HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Իջևանի «գորդյան հանգույցը». ավագանին կաթվածահար է արել քաղաքապետարանի աշխատանքը

Իջևանի ավագանին չի հաստատում համայնքի 2012թ. բյուջեի նախահաշիվը: Ավագանու վերջին նիստը տեղի ունեցավ մարտի 2-ին: Այն կրկին չկայացավ, քանի որ ավագանու 13 անդամից ներկա էր 6-ը. ավագանու՝ Վարուժան Ներսիսյանին հարազատ կամ կողմնակից 7 անդամները բոյկոտել էին նիստը: Դրանից առաջ՝ փետրվարի 28-ի նիստին ավագանու վերոհիշյալ 7 անդամից 6-ը ներկայանալով դեմ էր քվեարկել օրակարգին (որի «մեխը» համայնքի 2012թ. բյուջեի նախահաշվի հաստատումն էր):

Նիստում ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր, Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Հրաչ Ներսիսյանն ասել է, որ իրենք օրակարգը չեն հաստատում, որովհետև բյուջեի վերաբերյալ իրենց առաջարկությունները հաշվի չեն առնվում:

Նիստը վարող Իջևանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը հակադարձել է, թե ավագանու անդամները բյուջեի վերաբերյալ քաղաքապետարան ոչ մի գրավոր առաջարկություն չեն ներկայացրել: Հրաչ Ներսիսյանը հայտարարել է, որ քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքի բյուջեի սեփական եկամուտները նախորդ տարիների համեմատ նվազեցրել է 1.5 միլիոն դրամի չափով: Նրա խոսքերով՝ երկրորդ ամիսն է մոտենում՝ քաղաքապետարանը աշխատավարձ չի վճարում մանկապարտեզներին, մշակույթի օջախներին, մարզադպրոցին, թանգարանին, և դա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը (Հրաչ Ներսիսյանի հարազատ եղբայրը) անցած տարին փակել է 1.8 միլիոն դրամ մնացորդով:

Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Վարազդատ Գևորգյանը մեզ հայտնեց, որ 2011թ.-ի համեմատ համայնքի 2012թ. բյուջեի նախագծում սեփական եկամուտներն ավելացել են 2.3 միլիոն դրամով:

2012թ. հունվարի 1-ի դրությամբ Իջևան համայնքի վարչական բյուջեում եղել է 1 միլիոն 276.9 հազար, ֆոնդային բյուջեում՝ 360 հազար 400 դրամ մնացորդ, քաղաքապետարանն ունեցել է 5 միլիոն 368 հազար դրամի տարբեր պարտքեր:

Վարազդատ Գևորգյանի վկայությամբ՝ ներկայում հունվար ամսվա աշխատավարձը ստացել են միայն քաղաքապետարանի և քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկության աշխատակիցները: Իսկ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մյուս հիմնարկները հունվարի աշխատավարձը չեն ստացել ոչ այն պատճառով, որ բյուջեում գումար չկա:

Քանի որ ավագանին չի հաստատել համայնքի 2012թ. բյուջեն, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետարանը ծախսեր է անում նախորդ տարվա բյուջեից փաստացի կատարված ծախսերին համամասնորեն: Այսինքն՝ նախորդ տարի՝ այս ժամանակ, քաղաքապետարանին ենթակա հիմնարկները հունվարի աշխատավարձը չէին ստացել:

Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցները քաղաքապետ Վարդան Ղալումյանի համար խնդիրներ են ստեղծում նաև քաղաքապետարանում: Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանը քաղաքապետարանի գույքահարկի բազայում ինքնակամ փոփոխություններ է կատարել՝ համակարգչային տվյալների մեջ 1 միլիոն 123 հազարով նվազեցնելով քաղաքի օբյեկտներից մեկի գույքահարկի վերջին 5 տարվա պարտքը:

Իրականում գումարը չի մուծվել, այն մուտքագրվել է միայն համակարգչի տվյալներում: Աստղիկը, հետագայում իմանալով, որ քաղաքապետ Վարդան Ղալումյանը պարզել է կատարվածը, նորից ինքնակամ, գիշերով մտնելով քաղաքապետարանի այն սենյակ, ուր գտնվում է գույքահարկի տվյալները պարունակող համակարգիչը, ուղղում է կատարել, այսինքն՝ վերականգնել է պարտքի նախնական չափը:

Իր կատարած ինքնակամ գործողությունները Աստղիկ Եգանյանը գրավոր խոստովանել է քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Սակայն հետագայում նա ասել է, թե այդ խոստովանությունները կատարել է Վարդան Ղալումյանի ճնշման և սպառնալքիների ազդեցությամբ:

Քաղաքապետ Վ. Ղալումյանն այս կապակցությամբ մեզ հայտնեց, որ Աստղիկը իր հանդեպ իբր գործադրված սպառնալիքների մասին խոսել է այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին իրենց կողմից նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կապակցությամբ 30 օրով կասեցվել է նրա՝ որպես համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը:

Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանիներ-Վարդան Ղալումյան հակադրությունը նաև քարոզչական երանգներ է ստացել: Փետրվարի 28-ին «Իջևան ստուդիա» հեռուստաընկերությունն ավագանու այդ օրվա նիստի մասին իր ռեպորտաժում մի քանի անգամ փոխքաղաքապետի անունը նշել է սխալ՝ «Սուրիկ»:

Նույն տեսանյութում ավագանու անդամ Վահե Ղալումյանի մասին շեշտվել է, որ ՀԱԿ անդամ է: ՀԱԿ անդամ լինելը կամ չլինելն ի՞նչ կապ ունի Իջևանի ավագանու հետ: Վահե Ղալումյանն ասաց, որ ինքն անկուսակցական է, ընկերներ ունի տարբեր կուսակցություններում: Իջևանցիների խոսքերով՝ «Իջևան ստուդիան» փաստացի Վարուժան Ներսիսյանի սեփականությունն է, թեև գրանցված է նրա եղբոր կնոջ անունով:

Վարդան Ղալումյանն իր պարտականությունների կատարմանն անցել է դեկտեմբերի 26-ին, բայց քաղաքապետարանում դեռևս հանձնում-ընդունում չի կատարվել: Սակայն ի հայտ են եկել հետաքրքիր փաստեր: Պարզվել է, որ Իջևանի քաղաքապետարանի բյուջեի հաշվեկշռում գտնվող, 8 միլիոն 278 հազար դրամ բալանսային արժեքով կաթսայատունը կողոպտված է, կաթսայատնից միայն պատերն են մնացել:

Քաղաքապետ Վարդան Ղալումյանին է դիմել քաղաքի Ղարագյոզյան փողոցի 50 հասցեում գտնվող հանրակացարանի 9 բնակիչ և բողոքել, որ նախկինում քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն իրենցից գումար է պահանջել հանրակացարանում իրենց տարածք հատկացնելու կամ ունեցած տարածքի համար սեփականության վկայական ստանալուն օգնելու համար: Բնակչուհիներից մեկը քաղաքապետին և իրավապահ մարմիններին, նաև տողերիս հեղինակին հայտնել է, որ քաղաքապետարանի վերոհիշյալ աշխատողն իրենից գումար է պահանջել և ստացել:

Աստղիկ Եգանյանի և քաղաքապետարանի աշխատակազմի այլ աշխատակիցների դիմումների և զեկուցագրերի հիման վրա Իջևանի քաղաքապետարանը դատախազություն է ուղարկել փաստաթղթեր: Ոստիկանության Տավուշի քննչական բաժինը ներկայում դրանց կապակցությամբ նյութեր է նախապատրաստում: Քննությամբ կպարզվի, թե նշված դեպքերում առկա փաստերում հանցակազմ կա՞, թե՞ ոչ:

Նախկինում մի հոդվածում նշել էինք, որ Իջևանում «Խմորը շատ ջուր է վերցնելու»: Իջևանի թնջուկի հանգուցալուծումը դեռ չի նշմարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter