
21-օրյա բացարձակ կարանտին Հնդկաստանում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով մարտի 24-ին հայտարարել է ամբողջ երկրում «բացարձակ կարանտինի» մասին։ Այն վերաբերում է երկրի ամբողջ բնակչությանը, որը կազմում է 1.3 միլիարդ մարդ։ Այս մասին հաղորդում է The Times of India-ն:
Բնակության վայրը լքելու մասին արգելքը հայտարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց ընդամենը 4 ժամ առաջ։ Մոդին դիմել է ժողովրդին և հայտնել, որ կարանտինը սկսվելու է կեսգիշերին և տևելու է 3 շաբաթ։ Այդ ընթացքում բնակիչներն իրավունք չունեն տնից դուրս գալ ցանկացած պատճառով։ Մոդիի կարծիքով դա վիրուսի տարածումը կանգնեցնելու միակ տարբերակն է։
Վարչապետը քաղաքացիներին խնդրել է նաև՝
- լուրեր չտարածել,
- խուճապահար գնումներ չկատարել,
- հոգ տանել իրենց և ընտանիքի անդամների մասին,
- առանց բժիշկների հետ խորհրդակցելու դեղամիջոցներ չօգտագործել,
- չտրվել սնահավատություններին,
- աղոթել հանրային ծառայողների՝ ոստիկանների, բուժաշխատողների և այլոց համար։
Հնդկաստանի վարչապետը հայտարարել է նաև հիմնադրամի ստեղծման մասին, որի 2 միլիարդ դոլար գումարներն ուղղվելու են բժշկական ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելուն։
Մեկնաբանել