
Վաղը հարցաքննվելու է Արտակ Նազարյանի տեղակալը
Մարտի 6-ին Իջևանում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, տեղի կունենա 2010թ. հուլիսին «Մեհրաբներ» զորամասի մարտական հենակետերից մեկում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության հերթական նիստը:
Շարունակվելու է գործով կարևորագույն վկաներից հաջորդի՝ Ա. Նազարյանի տեղակալ, կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանի հարցաքննությունը: Մեղադրողների հարցերից հետո վկան կպատասխանի տուժող կողմի հարցերին:
Նախորդ նիստում, որը տեղի ունեցավ փետրվարի 28-ին, դատարանը ավարտեց գործով կարևորագույն վկա շարքային Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Դատարանը չապահովեց վկայի ներկայությունը դատարանում և հրավիրեց նոր վկայի՝ Ա. Հովհաննիսյանին, ով կցկտուր ցուցմունքից հետո կցկտուր պատասխանեց նաև մեղադրողների հարցերին:
«Դատարանը ծանուցագիր է ուղարկել, որ մարտ ամսից շաբաթական 3 նիստ է գումարելու Իջևանում, ինչը հարմար չէ դատավարության ոչ մի մասնակցի, քանի որ բոլորը ապրում և աշխատում են Երևանում կամ մերձակա մարզերում»,- հայտնում է տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:
Մեկնաբանել