարդությամբ քննարկելու հարցերը, թե՞ մենք չենք կարող այդքան խորանալ, լինել այդ արժեքների կրողը»,-ասում է Վիոլետ Գրիգորյանը:
Նրա ասելով` այդ հարցերի շուրջ քննարկումների եւ քննադատության համար առողջ մթնոլորտ է պետք: «Բավական է ընտրություններով շատ չզբաղվես, շատ չխոսես այդ մասին ու ասեն, թե դու ժողովրդավարության մասին չես մտածում: Շանտաժից ազատ մթնոլորտ է պետք: Խոսքի ազատության համար ոչ միայն գրաքննությունից, այլեւ հասարակական կուսակցական ճնշումից ազատ տարածք է պետք, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարծիք ունեն, հանգիստ կարողանան արտահայտվել` առանց բանադրվելու ու շանտաժի ենթարկվելու»,-ավելացրեց Վիոլետ Գրիգորյանը:
Մինչեւ հիմա ընտրությունները Հայաստանում ոչինչ չեն փոխել, կարծում է Վիոլետ Գրիգորյանը, բայց նա չի ցանկանում կանխագուշակել, որ առաջիկայում էլ ոչինչ չի փոխվելու: «Իհարկե, ես լավատեսություն չունեմ, բայց որոշ օբյեկտիվ պատճառներ կան փոփոխությունների համար՝ անկախ մեր կուսակցությունների, տարբեր խմբերի, քաղաքական կամքի, ցանկության ռեսուրսների, որ կներդրվեն: Ասենք՝ Եվրամիությանն անդամակցելու համար ուզած-չուզած որոշ քայլեր պիտի արվեն: Կարեւոր կլիներ, որ հասարակությունը ձեւական քայլերի տակ բովանդակություն մտցներ, իրական բովանդակություն տեսներ եւ ասեր՝ այ, ես սա եմ ուզում, ոչ թե նա, որը ցուցադրվում է»,-նշում է բանաստեղծը:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա Վիոլետ Գրիգորյանն այնքան էլ չի մեղադրում գումար վերցնողներին: «Շատերն ասում են՝ վա՜յ, մեր ժողովուրդը 5000 դրամանոց ժողովուրդ է, բայց շատ ավելի լավ կլինի մտածել, թե ժողովուրդն ինչի՞ համար է այդպես մտածում: Հասարակության մեջ տարբեր խավեր ինչի՞ համար են այդպես մտածում, բա հետաքրքիր չի՞ իմանանք, թե ինչի՞ համար են այդպես կողմնորոշվում եւ արդյոք եթե այլընտրանքը տեսնեին, գումարը կհամարեի՞ն կարեւոր: Արդյոք սա գնահատական չէ՞, որ գումար վերցնողներն այլընտրանք չեն տեսնում, քաղաքական ուժերի միջեւ տարբերություն չեն տեսնում: Ինչպես ասում են՝ արտագաղթն էլ ոտքով քվեարկություն է, դա էլ է քվեարկության տեսակ: Եթե մարդը նախընտրում է փողը, դա քվեարկության տեսակ է: Հեգնելու, բարոյախոսություն, քարոզ կարդալու փոխարեն, պետք է ընդունել, որ սա ընտրություն է՝ մերժել քաղաքական ուժերին եւ համարել, որ սա ավելի ռեալ ու կարեւոր է»,-ավելացրեց Վիոլետ Գրիգորյանը:
Լուս.` Վ. Գրիգորյանի «Ֆեյսբուք»-ի օգտատետրից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել