
Պատգամավորն ահազանգում է պետական ծառայողների կամայական կրճատումների վերաբերյալ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ահազանգ է ստացել Ազգային կինոկենտրոնի ու գրադարանների աշխատակիցներից, որ կրճատումները կամայական որոշումներով են լինում:
Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց պատգամավորը:
«Ազգային կինոկենտրոնի, գրադարանների աշխատակիցներից դիմում-բողոքներ եմ ստացել, որ կրճատումներն ու աշխատակիցների ազատումները որևէ տրամաբանական, իրավական ու Կառավարության կողմից ի սկզբանե որդեգրած օպտիմալացման համատեքստում չեն տեղավորվում: Կոլեկտիվ բողոք եմ ստացել հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող գրադարանի 11 աշխատակիցներից, ովքեր դեռ նախորդ տարվա սեպտեմբերին բարձաձայնել էին տնօրենի կողմից աշխատակիցների հանդեպ անհարգալաից վերաբերմունքի, նրանց շանտաժի ենթարկելու հանգամանքի մասին, հենց սրանով էլ պայմանավորված է են նրանց աշխատանքից հեռացնելու հանգամանքը»,- ասաց Կոստանյանը:
Պատգամավորի խոսքով` քաղաքացիները բարձրաձայնում են նման դեպքերի մասին` փորձելով ցույց տալ, որ որոշ պետական մարմիններում ղեկավարները, օրինակ` նախարարության, քաղաքապետարանի, մարզպետարանի հովանավորչությունն են վայելում:
Պատգամավորը կոչ արեց պետական պաշտոնյաներին ուշադիր լինել իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարների գործունեության նկատմամբ, քանի որ պաշտոնեական դիրքի չարաշմամբ խախտվում են մարդկանց իրավունքները:
Կոստանյանի կարծիքով` կառուցվածքային փոխոխություններ` կրճատումներ կատարելուց առաջ պետք է ձևավորել մասնագիտական հանձնաժողովներ, որոնք իրավասու կլինեն համապատասխան չափանիշներ կազմել և հնարավորինս օբյեկտիվ գնահատման արդյունքում օպտիմալացումներ անել:
Աննա Կոստանյանի ելույթից հետո արաձագանքեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` կոչ անելով տեղեկացնել նման դեպքերի մասին:
«Եթե կան մարդիկ, որոնք դեռ մտածում են` անձեռնմխելի են կամ մեջք ունեն, չեն հասկացել Հայաստանում ինչ է տեղի ունեցել, մենք շատ արագ կհասկացնենք դա իրենց»,-ասաց Սիմոնյանը:
Մեկնաբանել