
Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունն աճել է 8.7%-ով
Այս տարվա հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում, նախորդ տարվա՝ 2019 թվականի նույն ամիսների համեմատ, աճել է 8.7 %-ով։
Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալներից, առավել բարձր աճ է գրանցվել արդյունաբերության և ծառայությունների ոլորտում։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին կազմել է մոտ 299.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 15.3 %-ով։
Ծառայությունների ծավալը կազմել է 305.3 մլրդ դրամ՝ աճելով 11.2 %-ով։
Ներքին առևտրաշրջանառությունը 435.6 մլրդ դրամ է, աճը՝ 6.3%:
5.8%-ով աճել են շինարարության ծավալները՝ հասնելով մոտ 27 մլրդ դրամի։
Գյուղատնտեսության տվյալները չեն հարապարկվել, քանի որ դրանք Վիճկոմիտեն ներկայացնում է եռամսյակը մեկ անգամ։
Արտահանումն աճել է, ներմուծումը՝ կրճատվել
2020 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի ապրանքաշրջանառությունն աշխարհի հետ կազմել է 1 մլրդ 36 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 2.4%-ով։
Մասնավորապես, արտահանումը կազմել է 366 մլն դոլար՝ աճելով 8.8%-ով, իսկ ներմուծումը կազմել է 670.4 մլն դոլար՝ կրճատվելով 0.8%-ով։
Մեկնաբանել