HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ, ե՞րբ և ինչու է վրիպել, թե՞ միտումնավոր անպատասխանատվություն

Կորոնովիրուսի աշխարհավարակի պայմաններում «ԿՏ» և «ՄՌՏ» հետազոտություններ իրականացնող բուժկենտրոնների համար, որոնք շուտով պետք է ախտորոշեն ատիպիկ թոքաբորբերը, տնտեսական անկման հաղթահարման ուղիների հանրային քննարկմանն ընդառաջ ունենք երկու լուր:

Սկսենք «լավից». երկու տարվա պայքարի արդյունքում առողջապահության նախարարությունից հաջողվեց ստանալ վերոնշյալ հետազոտությունների պետպատվերի փոխհատուցման հաշվարկները: Պետք է նշել, որ այդ «հույժ գաղտնի» փաստաթուղթը հասանելի դարձավ միայն Ազգային ժողովի առողջապահական հանձնաժողովի տարեվերջյան նիստի մասնակիցներին: Քանի որ   վերջին երկու տարիների ընթացքում  մամուլով և  հեռուստատեսությամբ հնչեցրած մեր ուղերձները, ինչպես նաև ԱՆ-ին հասցեագրված նամակները նման էին «ձայն բարբառո անապատի», ստիպված էինք դիմել երկրի բարձրագույն մարմնին՝   ԱԺ-ին:

Իսկ հիմա վատ լուրը. ցավոք առողջապահության նախարարի  ստորագրությամբ  ներկայացված պետպատվերի շրջանակում իրականացվող  «ԿՏ» և «ՄՌՏ»  հետազոտությունների փոխհատուցման  հաշվարկները,  տնտեսագետների կարծիքով, կազմված են այնքան անփույթ և հեռու են իրականությունից, որ անգամ արժանի չեն որևիցե մասնագիտական քննադատության:  

 Եթե մի կողմ դնենք ցածր կոմպետենտության կանխավարկածը (ինչը ևս պատժելի է), միթե ԱՆ տնտեսագետները ցանկացել են նման «անփութությամբ» «արջի ծառայություն» մատուցել  նախարարին և արժեզրկե՞լ նրա ստորագրությունը:

 Մյուս կողմից նման կոպիտ «վրիպակներով» հաշվարկներ ներկայացնելիս նրանք  դժվար թե համարձակվեին վերադասին գիտակցաբար դնել անհարմար դրության մեջ: Միգուցե դա արվել է հենց վերադասի հրահանգո՞վ և նրա ստորագրությամբ փաստաթուղթն անհարգանքի հերթական «ֆլեշմո՞բն» է՝ ուղղված ԱԺ-ի ոլորտային հանձնաժողովին և նիստի մասնակիցներին:

Արդյո՞ք  առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ներկայացուցիչները  հասկանում են, որ ռադիոլոգների (բժիշկների) և ռենտգեն տեխնիկների (բուժքույրերի) աշխատավարձի հաշվարկման հիմքում  դրված պարամետրերը կատարվել են աշխատանքային օրենսդրության բազմաթիվ խախտումներով,  քանի որ հաշվի չեն առնվել աշխատաժամերը, հանգստյան օրերը, արտաժամյա աշխատանքները, վնասակարությունը և ոչ էլ հասանելի արձակուրդների ժամկետները:

 Եթե  նախարարությունը «ՄՌՏ»-ի մեկ հատվածի հետազոտության ինքնարժեքի հաշվարկները կատարել է «ՄՌՏ» սարքավորման ձեռքբերման 30 մլն դրամ շուկայական  գնի հիման վրա, ապա եթե դա վրիպակ չէ, ապա ո՞ր իրավապահ մարմնին պետք է հետաքրքրի պետբյուջեի հաշվին  10-15 անգամ ավելի թանկ գնով նմանատիպ սարքավորումների ձեռք բերման փաստը: Եթե վրիպա՞կ է, ապա ինքնարժեքից ցածր սահմանված պետպատվերի փոխհատուցման գները ժամ առաջ պետք է վերանայվեն ու վերադառնան նախինում գործող թեկուզ և չինդեքսավորված փոխհատուցման գներին և հետո նոր անհապաղ սկսվեն քննարկումները:

Եթե նախարարությունը մեկ հատվածի «ԿՏ» հետազոտության  համար հատկացնում է  19,000 դրամ՝ համարելով, որ ԿՏ ռենտգեն-խողովակի ձեռքբերման շուկայական գինը կազմում է 325,000 դրամ և եթե դա վրիպակ չէ, ապա այդ դեպքում պետական բուժկենտրոնների համար ի՞նչ գնով են ձեռք բերվում նույն ռենտգեն-խողովակները, եթե դրանց շուկայական գինը նշվածից մոտ 100 անգամ ավելի թանկ է:

Էլ չենք ասում, որ հաշվարկներում ներառված չեն շենք-շինություների և պաշտպանիչ շերտի ամորտիզացիան: Ի դեպ, վերջինիս շուկայական արժեքը գերազանցում է 25 մլն դրամը:

Վճարովի հոսքերի մի քանի անգամ անկման հետևանքով, ինչը  սպասելի էր,  պետության կողմից փոխհատուցման նման գների պայմաններում բուժկենտրոններն այլևս ի զորու չեն սուբսիդավորել նախարարի և ժողովրդի համար ականջահաճո ցանկություններն ու ծրագրերը: Արդյո՞ք  ԱՆ-ն պատրաստ է այս ճգնաժամային իրավիճակում մի կողմ դնել կամայական մոտեցումները, վերադառնալ գործընկերային դաշտ և վերանայել պետպատվերի փոխհատուցման նվաստացուցիչ գները:

Արդեն երկու տարի շարունակ բարձր տեխնոլոգիական և թանկարժեք սարքավորումներով հագեցված կենտրոններն իրենց վրա են վերցրել ԱՆ սոցիալական պատասխանատվության բեռի գերակշռող չափաբաժինը՝ կենտրոնների սեփական շահույթի և հեռանկարային զարգացման,  բուժաշխատողների աշխատավարձերի և նրանց վերապատրաստումների  հաշվին:

Քանի որ ենթադրում ենք, որ ԱՆ կողմից արձագանքը հերթական անգամ բացակայելու է, կոչ ենք անում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին և ՏՄՊՊՀ-ին   ստանալ առողջապահության նախարարի կողմից ստորագրված փաստաթղթի հիմնավորումները, պահանջել պետպատվերի շրջանակներում իրականացվող «ԿՏ» ու «ՄՌՏ» հետազոտությունների փոխհատուցման  հաշվարկների ելակետային փաստարկները և հրավիրել թափանցիկ ու հրապարակային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Արամ Քոչարյան , բ.գ.թ.

ՀՀ-ում ՄՌՏ-մեթոդի հիմնադիր, բժիշկ-ռադիոլոգ,

Հ.Գ. Մեր փորձերը պարզաբանելու այս հարցերը ԱՆ համապատասխան ստորաբաժանումների հետ, հիմանավորումների փոխարեն արժանացել են հետևյալ անպատասխանատու արձագանքների ՝ «այս հարցերը քննարկման ենթական չեն, քանի որ նախարարի անձնական որոշումն է», «կրճատեք աշխատողներին», «հրաժարվեք պետպատվերից կամ գնացեք աշխատեք սուս ու փուս, ինչպես որ ուրիշները»:

Հ.Հ.Գ. Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական վնասները մեղմելու կառավարության ցանկությունները ողջունելի են, սակայն պակաս կարևոր չէ նաև ԱՆ կողմից վերջին ժամանակներում թույլ տված կամայականությունների  հետևանքով բժշկական կենտրոններին և բուժաշխատողներին պատճառած նյութական և բարոյական վնասների փոխհատուցումը  

ՀՀ.Հ.Գ. Անկասկած բուժաշխատողները պատվով կկատարեն իրենց պարտքը,   ինչպես   դա   արեցին   երկրաշարժի և Արցախյան պատերազմի օրերին:  Սակայն կոչ ենք անում մասնագիտական ասոցիացիաների վարչություններին, քանի դեռ չեն  ձևավորվել ոլորտային անկախ   արհմիություններ,  «գետանցումից» անմիջապես   հետո  հանդես գալ նախարարության  կամայականություններին հակազդող նախաձեռնությամբ։

Ոչ մի ԱՆ չինովնիկ, պատրաստ լինելով 20,000-30,000 դրամ վճարելու մեկ «պադավատի»    սպասարկման «նորմոժամի» համար՝ չհաշված պահեստամասերը, իրավունք չունի համարել,   որ մեկ  ժամ  աշխատանքի   համար   բժշկն  ու  բուժքույրը  պետք է բավարարվեն 1900 դրամ և 600 դրամ վարձավճարով՝ ներառյալ ճառագայթման վնասակարությունը և հարկերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter