
Հայկական Ֆեմիդայից դժգոհ Ֆեմիդան մտադիր է ինքնասպան լինել
Մեր հանդիպումը կայացավ Իջևան քաղաքի սեփական առանձնատներից մեկում՝ Ֆեմիդա Դավթյանի հայրական տանը: Թեև Իջևանում բոլորը նրան գիտեն Ֆեմիդա անունով, սակայն 52-ամյա կնոջ իսկական անունը Ֆելմիրա է, որը Ֆրիդրիխ Էնգելսի, Լենինի և Մարքսի անունների սկզբնատառերից է բաղկացած:
2009թ. մարտի 27-ը նրա կյանքում յուրահատուկ ջրբաժան է. մինչ այդ նա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հեռակա ֆակուլտետի դեկանն էր, այդ օրվանից՝ կաշառակերության մեջ մեղադրվող: Կաշառքի գումարը 100 հազար դրամ էր, որը տվել է մի ուսանող՝ ընդհանուր առմամբ 12 քննություն և ստուգարք ստանալու համար:
Ֆեմիդան իրեն մեղավոր չի համարում, ասում է, որ այդ գումարը պիտի ծախսվեր մասնաճյուղի՝ Երևանից ժամանած դասախոսների համար «հաց սարքելու» վրա: Իր ձերբակալության մասին գրել է.
-Համակարգից դուրս չեմ գործել,
Չգիտեմ՝ ո՞րն է հանցանքս,
Որ հայիզմը պահանջում է
Ապրելու իրավունքը՝ կյանքս:
Նա դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: 2011թ. փետրվարի 10-ից Ֆեմիդան ազատության մեջ է: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն դեռևս մի տարի նա պիտի ներկայանա այլընտրանքային պատիժների կիրառման ծառայության աշխատակցին ու ստորագրի համապատասխան մատյանում: Ըստ օրենքի՝ նա կարող է մի քանի ամսով բացակայել հանրապետությունից, ավելի երկար ժամկետով բացակայելու դեպքում նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի:
Մինչ ձերբակալումը «ՄԻԱԿ» երիտասարդական շարժման ակտիվիստները Իջևանում փակցել էին իրենց համոզմամբ կաշառակեր դասախոսների լուսանկարներով և Իլհամ Ալիևի նկարով պաստառներ: «Տավուշի մարզի կաշառակերները ես ու Ալիևն էինք»,-ասում է Ֆեմիդան:
Նա պատմում է այն զրկանքների մասին, որոնք կրել է անազատության մեջ: Ասում է, որ իրեն ձեռնաշղթաներ են հագցրել և ներկայացնում իր 13-ամյա տղայի՝ Դեյվիդ Դավթյանի այդ առթիվ գրած բանաստեղծությունը.
-Մորս թևերի շղթաների պես
Շղթա կուղարկեմ հայկական դատին,
Թուրքիայի հարեմ դարձած այս երկրի
Պոռնիկ ու կավատ արդարադատին:
Նախկինում Դեյվեդը կրում էր Շվարցման ազգանունը, որը, Ֆեմիդայի խոսքերով, երեխայի հրեա հոր ազգանունն է: Դեյվիդը հեղինակ է համակարգչային տպագրությամբ ստեղծված մի քանի գրքի:
Ֆեմիդան ասում է, որ 30 տարի մատաղ սերնդին կրթել է, սակայն իր տղան 5 տարի է, դպրոց չի հաճախում: Մոր խոսքերով՝ Դեյվիդը դպրոցի բակում այրել է իր բոլոր դասագրքերը:
Ֆեմիդան բացում է քրեակատարողական հիմնարկի «բացերը». «Հարազատներս ինձ «պերեդաչի» են բերել, մինչև 20 դոլարը չեն տվել, մի կտոր հացը ինձ չեն հանձնել, մինչև 100 դոլարը չեն տվել, երեխուս չեմ տեսել: 5 անգամ «գլխիս գործ են սարքել», ամեն դեպքում 3 հազար դոլարով եմ «պրծել»: Գաղութում խոզ են պահում, «հայաթ» մաքրում, դրանք չանելու համար ամիսը 1000 դոլար փող պիտի տաս: Դատս դեպքից մեկ տարի երկու ամիս հետո է եղել, փաստաբանին շատ փող եմ տվել: Երդվում եմ Դեյվիդով, որ 200 հազար դոլար եմ ծախսել, պարտքերի տակ հայտնվել, ստիպված ծախել ենք պապիցս մնացած թանկարժեք գոտին»:
Ֆեմիդան պատմում է, որ գաղութում դատապարտյալ կանայք իրեն խորին հարգանքով են վերաբերել՝ կոչելով «Կովկասի թագուհի», ինքը ստամոքսի ցավեր է ունեցել, ձմռան անանցանելի ճանապարհների պատճառով հարազատները չեն կարողացել Իջևանից գալ, դեղ բերել, իսկ դատապարտյալ կանանցից մեկը կարողացել է գիշերը դեղ ճարել:
Գրաբարի մասնագետ Ֆեմիդան ցանկանում է Հայաստանից դուրս գալ, որպեսզի արտերկրում աշխատություններ հրապարակի Ցեղասպանության և հայոց պատմության այլ իրադարձությունների մասին: Նրա խոսքերով՝ կա նկարահանված տեսանյութ, որում ներկայացվում են պաշտոնատարների կաշառակերության վերաբերյալ փաստեր:
Ֆեմիդան ամենևին էլ երախտապարտ չէ իր նկատմամբ կիրառված համաներման համար: Նրա այդ վերաբերմունքին համամիտ է նաև որդին՝ Դեյվիդը, ով իր «Հայկական դժոխքի 66+66+66+… օրերը» գրքում գրել է.
-Մի կտոր մեզ շպրտեց,
Օ~,թանկագին պետքաթուղթ՝
Համաներում հայագութ…
Համաներվեցի՞նք: Ոչ..
Ես չեմ ներելու…
Դեյվիդը համացանցով նամակ է ուղարկել Սոչիում հանդիպում ունեցած նախագահներ Ս. Սարգսյանին, Դ.Մեդվեդևին ու Ի.Ալիևին և նամակում դժգոհել է իրենց վիճակից:
Ֆեմիդան ասում է, որ ինքը դիմել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար: Նրա խոսքերով՝ ձերբակալելուց հետո սկզբից իրեն ցանկացել են ազգի դավաճան ներկայացնել, հետո հուդամասոն, վերջում էլ կաշառակեր: Կնոջ վկայությամբ՝ ինքը ցանկություն չունի այս երկրում ապրել, նույնիսկ եթե բարձր պաշտոններ տան:
«Հայ մազոխիստ որձերն իմ արյան կարիքն ունեն»,- ասում է իր նկատմամբ վերաբերմունքից վիրավորված Ֆեմիդան: Նա մտադիր է մարտի 8-ի նախաշեմին Ծիծեռնակաբերդում գտնվող Եղեռնի հուշահամալիրում ինքնասպան լինել: Ասում է, որ օտարերկրյա լրագրողները գիտեն իր մտադրության մասին:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել