HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ստերջացված շների նկատմամբ Գյումրիում ոչ բոլորն են ադեկվատ վերաբերմունք դրսեւորում

Նարնջագույն, թավամազ շնիկի բախտը չէր բերել՝ մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ էր հայտնվում «My vet» անասնաբուժական կլինիկայում: Ստերջացման նպատակով, Շեկոն, առաջին անգամ կլինիկա էր տեղափոխվել փետրվարի 25-ին: Հետվիրահատական՝ նախատեսված երեքօրյա կարանտինից հետո, շանը տեղափոխել էին նախկին տարածք՝ Գարեգին Նժդեհ փողոց` Գյումրի բժշկական կենտրոնի հարեւանությամբ: Ընդամենը մեկ օր անց` փետրվարի 29-ին, շեկլիկ չորքոտանին կրկին հայտնվում է կլինիկայում, այս անգամ վիրահատված հատվածի վնասվածքներով:

«Ահազանգել էր էդ հատվածում գործող սրճարաններից մեկի աշխատակիցը, մերոնք գնացին, բերեցին: Շան որովայնի ներքեւի հատվածում 18 սմ բացվածք կար, ու դա մարդու արած էր, եւ եթե ստերջացման ժամանակ մենք 2 կար էինք դրել, էս անգամ ստիպված եղանք 28 կար դնել: Ցնցված էինք անմարդկային վերաբերմունքից, որին արժանացել էր Շեկոն` կարելի է ասել, մեր ճանաչած ամենամարդամոտ շունը»,- ասում է կլինիկայի բժիշկ-անեսթեզիոլոգ Էդգար Գեւորգյանը:

Շեկոյին տեսնելու համար գնում ենք շների պահման սենյակ: Բոլոր վանդակներում երկուական շուն է տեղավորված՝ վիրահատված, լավացման փուլում գտնվող, եւ ստերջացման՝ իրենց հերթին սպասող: «My vet»-ի տնօրեն, բժիշկ-անասնաբույժ Արմինե Եղիկյանը բացում է վանդակի դուռը, որի դիմաց, կազմ ու պատրաստ կանգնած, պոչն է թափարում Շեկոն: Հայտնվելով ազատության մեջ` շունն անմիջապես փաթաթվում է բժշկուհուն:

«Անչափ մարդամոտ է, անչափ, ես կասեի՝ վախենալու չափ եւ չգիտենք, եթե վերադարձնենք տարածք, նորից ինչ կպատահի իր հետ,- նկատում է Արմինե Եղիկյանը,- ապշած եմ մարդկանց տգիտության ու չարության վրա, ինչպես կարելի է ինչ-որ բան ստուգելու նպատակով վերքը կտրել-բացել: Ու էդքանից հետո էս շունը դեռ չի կորցրել իր մարդասիրությունը, չի չարացել: Շատ ենք ուզում մեկը հայտնվի, որդեգրի Շեկոյին, որովհետեւ չէի ուզենա կրկին փողոցում հայտնվեր: Էս պահին միակ շունն է, որ 21 օր մեզ մոտ է ու ռիսկ չենք անում վերադարձնել իր տարածք, փնտրում ենք մեկին, որ կտանի, կպահի»:

Գյումրու 2020թ.-ի բյուջեում, թափառող կենդանիների վնասազերծումը, ստերիլիզացումը, բուժումն ու մնացած պահանջվող միջոցառումներն իրականացնելու նպատակով, նախատեսվել է 22 մլն 184 հազար դրամ: Համայնքապետարանը 2019թ.-ին 3 անգամ մրցույթ էր հայտարարել, որին ոչ մի կազմակերպություն չի արձագանքել: Այս տարվա հունվարին հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած միակ կազմակերպությունը «My vet»-ն էր, որ հիմնվել եւ գործում է որպես անասնաբուժական կլինիկա 2015թ.-ից: Գյումրու համայնքապետարանը «My vet»-ի հետ հունվարի 27-ին կնքել է պայմանագիր՝ 8 մլն 770 հազար դրամի շրջանակում: Պայմանագրով, առաջին փուլով, նախատեսված է ստերջացնել 350 շուն: Ներկայում, Գյումրիում ստերջացված շների թիվը 170 է:

«Մեր հաշվարկով, եթե նման տեմպերով շարունակվեն աշխատանքները, մինչեւ մայիսի վերջ մեր ստանձնած պարտավորությունը կավարտենք,- ասում է Էդգար Գեւորգյանը,- քաղաքապետարանը կկնքի նոր պայմանագիր, թե ոչ` կախված է մեր ունեցած արդյունքից, որն էս պահին վստահաբար կարող եմ ասել, որ բավարար է»:

Կարճ ժամանակով հայտնվելով կլինիկայում՝ շները հասցնում են սովորել լավորակ կերին, հոգատար վերաբերմունքին, անգամ անուններ ձեռք բերում: Վանդակի անկյունում թիկն տված սեւ-սպիտակ շանը կոչում են՝ Արիստոկրատ: Արմինեն ծիծաղելով պատմում է, որ շանը նմանեցնում են անգլիացի պարոնի՝ շատ քմահաճ է: Արիստոկրատն «արհամարհանքով» է վերաբերվում վանդակում գտնվող հարեւանին ու ցուցադրաբար նստում է մեջքով:

Արիտոկրատի կերակրումը հավելյալ ժամանակ է խլում բժշկուհուց, քանի որ ստիպված է շների համար նախատեսված հատուկ կերը հատիկ-հատիկ հրամցնել քմահաճ «պացիենտին»: Որպեսզի շունը սոված չմնա, բժշկուհին ստիպված առանձին ճաշ է եփում նրա համար: Արիստոկրատի հարեւանն աշխույժ շնիկ է, որ արձագանքում է «թաթդ տուր» հրահանգին, շատ մարդամոտ է եւ ձգտում է ոչ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չմտնել՝ հատկապես Արիստոկրատի: Կլինիկայի աշխատակիցները ենթադրում են, որ ինչ-որ ժամանակ շնիկն ապրել է մարդկանց հետ կամ այնպիսի տեղանքում, որտեղ իրեն սիրել ու կերակրել են:

«Թափառող կենդանիների ստերջացումը նոր կուլտուրա է մեր քաղաքում: Ոչ բոլորն են տեղեկացված, որ ստերջացումից հետո կենդանու ագրեսիան անհետանում է, եթե իհարկե ագրեսիվություն ունեցել է, որձերը դադարում են խմբեր կազմել, կռվել էգերի համար, տարածքների համար, էգերի մոտ վերանում է մայրական բնազդը: Ստերջացումը շներին զրկում է զուգավորվելու հնարավորությունից եւ ցանկությունից,- բացատրում է Արմինե Եղիկյանը,-ստերջացումից հետո դեռ մեկուկես ամիս նախկին բնազդները պահպանվում են, իսկ հետո կենդանիները դառնում են առավել հանգիստ եւ պետք չէ վախենալ, խփել, քարհալած անել, որովհետեւ իրենք վտանգավոր չեն, մարդկանց մոտենալու ցանկությունն էլ այն է, որ ուզում են իրենց սիրեն: Ստերջացումից հետո կորում է նաեւ էդ բնազդական վախը՝ մարդուց զգուշանալը»:

Զրուցակիցս պատմում է, որ 8-րդ թաղամասում բաց թողած ստերջացված շներից մեկի ականջից, վնասելով, պոկել, հանել էին ամրացված տարբերանշանը: Թաղամասում հիմնականում ռուս զինվորականների ընտանիքներ են ապրում: Արմինեն ասում է, որ ռուսները, ի տարբերություն հայերի, շատ ավելի շնասեր են, շատ ավելի հանդուրժող են թափառող շների նկատմամբ, որոնց մշտապես կերակրում են: 

«Շան ականջի տարբերանշանը հանողն ազգությամբ ռուս է եղել, չի պատկերացրել` ինչ է, հայտարարել է, որ հայերը ծաղրում են կենդանիներին: Քանի որ տարբերանշանը էնպես ենք ամրացնում, որ ցանկացած մեկը չկարողանա հանել, տվյալ անձի գործողություններից կենդանու ականջը վնասվել էր: Հետո իհարկե իրեն բացատրել են, որ հայերը չեն ծաղրում շներին, որ սա ստերջացման ծրագիր է,- պատմում է Էդգար Գեւորգյանը,- ցավոք պիտի նշեմ, որ հայ երեխան ավելի դաժան վերաբերմունք ունի կենդանիների նկատմամբ, քան նույն տարիքի ռուս երեխան՝ դաստիարակության հարց է: Չգիտես ինչու, մերոնք հենց փոքրուց իրենց էրեխեքին սովորեցնում են, որ քարը վերցնի խփի կենդանուն, ռուսների մոտ հակառակ պատկերն է»:

Ըստ պայմանագրի, կլինիկան իրականացնում է թափառող շների բռնում, ստերջացում, եթե այլ բան ցուցված չէ (հիվանդություն, կատաղություն, որոնց դեպքում պարզապես պետք է քնեցնեն-հեղ.), հետվիրահատական մեկուսացում՝ պարտադիր 3 օր, բարդությունների դեպքում՝ 4-5 օր: Ունեն համապատասխան կահավորումով մեքենա՝ շներին տեղափոխելու համար, ցանցեր, պատվիրել են եւ սպասում են պնեւմատիկ սարքի ստացմանը:

«Իհարկե ճիշտ կլիներ, եթե կենդանիներին վիրահատելուց հետո կարողանայինք պահել 14 օր, իրականացվեր նաեւ պատվաստում հիվանդությունների դեմ, սակայն մեր պայմանագիրը միայն ստերջացման վերաբերյալ է: Հավելյալ ծառայությունների համար հարկ կլինի եւ հավելյալ տարածք, եւ հավելյալ գումար՝ այդ կետով մենք պայմանագիր չունենք քաղաքապետարանի հետ,- ասում է Արմինե Եղիկյանը,- բայց իրենք մտածում են թափառող կենդանիների ապաստարան ստեղծելու ուղղությամբ, որի համար պիտի փորձեն գումարներ գտնել»:

Մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունն այս պահին խոչընդոտ չէ կլինիկայի աշխատանքների համար: Փետրվարին «My vet»-ը գործողությունները սկսել էր քաղաքի կենտրոնից՝ հաշվի առնելով մարդաշատությունը, զբոսաշրջիկների առկայությունը, հաջորդիվ աշխատել եւ շարունակում են աշխատել ըստ թեժ գծի ահազանգերի: 

«Գյումրիում թափառող կենդանիների նկատմամբ ոչ բոլորն են ադեկվատ վարքագիծ դրսեւորում, անգամ պահանջ են դնում ոչ թե ստերջացնել, այլ շան ատամները քաշել: Մեկը զանգել էր, թե հասեք, մեզ կերավ շունը, տարեք, ատամները քաշեք: Մենք բերեցինք շանը, ես հատուկ, մինչեւ ստերջացումը բաց թողեցի իրեն տարածքում, որ տեսնեմ ինձ ուտելու է, թե ոչ եւ ինչպես տեսնում եք ողջ-առողջ եմ,- ասում է Արմինե Եղիկյանը,- ստերջացված շներն այլեւս քաղաքի սեփականությունն են, եւ համայնքը պետք է տեր կանգնի իր ունեցածին, մարդիկ էլ պետք է հասկանան, որ կենդանու ագրեսիվ վերաբերմունքը շատ հաճախ իրենք են հրահրում»:

Ստերջացված կենդանիներից որդեգրման համար կլինիկայից տարել են երեք շուն: Երկուսն ուղեւորվել են Մայիսյան եւ Մարմաշեն գյուղեր, երրորդը՝ Չարենցի փողոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter