HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Ինչպես զրուցել տարեցների հետ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին

Վերջին օրերին համացանցում շատ ենք հանդիպում լուսանկարների, որտեղ տարեց մարդիկ՝ չնայած մեկուսանալու կոչերին, բակերում հավաքված զրուցում են և նարդի կամ շախմատ խաղում։

COVID-19-ի տարածումը կանխարգելելիս մեծ ուշադրություն է դարձվում տարեցներին, քանի որ վերջիններս խրոնիկ հիվանդություններ ունեցողների հետ միասին գտնվում են բարձր ռիսկային խմբում։

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Ծերացման, առողջության և հումանիտար գիտությունների կենտրոնի տնօրեն Մելիսա Բեչելորը պարզաբանում է, որ տարիքի՝ ռիսկային գործոն լինելու պատճառն այն է, որ տարիների ընթացքում մարդու իմունային համակարգը փոփոխվում է։ «Որքան ծերանում եք, այնքան ձեր մարմինի՝ իմունային պատասխան տալու ունակությունը նվազում է։ Եվ որքան մեծանում եք, այնքան շատ առողջական խնդիրներ եք ունենում, ինչն ավելի է մեծացնում ռիսկը»։

Փորձագետները խորհուրդ են տալիս, թե ինչպես է պետք հաղորդակցվել համառ տարեց մարդկանց հետ կորոնավիրուսի տարածման պայմաններում։

Գտեք այնպիսի մարդկանց, որոնց ասածին նրանք վստահում են

Հնարավոր է՝ ծնողները լուրջ չընդունեն ձեր անհանգստությունը։ Պատճառը շատ պարզ է՝ դուք պարզապես իրենց երեխան եք։ Այդպիսի խոսակցությունները կարող են լարված լինել, քանի որ ձեր ծնողների կարծիքով իրենք դեռ ունակ են ինքնուրույն հոգ տանել իրենց մասին։

Բայց նրանց վրա կարող են ավելի շատ ազդեցություն ունենալ ընկերները, ծանոթները, նույնիսկ սիրելի լրատվամիջոցները։ Հանրային առողջության վերաբերյալ ուղերձներ փոխանցելիս շատ կարևոր նշանակություն ունեն փոխանցողների վստահելիությունը։ Պարզեք, թե որտեղից են ձեր ծնողները տեղեկատվություն ստանում և ում են համարում «վստահելի անձ»։

Եթե նրանք չեն հետևում Առողջապահության նախարարության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքերին, առաջարկեք միասին ծանոթանալ նորություններին, որպեսզի կարողանաք վստահելի, ճշգրիտ և թարմ տեղեկություններ հաղորդել։ Սա կարող է օգնել ուղղել այն ապատեղեկատվությունը, որն ազդում է ձեր ծնողների վրա իրավիճակը սխալ ընկալել։

Հարցեր տվեք

Որպեսզի կարողանաք գնահատել, թե ձեր ծնողներն ինչպես են վերաբերվում համավարակին, պետք է սկսեք հարցեր տալ և ոչ թե փաստեր ներկայացնեք։ Օրինակ՝ «Ի՞նչ եք լսել կորոնավիրուսի մասին» կամ «Պատրաստվե՞լ եք վարակին դիմակայելուն»։ Եթե զգաք, որ նրանք չեն ընկալում իրավիճակի լրջությունը, կարող եք ասել․ «Իսկ գիտե՞ք ինչի համար եմ այսքան անհանգստանում»։ Իսկապես կարևոր է, որ ծնողներին թույլ տաք իրենք ձեզ զրույցի մեջ ներգրավեն։

Միգուցե ինքնե՞րդ պատմեք, թե ինչ եք արել համավարակին պատրաստվելու համար՝ ներառյալ անհրաժեշտ գնումները, ծրագրերի հետաձգումը, մեկուսանալը և այլն։ Սա հնարավորություն կտա արտահայտել ձեր անհանգստությունը նրանց համար՝ առանց վերջիններիս ստիպելու որևէ բան անել։

Խոսակցության տոնայնությունը կարևոր է

Չնայած հրատապությանը՝ կարևոր է խուսափել ընտանիքի անդամների վրա ճնշում գործադրել կամ ինչ-որ բան հարկադրել։ Սա շատերին կարող է զայրացնել․ ձեզ ճիշտ չեն հասկանա և ավելի հաստատակամորեն կսկսեն պնդել իրենց կարծիքը։

ԱՄՆ հոգեբանական ասոցիացիայի Տարերային աղետների հոգեբանական չափումների գծով կոմիտեի նախագահ Ջոշուա Մորգանշտեյնը խորհուրդ է տալիս, որ «Եթե ձեր ընտանիքի անդամները տեղից չշարժվեն նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց հետ կիսեք ձեր անհանգստությունները, պետք է ուղղակի հարգեք նրանց կարծիքը, որպեսզի խուսափեք հարաբերությունները փչացնելուց, ինչպես նաև տեղ թողնեք հետագայում թեման կրկին բացելու համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter