
Վլադիմիր Պուտինը հաղթել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Երեկ Ռուսաստանում անցկացած նախագահական ընտրություններում մեկ փուլով հաղթել է գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ըստ նախնական արդյունքների՝ Պուտինը ստացել է ընտրողների ձայների 63,75 %-ը (45 մլն 109 հազ. ձայն): Երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը՝ 17,19 %-ով (12 մլն 166 հազ. ձայն):
Զյուգանովին հաջորդում են միլիարդատեր գործարար Միխայիլ Պրոխորովը՝ 7,82 % (5 մլն 536 հազ. ձայն), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,23 % (4 մլն 409 հազ. ձայն) և «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը՝ 3,85 % (2 մլն 724 հազ. ձայն):
Ըստ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ հաշվարկվել է քվեաթերթիկների 99 %-ը: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 65,3 %-ը:
Ըստ Ռուսաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների՝ առաջին անգամ նախագահը պաշտոնավարելու է 6 տարի ժամկետով: Պուտինն արդեն 2 անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ, այնուհետև աջակցել իր հետնորդ Դմիտրի Մեդվեդևի՝ նախագահ դառնալուն՝ շարունակելով գերիշխող դիրք զբաղեցնել Ռուսաստանի քաղաքական կյանքում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել