HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ

Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր իրանցի գործընկերոջը Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: 

Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը` նախարար Մնացականյանը կարևորեց համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, հատկապես հարևան պետությունների միջև գործողությունների համակարգումը: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի և Իրանի տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը և համավարակի դեմ պայքարում փորձի շարունակական փոխանակումը: 

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter